RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Վերլուծական

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1212, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Աշնանային քաղաքական սեզոնը սկսվեց մեծ նորությամբ: Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ ապագա Եվրասիական տնտեսական միությանը եւ խստորեն հետեւելու նրա ռեգլամենտներին: Այս նորությունը մեկ երեկոյի ընթացքում ռումբի պես պայթեց ամառային շոգից ընդարմացած հայաստանյան հասարակության մեջ եւ միանգամից վերջ դրեց այն տարակուսանքին, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում իր ինտեգրման հեռանկարը:

Հետաքրքրական է, որ Արեւմուտքի մամուլը երբեք այնքան շատ եւ հանգամանորեն չի քննարկել նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի մեծ Եվրոպա ունենալու տեսլականը, որքան վերջին օրերի ընթացքում: Դա տեղի է ունենում G20 գագաթաժողովի նախօրեին, որտեղ սպասվում է, որ Ռուսաստանը հանդես կգա Եվրոպայի հետ ազատ առեւտրի շուկա ձեւավորելու մի նոր առաջարկությամբ: Թե ինչ տեսք կընդունի այդ առաջարկությունը եւ ինչ զարգացումներ կարելի է ակնկալել, առայժմ միայն վերլուծությունների եւ կանխատեսումների առարկա է: Փաստ է, որ ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության բարձր մակարդակով երաշխիք ստանալուց հետո Ռուսաստանն իր տեղեկատվական-քարոզչական մեքենայի սլաքն ուղղել է Ուկրաինայի կողմը, որի Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարը սկսում է ռազմավարական նշանակություն ստանալ:

Այս վերլուծականը գրելու նպատակը պարզելն է, թե ինչպես է դիրքավորվելու Հայաստանը Մաքսային միության գծով իր դաշնակիցների եւ մինչ այս պահը գործընկեր համարվող Եվրոպական միության հետ: Չէ՞ որ այս դիրքավորումից, մեր պետության միջազգային դերակատարությունից կախված է լինելու Հարավային Կովկասի քաղաքական եւ տնտեսական անվտանգության հեռանկարը: Առանց չափազանցելու այս հարցերն իրականում անվտանգային նշանակության հարցեր են, որովհետեւ սիրիական ճգնաժամի պատճառով մեր հարավային սահմաններից ոչ հեռու կրկին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում:

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը որպես հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի տրամաբանական շարունակություն

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին մեր երկրի ընդունած որոշումը խոշոր հաշվով պետք է որ հասկանալի եւ համոզիչ լինի Հայաստանի բոլոր գործընկերների համար: Քաղաքական գործընթացները մի փոքր առաջ անցան զուտ տնտեսագիտական ակադեմիական եւ հասարակական քննարկումներից, չնայած արդեն պարզ է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը միայն դրական հետեւանքներ է խոստանում: Ինչպես արդեն գրել ենք, տնտեսագիտական հաշվարկները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերի վերջին, եւ բոլորը, այդ թվում եւ հոռետեսները, հնարավորություն կունենան մանրամասնորեն ծանոթանալու տնտեսագիտական կանխատեսումներին: Այսօր հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ, եւ Հայաստանը պետք է լոկ բացատրի եւ մեկնաբանի իր դիրքորոշումները բոլոր նրանց, ովքեր «անակնկալի» են եկել նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից:

Եվրոպայում սկսել են քննարկել նախագահ Վլադիմիր Պուտինիՙ Մեծ Եվրոպա ձեւավորելու տեսլականը, որը երբեւէ տարածվելու է Դուբլինից եւ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: G20 գագաթաժողովից առաջ Հայաստանի անդամակցության մասին տեղեկությունը եւ մեկ օր անց Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ռուսական Առաջին ալիքին եւ ամերիկյան «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը, Ուկրաինայիՙ դեպի Եվրասիական միություն ուղորդելու վերաբերյալ ստիպում է Արեւմուտքի քաղաքական ու հասարակական շրջանակներին նոր, ավելի թարմ ու ավելի իրատեսական դիրքերից քննարկել Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցը:

Նոր քաղաքական իրողություններն աշխարհում նոր որոշումների եւ աշխարհը գլոբալ ցնցումներից հեռու պահելուն ուղղված քաղաքական քայլերի անհրաժեշտություն են առաջ բերում: Քսան տարի առաջ, երբ հետխորհրդային պետությունները փորձում էին կառուցել իրենց նոր տնտեսական եւ քաղաքական համակարգերը, ստեղծվեց մի վիճակ, երբ նույնիսկ հսկա Ռուսաստանը չէր դիտարկվում որեւէ այլ կերպ, քան իբրեւ տնտեսապես հզոր Արեւմուտքի հումքային կցորդ եւ ապրանքների սպառման շուկա: Ռուսաստանի Դաշնության աճող միջազգային դերը նկատելի դարձավ միայն վերջին տարիներին, երբ պաշտոնական Մոսկվան սկսեց բացեիբաց հայտարարել բազմաբեւեռ աշխարհի ինքնուրույն բեւեռ լինելու լուրջ հավակնության մասին: Մաքսային միությանՙ որպես Ռուսաստանի գլխավորությամբ տնտեսական միջազգային (նույնիսկ վերազգային) կազմակերպության եւ ինքնուրույն շուկայի մասին քննարկումները Եվրոպայում եւ Ամերիկայում նոր-նոր են սկսվում, եւ դա հնարավոր է դառնում միայն այն պարագայում, երբ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցները, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը, հայտարարում են նախագահ Պուտինին իր տեսլականի իրականացման գործում գործնական աջակցության եւ համատեղ հանդես գալու պատրաստակամության մասին:

Եկեք լինենք մինչեւ վերջ անկեղծ: Որ Հայաստանը Ռուսաստանի սերտ ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ արժանապատվորեն ու պարտաճանաչորեն անցած բոլոր տարիներին կատարել է իր գործընկերային եւ դաշնակցային պարտավորությունները, աշխարհում քաջ հայտնի է բոլորին: Եթե վերջին ամիսների քաղաքական ինտրիգը փորձենք վերլուծել հետադարձ հայացքով, ապա պետք է ընդունենք, որ հարցը ներկայանում էր այլ կերպ: Կհաջողվի՞ արդյոք Հայաստանն ընդգրկել այն աշխարհաքաղաքական ճեղքվածքում, որը բաժանում է Եվրոպական միությունը Եվրասիական միությունից եւ կոչվում է Եվրոպայի նոր հարեւանություն: Այնհայտ է, որ այս հարցը մերՙ Մաքսային միություն մտնելով ամբողջությամբ չի փակվում: Այն մղելու է Եվրոպական միությանը հարաբերությունների նոր ձեւաչափեր փնտրելու թե իր նոր հարեւանների հետ, որոնք կողմնորոշվել են դեպի Եվրասիական միություն, եւ թե բուն Ռուսաստանի հետ, որը ցանկանում է ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստել Եվրոպական միության հետ: Մենք պետք է հասկանանք, որ մինչեւ ԱՄՆ-ի, Եվրոպական միության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ չկարգավորվեն գլոբալ երկխոսությունն ու փոխգործակցությունը, միջազգային ասպարեզի փոքր խաղացողները մշտական լարվածության եւ դիսկոմֆորտի զգացումներ են ունենալու: Հայաստանն ապացուցեց, որ հավատարիմ է իր դաշնակցային պարտքին եւ ի վիճակի է ապացուցելու եվրոպական գործընկերներին, որ կարող է կառուցողական եւս մեկ հարթակ դառնալ Եվրոպա-Ռուսաստան համագործակցության համար: Մեր բնական վիճակը իրականում դա է հուշում: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Ղազախստանում միասին վերցրած ապրում է ճիշտ այնքան հայ, որքան Հայաստանի Հանրապետությունում: Եվրոպական միությունում հայերի այսօրվա թիվը գնահատվում է մոտավորապես 900 հազար, սակայն այդ սփյուռքի տնտեսական պոտենցիալը առայժմ շատ թույլ է, իսկ հասարակական, այդ թվումՙ քաղաքական ինքնակազմակերպվածության դրսեւորումները առայժմ զգալի են միայն այսպես կոչված հին համայնքներում, որպիսիք են Ֆրանսիան, Հունաստանը, մասամբՙ Բուլղարիան: Այսուհանդերձ այս սփյուռքը ի վիճակի է խաղալու դրական դեր Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացնելու համար: Այդ մասին գիտեն նաեւ Եվրոպայում, եւ անկախ այն զգացական մոտեցումից, որը կարող է առաջանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի արած հայտարարությունից, հաղթելու է համագործակցելու եւ երկխոսելու միանգամայն բանական ձգտումը:

Տարածաշրջանային ինտեգրումը որպես նախաշեմ գլոբալ ինտեգրման գործընթացների

Ամերիկյան քաղաքագետներից մեկը գրել է, որ Ռուսաստանը պատմական առաքելություն ունի գլոբալիզացիան փրկելու գործում: Ռուսաստանը կարող է ստեղծել տարանցիկ հարաբերություններ Արեւմուտքի եւ հզորացող Չինաստանի միջեւ: Բացի դրանիցՙ Ռուսաստանը կարող է ձեռնտու ընդհանուր շուկա լինել իր բոլոր դաշնակիցների համար, ովքեր հույս ունեն ավելի մատչելի գներով գազ եւ նավթ ստանալ Ռուսաստանից եւ այնտեղ իրացնել իրենց ապրանքները:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բառացիորեն երկու օր առաջ հայտարարեց, որ Վրաստանը չի պատրաստվում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, որովհետեւ դեռ չի տեսնում այնտեղ իր օգուտները: Բայց այդ հարցազրույցից ընդհանուր տպավորությունն այն էր, որ Վրաստանի նոր ղեկավարը չի բացառում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի սերտ մասնակցելու հնարավորությունը: Նա ասել է, որ հետեւում է եվրասիական ինտեգրացիայի ծավալմանը, եւ եթե որեւէ փոփոխություն լինի, ապա կարտահայտի այլ որոշում: Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին Վրաստանում խոսում եւ մտածում են շատերը: Նորից ստիպված ենք կրկնել. գլոբալ ինտեգրացիոն գործընթացների մեջ մասնակցելու առաջին ամենապարզ դրսեւորումը կարող էր լինել հայ-վրացական ինտեգրացիան, այսպես կոչված հայ-վրացական ընդհանուր շուկան ընդհանուր հարկային եւ մաքսային օրենքներով: Մի շուկա, որն ամբողջովին համահունչ կլիներ ապագա Եվրասիական տնտեսական միության ռեգլամենտներին, իսկ ավելի խոշոր հաշվովՙ Եվրոպական միության ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերի պահանջներին: Ահա այսպես փոքր ինտեգրացիաից կարելի էր շարժվել դեպի ավելի մեծ մասշտաբների ինտեգրացիա:

Հայաստանի Հանրապետության նախագահը նաեւ հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի ազդում Եվրոպայի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ցանկության վրա: Սա ճշմարտություն է եւ Հայաստանի հասարակական կարծիքի համար միանգամայն ընդունելի դիրքորոշում: Այդ դիրքորոշումը պետք է ընկալվի Եվրոպական միության կողմից եւս: Վերջին հաշվովՙ Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը կարող են պահպանվել միայն այն դեպքում, երբ մենք ունենանք զարգացող տնտեսություն եւ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ կարողանանք խաղալ կառուցողական դեր: Իմ ղազախ գործընկերներից մեկը, հայտնի տնտեսագետ Բերենտաեւը, մի առիթով շատ դիպուկ ասել է, որ մեր օրերում փոքր պետությունները կարող են պահպանել իրենց ինքնիշխանությունը միմիայն մեծ շուկաներում ինտեգրվելու դեպքում: Մենք ընտրել ենք այն շուկան, որտեղ Հայաստանը գտնվել է վերջին 200 տարին եւ որի տնտեսական օգուտները տեսանելի հեռանկարում միանգամայն շոշափելի են լինելու: Ինչ վերաբերում է մեր քաղաքակրթական կողմնորոշմանը, ապա մենք ուզում ենք ապրել այնպիսի մեծ Եվրոպայում, որտեղ հատվում եւ հաշտվում են Ռուսաստանից, Եվրոպական միությունից եւ ԱՄՆ-ից մեզ հասնող իմպուլսների վեկտորները: Մեր այս վիճակում մեր դիրքորոշումներն ու տեսակետները ավելի ազնիվ են հնչելու, եւ մենք խոսելու ենք ավելի համարձակ ու ընդունելի, քան այն դեպքում, երբ մենք ուղղակի բուֆեր լինեինք երկու մեծ քաղաքակրթությունների միջեւ: Նորից ուզում եմ համոզված ասել, որ Հայաստանը պետք է դառնա մի հարթակ, որտեղ քննարկվեն թե քաղաքակրթական-աշխարհայացքային մակարդակի, թե կոնկրետ քաղաքական-տնտեսական մակարդակի հարցեր ռուսների ու նրանց դաշնակիցներիՙ մի կողմից, եւ եվրոպացիներիՙ մյուս կողմից, միջեւ:

Մաքսային միությանը մեր անդամակցության որոշումը գալիս է լրացնելու ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական դաշինքին եւ սկսում է դառնալ անվտանգային մակարդակի փաստարկ մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ: Եթե Վրաստանում (ինչ որ այժմ քննարկվում է) սկսեն գերիշխել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու տրամադրությունները, ապա մտածելու հերթը լինելու է Ադրբեջանինը: Նորից պետք է կրկնենք, որ երբ ասում ենք Հայաստան, մեր մտքում եւ լեզվին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էՙ անվտանգության իր երաշխիքներով: Թվում է, թե դա հասկանալի է նաեւ բոլոր նրանց համար, ում հետ ինտեգրվելու տրամադրություններ ու մտադրություններ ունի մեր երկիրը: Պարզից էլ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության հաշվին որեւէ որոշում չի ընդունվելու եւ որեւէ նման որոշում որեւէ մեկը չի էլ ակնկալելու: Այս իրողության վրա էլ կառուցվելու են բանակցությունները ավելի մեծ ընդհանուր շուկաներին մաս կազմելու համար: Սա էլ բոլոր մակարդակներում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի Հանրապետության կառուցողական մասնակցության շատ պարզ ու հասկանալի բանաձեւն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ