RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1149, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 27

«ԼՍԵԼՈՒ ԵՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ» ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Օբաման Հայաստանին ու Ադրբեջանին ուղղակի երկխոսության կոչ է արել

Հայաստանի համար բավականին հետաքրքրական, նույնիսկ բարդ մի իրավիճակումՙ տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Լսելու եւ սովորելու» համար Բաքվից հետո Երեւան ժամանած դիվանագետը մինչեւ երեկվա ասուլիսը հասցրել էր հանդիպել ինչպես Հայաստանի նախագահի, այնպես էլ արտգործնախարարի հետ` քննարկելու բանակցային գործընթացը, անվտանգության հարցերն էլ` պաշտպանության նախարարության ղեկավարի հետ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին ընդունել էր Ջեյմս Ուորլիքին: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ նախագահը շնորհավորել էր դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել կարեւորագույն առաքելության իրականացման գործում (հետաքրքրական ձեւակերպում այն դեպքում, երբ ակնհայտ է, թե ումից եւ որքանով է կախված դեսպանի առաքելության հնարավոր հաջողությունը-Վ.Պ.):

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներիՙ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին եւ բանակցությունների հեռանկարին:

Ջեյմս Ուորլիքը նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որի մի օրինակն էլ մինչեւ Երեւանում հայտնվելը հանձնել էր Ադրբեջանի նախագահին` Բաքվում նրա հետ հանդիպմանը:

«Արմենպրեսը» երեկ հրապարակեց Օբամայի ուղերձի տեքստը Սարգսյանին, ըստ որի ԱՄՆ նախագահը իր նշանակած դեսպանին լիակատար աջակցություն է հայտնում, նաեւ նրա նշանակմամբ «ուժեղ ազդանշան» է տալիս ԱՄՆ «հաստատուն ու ոչ երկիմաստ» պատրաստակամության մասին` աջակցելու կողմերին հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Հույս ունեմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու առաջընթաց ունենալու ձեր կառավարության ցանկությունը նոր էներգիա կհաղորդեն համանախագահությանը եւ խաղաղ գործընթացին», նշել է Օբաման Սարգսյանին ուղղված նամակում:

Օբաման Հայաստանի նախագահին կոչ է արել «օգտագործել եկող ամիսներին Ադրբեջանի նախագահի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները, նաեւ շահավետ օգտագործել համանախագահների ժամանակն ու փորձառությունը` հաղթահարելու բանակցություններում առկա փակուղին»: «Արդեն հստակեցված փոխզիջումներով հանդերձ` նորովի ջանքերի ժամանակն է տարածաշրջանին խաղաղություն բերելու համար», եզրափակել է իր նամակը ԱՄՆ նախագահը:

Նոր ջանքերի, նոր ժամանակների մասին շեշտադրումները թեեւ նոր չեն, սակայն ներկա դրությամբ այսպիսի ձեւակերպումները համանախագահող Միացյալ Նահանգների կողմից, այն էլ բանակցությունների առկա վիճակը փակուղի որակելով, կարող են նշանակել, որ ինչ-որ նախաձեռնությունների ականատես կլինենք շուտով: Ավելինՙ այդ նախաձեռնությունները ինչ-որ նոր բան են ենթադրում, որը ներկա դրությամբ դեռեւս չի հստակեցվում:

Հստակության մասին չի հաղորդվում նաեւ սեպտեմբերի 10-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հանդիպման հաղորդագրության մեջ:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանըՙ համանախագահ երկրների հետ, միասնական եւ վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների եւ տարրերի հիման վրա:

Հստակություն նամակի բովանդակության հարցում, թե ինչ էր ուզում ասել Օբաման, չմտցրեց ինքը` դեսպան Ուորլիքը երեկվա երեւանյան ասուլիսում, միայն ասելով, թե նոր առաջարկներ չի բերել: Ամերիկացի դիվանագետը նախ հայտարարեց, ավելի շուտ` կրկնեց, թե «լսելու եւ սովորելու» է եկել տարածաշրջան: Մնացյալն առանձնակի նորություն չէր այն համատեքստում, թե հակամարտությունն արդեն 20 տարվա պատմություն ունի, խաղաղությունն էլ տարածաշրջանի անվտանգության ու կայունության հիմք կլինի:

Որեւէ մեկը ցայսօր չի վիճարկել ասվածները, հատկապես որ տարածաշրջանում եվրոպական ու եվրասիական ուղղությունների հակադրման ֆոնին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, պատրաստակամ են շարունակելու բանակցային գործընթացում իրենց միջնորդական դերակատարությունը: Դրա շրջանակներում էլ, թերեւս, միայնակ տարածաշրջան այցից հետո Ուորլիքը գալու է իր գործընկերների` ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահը նշանակվել էր օգոստոսի 5-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի տեղեկացմամբ, թե դեսպանն իր գործառույթների կատարմանը կանցնի սեպտեմբերին: Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալի, վերջին շրջանում Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ուորլիքը փոխարինեց Ռոբերտ Բրադկեին, որին մի քանի ամսով փոխարինում էր Յան Կելին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ