RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 838, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԼԱՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵՂԱՎ` ՉԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆԻ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությանը մասնակցած Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից երեկ լրագրողները մի լրացուցիչ անգամ ճշտեցին նրա տեսակետը, մանավանդ` Հայաստանի խորհրդարանում մեր արտգործնախարարի վերջին հայտարարություններից հետո եվրոհանձնակատար Ֆյուլեն թարմացրել էր տեսակետը Մաքսային միության եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելիության մասնին: Հ. Աբրահամյանն ասում էր, թե հայկական կողմը խոսում է Ասոցիացման պայմանագրի մասին, որը չի հակասում Մաքսային միությանը, իսկ Խոր եւ համապարփակ ազատ առետրի գոտին բոլորովին այլ հասկացություն է. «Մենք ասում ենք, որ չի հակասում Ասոցիացման համաձայնագրին, եւ ես մեկ անգամ եւս ուզում եմ պնդել»: Իսկ եվրոպական կողմը լինելու է Հայաստանում (հավանաբար ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը նկատի ուներ), հանդիպելու է իշխանությունների հետ եւ այդ հանդիպումների ընթացքում որոշում կկայացնի. «Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրոմիության հետ, շարունակելու ենք ՀՀ-ում ընթացող բարեփոխումները, շարունակելու ենք հանդիպել-բանակցել, օգտագործելու ենք Եվրոմիության այն համագործակցությունը, որը բխում Հայաստանի շահերից, եւ խորացնելու ենք եւ զարգացնելու ենք այն բարեփոխումները, որ իրականացնում ենք Եվրոմիության հետ»:

Իսկ թե ո՞ր գործոնն ազդեց, որ Մաքսային միություն մուտք գործելու վերաբերյալ հապշտապ որոշում կայացվի (համենայն դեպս` այդ մասին ցանկություն բարձրաձայնվի), Հ. Աբրահամյանը հակադարձեց, թե ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել, Հայաստանի նախագահը հայտնել է իր համաձայնությունն ու մտադրությունը, ինչից հետո բխում եւ ածանցվում են տարբեր գործընթացներ, երբ մոտ ապագայում երկու կառավարությունները, համապատասխան պատկան մարմինները պետք է աշխատեն միասին. «Երբ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակ, այն կբերվի Ազգային ժողով: Իսկ որ Ֆյուլեն խոսել էր Մաքսային միություն մտնելու ցանկություն հայտնած պետությունների` Ռուսաստանի կողմից ճնշման ենթարկվելու մասին. «Ես որեւէ ճնշման ներկա չեմ եղել եւ չեմ զգացել, որ որեւէ ճնշում կա մեր իշխանությունների վրա, որ ստիպեն անդամակցել Մաքսային միությանը, դա նաեւ ասել է հանրապետության նախագահը», վստահեցրեց ԱԺ նախագահը` հավելելով. «Մենք դեռ հասկանանք, Մաքսային միությանը անդամակցելը պետք է բխի Հայաստանի շահերից, մենք պետք է ընդունենք մեր շահը տնտեսական, քաղաքական եւ բոլոր առումներով, մենք դեռ չգիտենք` այդ շահը ո՞րն է լինելու, մենք դեռ բանակցելու ենք: Ես կոնկրետ կողմնակից եմ Մաքսային միությանը, որովհետեւ հիմքում դրված է պետության շահը»:

Իսկ թե ՀՀԿ-ականները տեղյակ չէին նախագահի հայտարարությունից` նա հերքեց. «Հարցը քննարկվել է, եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը, այնպես չէ, որ մենք տեղյակ չենք եղել: Ճիշտ չեն ասում այն մարդիկ, ովքեր տեղյակ են եւ ասում են` տեղյակ չենք: Դա ազնիվ չէ եւ արդար չէ»: Իսկ թե մեր եվրոպացի գործընկերներն ինչու են անակնկալի եկած` Հ. Աբրահամյանն այդպես չի կարծում` միշտ էլ այդ մասին խոսվել է: Իսկ որ Խոր եւ համապարափակ ազատ առեւտրի գոտու եւ Մաքսային միության հետ կան հակասություններ. «Մենք այդ մասին ասել ենք իրենց. կքննարկենք` միգուցե հակասությունները կվերացնենք, միգուցե կլինեն այնպիսի հակասություններ, որ համատեղելի չեն լինի, ժամանակն ու գործընթաները ցույց կտան: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա եւ գնա առաջ: Կյանքը ցույց կտա` սպասեք: Այդքան շուտ չի լինի, միգուցե 14 թվականին: Զարմանում եմ, որ դուքՙ լրագրողներդ, մտածում եք, թե երկրի ղեկավարները, նախագահը մի քայլ կանեն, որը չի բխում երկրի շահերից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս երկրի շահերը պաշտպանենք: Մեր կապը Ռուսաստանի հետ է, մեր շուկան Ռուսաստանն է, կհակասի` չենք ստորագրի: Ինչի՞ է ձեզ թվում, որ գերի ենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ` մեր պետության շահերից, մենք չենք համաձայնի, ինչի մասին է խոսքը: Միգուցե ԱԺ-ն չի քվեարկի: Ամեն ինչ առջեւում է, մի շտապեք: Առայժմ մտադրություն է հայտնվել, փաստաթղթերը կլինեն, կխոսենք, փակ բան չկա ժողովրդից»:

Ինչպե՞ս է լուծվելու Արցախի ճակատագիրը, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Այս հարցը տրվեց տարբեր ձեւերով. «Դե, մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք», նախ ասաց Հ. Աբրահամյանը, հետո ձայնում զարմանքի շեշտադրում արեց. «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միության անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը, Ղարաբաղն անկախ պետություն է»: Հետո հակադարձեց, թե` ուզում եք Ղարաբաղի իշխանությունների փոխարեն կարծիք հայտնե՞մ: Իսկ մեր հրավերին, թե Ձեր պատկերացումներն ասեք, վրա բերեց.«Ես պատկերացումներվ չեմ խոսում` հստակ-հիմնավոր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ