RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1229, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՓԱԿ ՇՈՒԿԱՆՙ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 կամարից 10-ի փոխարեն հարկեր են կառուցված

Ճարտարապետները, Փակ շուկայի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն այլեւս չեն դիմում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին, դիմում են կառավարությանը: Ալեքսանյանի հարցազրույցներից հասկացել ենՙ մարդը չի հասկանումՙ ինչ կառույց է, ինչպիսի նշանակություն ունի, եւ չի հասկանում, որ պետք է աշխատեցնի առանց այն քանդելու: Թեպետ ունենք կառավարություն, գերատեսչություններ, որոնք, ըստ օրենքի, պետք է պահպանեն հուշարձանները, սակայն ոչինչ էլ չի արվում, եւ մայրաքաղաքն անընդհատ կորցնում է իր հուշարձանները: «Գործարարը մեղավոր չէ, նա գնել է, իր տարածքն է, իրեն թվում էՙ ինչ ուզում է, կարող է անել, բայց կառավարությունը նրա համար է, որ բռնի գործարարի ձեռքն ու թույլ չտա օրենք խախտել: Այլ երկրներում, երբ գերատեսչության ղեկավարները համաձայնում են, որ իրենց բոլոր ջանքերն իզուր են անցել, թողնում են պաշտոնըՙ ի նշան բողոքի: Ցավոք, այստեղ նման բան հնարավոր չէ», ասում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը :

«Կատարվածի ամենամեծ մեղավորը մշակույթի նախարարությունն է», ասում է ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը : «Չպետք է թույլ տրվեր, որ զրո նիշից ներքեւ շինարարություն իրականացվեր ու շինհրապարակ տեխնիկա մտներ: Դա ազատեց գործարարի ձեռքերն, ու նա սկսեց շինարարությունը», ասում են ճարտարապետներըՙ հավելելով, որ անզոր էին պայքարել օլիգարխի դեմ, անզոր էին նաեւ գերատեսչությունների ամենաթողության պատճառով, օրենքները ծառայեցվեցին ի շահ գործարարի:

Փակ շուկան կարելի է դասական օրինակ համարել, թե ինչպես է օրենքը խախտվում, գերատեսչությունները երբեմն կույր, խուլ ու համր են ձեւանում ի շահ օլիգարխի: Փակ շուկայի համար պայքարը երկու տարվա կյանք ունի: Ամեն ինչ սկսվեց, երբ մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն տվեց ու շուկայի տարածք բուլդոզերներ մտան: Փլվեց առաջին կամարը, հետոՙ երկրորդը, երրորդը: Այսօր շուկայի զարդը համարվող 20 կամարից 10 չկան: Դրանց փոխարեն գործարարը հարկեր է կառուցել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց, թե ինչու է նման հակամշակութային որոշումներ ընդունում: Նախարարին խոսելիս կարելի է տեսնել միայն զանազան ու երբեմն անիմաստ ու փողերի լվացման համար հրաշալի հիմք հանդիսացող փառատոների բացման կամ փակման արարողությունների ժամանակ: Սակայն այդ ժամանակ էլ նրան անհնար էր լինում հարց ուղղել. կամ նա շտապում էր, կամ էլ կարճ պատասխանում, որ ամեն ինչ լավ է լինելու: Փաստորեն, ըստ մշակույթի նախարարի, Փակ շուկայի լավ լինելն այսօրվա տեսքն է, առանց կամարների, զարդաքանդակների, «եվրոռեմոնտ» սեւ ապակիներով: Փաստորեն, երկու տարի շարունակ մշակույթի նախարարությունը օրենքներ է խախտել, իր լռությամբ նպաստել շուկայի աղճատմանն ու պաշտպանել օլիգարխի շահերը:

Օլիգարխի շահերն է պաշտպանել եւ երկու տարի շարունակ օրենք խախտել նաեւ քաղաքապետարանը: Նրանք հայտարարում էին, թե մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն է տվել, մենք էլ թույլ ենք տվել շինարարություն: Քաղաքապետարանի աշխատակիցները, ցավոք, երկու տարի շարունակ տեսողական լուրջ պրոբլեմներ ունեին եւ չէին նկատում, որ Ալեքսանյանը կատարում է ավելին, քան թույլ է տրված փաստաթղթով: Շուկայի աղճատումը վերջին պահին նկատեց Նարեկ Սարգսյանը, բայց միայն այն ժամանակ, երբ արդեն մայրաքաղաքի էքս ճարտարապետն էր ու անցել էր այլ պաշտոնի:

Հույսը կորցնելով, որ գերատեսչությունները երբեմն դեմ դուրս կգամ օլիգարխին, մի խումբ ճարտարապետներ դիմեցին գլխավոր դատախազություն եւ հայց ներկայացրին ապօրինության եւ շինարարական նորմերի խախտման համար: Պարզվեց, տեսողական լուրջ պրոբլեմ ունեն նաեւ դատախազությունում: Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ իրենք ուսումնասիրել են տարածքն ու որեւէ խախտում չեն նկատել: Խախտում չնկատեցին նաեւ ոստիկանները: Ստացվեց, որ չորս գերատեսչություն երկու տարի շարունակ աշխատել է ոչ թե հանուն հասարակության կամ օրենքի, այլ հանուն Սամվել Ալեքսանյանի: Այս հարցում կարելի է գնալ իրավական ճանապարհով եւ դատական հայց ներկայացնել վերոնշյալ չորս կառույցների դեմ, սակայն կռահելի է, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի:

Ի դեպ, հեռուստաընկերություններով արդեն պտտվում են գովազդային հոլովակներ, որ նորաբաց «Yerevan city» սուպերմարկետը աշխատանքի է հրավիրում վաճառողների: Ամենայն հավանականությամբ մինչեւ ամսվա վերջ Փակ շուկայի «Երեւան սիթի»-ն կբացվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ