RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿՄՏԱՆՔԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հատկապես հիասթափվել է «Պստիկ Էնվեր» մականունին արժանացած Ահմեդ Դավութօղլուն

«Ազգ»-ի նախավերջին համարում «Ձախողվել է Սիրիային հարվածելու Արեւմուտքի ծրագիրը» վերնագրով հոդվածում նշել էինք, որ նախագահ Օբաման այս հարցը ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանըՙ ձերբազատվելու համար Սիրիայի դեմ ռազմական գործողությունների դիմելու պարտավորությունից: Ըստ երեւույթին, նրա հաշվարկները չեն արդարանում, որովհետեւ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահները հավաստիացրել են նրան, որ սեպտեմբերի 9-ին Կոնգրեսը կողմ կքվեարկի: Ավելին, Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Սիրիային հարվածելու բանաձեւը, որը ռազմական գործողությունների իրականացման համար երկու ամիս է նախատեսում, միաժամանակ տալիս է անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը մեկ ամսով երկարաձգելու հնարավորություն:

Թերեւս ամերիկյան ժողովրդի մեծամասնությունն է դեմ ռազմական գործողություններին: Կոնգրեսի անդամները, սակայն, հազիվ թե հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ: Հետեւաբար, բանաձեւի հաստատման դեպքում բավականին տհաճ իրավիճակում է հայտնվելու «սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելու համար նախագահ Բաշար Ասադին պատժելու» վճռականությամբ հանդես եկած նախագահ Օբաման:

Իրաքից հետո նաեւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման պայմաններում Սիրիայի դեմ նոր պատերազմ սանձազերծելը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ անըմբռնելի է ինչպես ամերիկյան ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար: Պատերազմին, սակայն, հակադրվում են նաեւ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Պենտագոնի ղեկավար կազմի անդամները, իսկ ամերիկյան զինծառայողները սոցցանցի միջոցով հայտարարություն են տարածում, թե չեն պատրաստվում հանուն «Ալ Ղաիդայի» կռվել Սիրիայում:

Մեծ Բրիտանիան, որ ԱՄՆ-ի մեծ դաշնակիցն է, հրաժարվեց մասնակցել պատերազմական գործողություններին: Եվրոմիության երկրները դեմ են դրանց: Թերեւս Ֆրանսիան է շարունակում հոխորտալ Սիրիայի վրա, սակայն նա էլ պատերազմական գործողություններին իր մասնակցությունը պայմանավորում է ԱՄՆ-ի առաջնորդությամբ:

Այլ կերպ, Սիրիայի պարագայում չի գործում նաեւ լիբիական տարբերակը: Այսինքնՙ Վաշինգտոնը չի կարող այնպես գործել, ինչպես գործեց Մուամմար Քադաֆիին տապալելու ժամանակ, երբ նա անգլո-ֆրանսիական ուժերին հետնաբեմից ղեկավարում էր: Հետեւաբար, Ասադի վարչակարգին տապալելու համար Վաշինգտոնը պետք է դիմի ցամաքային գործողություններին: Քանի որ դրա անհրաժեշտ նախապայմանը Սիրիա զորք մտցնելն է, իսկ Վաշինգտոնը խուսափում է դրանից, ուստի հայտարարում է, թե նպատակը Ասադի վարչակարգի տապալումը չէ, այլ քիմիական զենք օգտագործելու համար վերջինին պատժելը: Դրա համար առաջ է քաշում օդային հարվածների տարբերակը եւ հակասում ինքն իրեն:

Ակնհայտ է, որ օդային հարվածների դեպքում պետք է ռմբակոծվեն Սիրիայի ռազմական օբյեկտները, ռազմավարական նշանակության կառույցները, վարչական շենքերը, ընդ որումՙ 2-3 ամիս տեւողությամբ, ինչպես նախատեսում է Սենատի կոմիտեի բանաձեւը: Ռմբակոծության ընթացքում հավանաբար կսպանվեն ոչ թե 1400 մարդ, ինչպես Ասադի վարչակարգն է իբր քիմիական զենքով սպանել, այլ տասնյակհազարավոր զինծառայողներ, վարչական աշխատողներ եւ ռազմական օբյեկտներն սպասարկող քաղաքացիական անձինք, ներառյալ խաղաղ բնակիչները, որոնք էլ հենց կպատժվեն:

Այլ կերպՙ Ասադի վարչակարգին պատժելու Վաշինգտոնի մոտեցումը անտրամաբանական է: Նույնը պետք է ասել նաեւ օդային հարվածների միջոցով ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին պաշտպանելու Վաշինգտոնի մոտեցման մասին: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ ռուսական ռազմաբազայի առկայությունը Տարտուսում սահմանափակում է Սիրիայի ուղղակի Միջերկրական ծովից հարվածելու ԱՄՆ-ի հնարավորությունը: Հետեւաբար, նա պետք է օգտագործի Լիբանանի, Հորդանանի եւ Թուրքիայի օդային տարածքըՙ խնայելով իհարկե Իսրայելին: Օգտագործման դեպքում այս երկրները Սիրիայի համար կդառնան հակահարվածի թիրախ: Դաշնակիցներին թիրախ դարձնելը չի կարող որեւէ առնչություն ունենալ պաշտպանելու հետ: Դա ընդամենը նախադրյալներ կստեղծի, որ Սիրիայում բոցավառվող հրդեհը տարածվի հարեւան երկրներում, հետեւաբարՙ տարածաշրջանում:

Սա նշանակում է, որ օդային հարվածով ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին Սիրիայի հակահարվածից պաշտպանելու ԱՄՆ-ի մոտեցումը ավելի քան անտրամաբանական է: Հատկանշական է, որ ռազմական գործողությունները օդային հարվածներով սահմանափակելն էլ հակասում է քիմիական զենք օգտագործելու պատրվակով Սիրիայում ցամաքային գործողությունների դիմելու եւ Ասադի վարչակարգը տապալելու Անկարայի տրամաբանությանը, որքան էլ իրանական մամուլի տվյալներով այդ զենքը «Ան Նուսրան» ստացած լինի հենց Թուրքիայից:

Սա հասկանալի է, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե առաջ է քաշել զինուժի օգնությամբ Ասադի վարչակարգի տապալման տարբերակը, որպեսզի մասնակից լինելով նոր իշխանությունների ձեւավորմանը, դիրքեր ամրապնդի Սիրիայում, որտեղից էլ տարածաշրջանային գերտերության հավակնություններով իր ազդեցությունը տարածի Մերձավոր Արեւելքի երկրներում: Ահա թե ինչու շարունակում է պատերազմի շեփոր հնչեցնել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը, ինչպես «odatv.com» կայքէջում նշում է Հուսեյին Վոդինալին, արժանացել է «Պստիկ Էնվեր» մականունին: Թեեւ թուրք հեղինակը չի մանրամասնում, բայց ավելացնենք, որ Դավութօղլուն «նոր օսմանիզմի» գաղափարախոսներից է, անընդհատ օսմանյան աշխարհագրությունից է խոսում, ուստի անհիմն չէ նրան «Պստիկ Էնվեր» անվանելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ