RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԱՔԵՐՆԵ՞ՐՆ ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ

Վ. Ա.

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ երկրի հանդեպ «տեղի է ունենում նոր «վիկիլիքս», իսկ այդ մոգական բառը ենթադրում է կոմպրոմատային նյութերի հրապարակայնացում»: Բանն այն է, որ, ինչպես haqqin.az-ն է տեղեկագրում, Anonymous միջազգային հաքերական կազմակերպությունը «կոտրել է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության կայքը, որի հետեւանքով 80 ներքին եւ կառավարական գաղտնիք պարունակող փաստաթղթեր դարձել են ամբողջ աշխարհի սեփականությունը»:

Ըստ լրատվամիջոցի, սա առաջին դեպքը չէ: Ավելի վաղ հիշյալ հաքերական կազմակերպությունը կոտրել էր Գերմանիայի առեւտրային պալատի Բաքվի գրասենյակի կայքը եւ տիրացել «Bahar Energy» ընկերության փաստաթղթերին: Այդ ընկերությունը պատկանում է Ադրբեջանի տրանպորտի նախարար Զիա Մամեդովի գործընկեր Հաֆիզ Մամեդովին:

Այս կերպ, որքան կարելի է հասկանալ, ակնարկվում է, որ հաքերների հետաքրքրության առարկա են հիմնականում ադրբեջանցի պաշտոնյաները: «Ազերէներժի» ԲԲԸ կայքից ստացված փաստաթղթերն արդեն իսկ տեղադրվել են համացանցում: Հաքերները հայտարարել են, որ դրանց շարքում կան այնպիսիք, որ «Էթիբար Փիրվերդիեւի ապօրինի եւ կառոպցիոն գործունեությունն են հաստատում»: Փիրվերդիեւը Իլհամ Ալիեւի կառավարության անդամ է, հայտնի է իշխող ընտանիքի հետ սերտ կապերով:

Հաքերական Anonymous կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ իրենք «դժգոհ են Ադրբեջանի կառավարության գործունեությունից, եւ դա միայն սկիզբն է»: Այս հանգամանքը հաշվի առնելովՙ «Թուրան» գործակալության անանուն փորձագետը կարծիք է հայտնել, թե «հնարավոր է, ոչ մի հաքերական կազմակերպություն էլ գոյություն չունի, այդ անվան տակ թաքնվում է արեւմտյան երկրներից մեկի հատուկ ծառայությունների այսպես ասած ուղեղային կենտրոնը»:

Որոշ, դարձյալ անանուն փորձագետներ էլ haqqin.az-ին մեկնաբանել են, թե «չի բացառված, որ «Ազերէներժի» ԲԲԸ աշխատակիցներից մեկի համակարգչից այդ փաստաթղթերը պարզապես օտարերկրյա հետախուզության միջոցով են դրվել միջազգային շրջանառության»: Մինչեւ վերջերս ադրբեջանական աղբյուրները խոսում էին Իրանի հատուկ ծառայությունների կողմից Բաքվում «լրտեսական հզոր ցանց ստեղծելու» մասին: Այս դեպքում, ինչպես հասկացվում է, Ադրբեջանի դեմ տնտեսական եւ քաղաքական լրտեսության մեջ մեղադրվում է «արեւմտյան որեւէ երկիր»:

Առանց երկմտանքի կարելի է ասել, որ եթե համացանցում հայտնվում են Իլհամ Ալիեւի կառավարության առանցքային անդամների կողմից «կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու եւ ապօրինի տնտեսական գործունեություն իրականացնելու» մասին փաստաթղթեր, որոնք ուղեկցվում են «դա միայն սկիզբն է» սպառնալիքով ու եթե դա արվում է «արեւմտյան որեւէ երկրի հետախուզության ուղեղային կենտրոնից», ապա ենթատեքստը հստակ քաղաքական է, այդ ամենի միակ հասցեատերն Իլհամ Ալիեւն է:

Ադրբեջանում տիրող կոռուպցիայի եւ պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեության մասին վկայող փաստաթղթերի հրապարակայնացման համար ընտրված է ճիշտ ժամանակ. Իլհամ Ալիեւը զբաղված է նախընտրական քարոզչությամբ, որի հիմնական շեշտադրումը «վերջին տասնամյակում Ադրբեջանի տնտեսական թռիչքն» է: Երբեմն էլ նա հասարակությանը ներշնչում է, որ «անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի, կաշառակերության եւ հովանավորչության դեմ»:

Ինչպիսին է Ադրբեջանի «տնտեսական թռիչքը»ՙ կարելի է դատել Բաքվի Մաշտաղա ավանում Իլհամ Ալիեւին ընտրողների ներկայացրած թախանձագին խնդրանքից` «լուծել կոյուղի ունենալու» հարցը: Իսկ թե ինչպես է նա «պայքարում» կոռուպցիայի դեմ` վկայում են համացանցում տարածված նյութերը, որոնք միանգամից երկու նախարարի են մերկացնում` Զիա Մամեդովին եւ Էթիբար Փիրվերդիեւին: Իսկ մյուսները, երեւի, սրտի «ծակոցով» սպասում են իրենց հերթին:

Իրոք, չափազանց հետաքրքրական է` Իլհամ Ալիեւի դեմ անանուն հաքերնե՞րն են պայքարում, թե՞ «արեւմտյան որեւէ երկրի հատուկ ծառայության ուղեղային կենտրոնը»: Չափազանց ուշագրավ է, որ «Ազերէներժի» ԲԲԸ կայքից ստացված փաստաթղթերի հրապարակայնացմանը զուգահեռ Բաքվում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ իր երկիրն «Ադրբեջանի նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկին չի սատարում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ