RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Հայացք

Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1156, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Այս վերլուծականը գրելու համար երկու առիթ կար: Կիրակի օրը Աղթամարի Սուրբ Խաչ վանքում հավաքված հարյուրավոր հայերի, այդ թվումՙ հայաստանցիների մասնակցությամբ պատարագ մատուցվեց եւ մկրտություններ տեղի ունեցան: Երրորդ անգամ լինելով, հայկական ծեսով այս արարողությունները սկսում են դառնալ ավանդական: Երկրորդ առիթը հայ մտավորականների խմբի այցն էր Ստամբուլ, որտեղ նրանք թուրք խոշորագույն գրողներից մեկինՙ Յաշար Քեմալին հանձնեցին Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը: Տարբեր առիթներով գրվել է, որ 90-ամյա Յաշար Քեմալը ժամանակին ուղղակի խանգարել է քուրդ քանդարարներինՙ ավերելու Աղթամարի Սուրբ Խաչ վանքը: Այս պատմությունը թուրքահայերը լավ գիտեն, եւ Հայաստանի կառավարության յուրօրինակ շնորհակալությունը գալիս է մի անգամ եւս խորհրդանշելու, որ Թուրքիայում բոլորը չեն ջարդարար, բոլորը չեն հայատյաց:

Այս երկու իրադարձությունները մեկնաբանելու հանգամանքով սկսեցինք ուսումնասիրել հայ-թուրքական ոչ պաշտոնական առնչությունների վիճակն այսօր, երբ հայ-թուրքական պաշտոնական երկխոսությունը սառեցված է, փակ է հայ-թուրքական սահմանը եւ հաստատված չեն երկկողմ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ Թուրքիայից մեզ են հասնում տեղեկություններ, որ Արեւմտյան Հայաստանի եւ ավելի լայն իմաստով Անատոլիայի տարբեր մասերում գնալով ավելի շատ մարդիկ փորձում են վերագտնել իրենց ինքնությունը, գտնում եւ վեր են հանում իրենց ազգային արմատները, դիմում են Պոլսի հայոց պատրիարքությանը հայ քրիստոնեական ծեսով մկրտվելու խնդրանքով: Սրանք աննախադեպ իրողություններ են, որոնցում զգացվում է Թուրքիայում նոր ժամանակների շունչը:


Քաղաքացիական հասարակությունների միջեւ շփման ու երկխոսության անհրաժեշտությունը

Ստացվել է այնպես, որ այսօր հայ-թուրքական հասարակական երկխոսության ամենաակտիվ ջատագովները «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության Ազգային խորհրդի անդամներն են: Նրանցից երկուսի հետ ես երկար ու շատ հետաքրքրական զրույց ունեցա: Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Արագած Ախոյանը եւ պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը մաս են կազմել հայ մտավորականների վերոհիշյալ պատվիրակությանը: Եթե լինենք ավելի բծախնդիր, ապա պետք է նշենք, որ հենց Արեւմտահայոց ազգային համագումարի Ազգային խորհրդի միջնորդությամբ է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Յաշար Քեմալին պարգեւատրել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Զրուցակիցներս պատմում են, որ Յաշար Քեմալի բնակարանում հուշամեդալը հանձնելու արարողությունը թուրքական ԶԼՄ-ներում աննախադեպ իրարանցում էր առաջացրել: 26 լրատվամիջոցներ երկու հերթով մտել են լուսաբանելու: Յաշար Քեմալի ծանոթ պոլսահայերն ու թուրքական, քրդական եւ այլ ծագում ունեցող բարեկամների ու ընկերների մասնակցությամբ անցած մտքերի փոխանակություններն ու զրույցները աննախադեպ բաց են եղել եւ անկեղծ: Արագած Ախոյանն այնտեղ ասել է. «Ցանկացած հանրության կարելի է տանել դեպի սոցիալական ամեն տեսակի իրավիճակներ: Մարդկության պատմության մեջ քիչ չեն կոտորածները, քիչ չեն անհավատալի ոճրագործությունները անհատների, ժողովուրդների մակարդակով: Մարդու անասնական բնազդների մասին բոլորս լավ գիտենք: Սակայն մարդկության առաջընթացը, համաշխարհային քաղաքակրթության զարգացումը բոլոր ժամանակներում տեղի է ունեցել լուսավորյալ անհատների ջանքերով, նրանց լուսավոր ինքնության շնորհիվ... Մեր հարգանքը Յաշար Քեմալի նկատմամբ կապված չէ միայն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու փրկության փաստի հետ: Յաշար Քեմալ մտավորական, քաղաքացիական գործիչը խորհրդանշում է նաեւ Թուրքիայում ձեւավորվող քաղաքացիական խղճի, արդար գիտակցության, ժխտողականությունն ու մեղքի շարունակականությունը մերժող հասարակության կազմավորման փաստը: Այսօր մենք փորձում ենք Թուրքիայում հետեւել մշակույթի, մարդու իրավունքների, ժողովուրդների հավասարության, ազատ հասարակության ճանապարհով ընթացող գործիչներին ու կազմակերպություններին, նրանց հետ համատեղ կյանքի կոչելու հարյուր տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հետեւանքների վերացման առաքելությունը»:

Ուշագրավ է, որ թե՛ այդ հանդիպումների ընթացքում եւ թե՛ մեզ հասնող այլ բազմաթիվ տեղեկություններովՙ Թուրքիայի ազատ մտածող մտավորականության շրջանում սովորական է դարձել 1915 թվականի իրողությունները Ցեղասպանություն կոչելը, եւ դա տեղի է ունեցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում չորս տարի առաջ տեղի ունեցած ոչ այնքան բազմամարդ, բայց զգայացունց ցույցից հետո, երբ տասնամյակներ շարունակ պետական մեքենայի կողմից տաբու դարձած արգելքըՙ այդ բառով արեւմտահայերի հետ պատահածն անվանելը, ըստ էության մեկ երեկոյի ընթացքում հօդս ցնդեց: Իմ զրուցակիցներն ասում էին, որ այսօր Թուրքիայում բարձր որակի եւ շատ անկախ մտածող մտավորականության շերտ գոյություն ունի: Այս մարդիկ փորձում են իմաստավորել եւ վերագնահատել սեփական անցյալի պատմությունը եւ դա անում են համարձակորեն իրերն իրենց անունով կոչելու միջոցով: Շատ ուշագրավ է, որ անձնական զրույցների ժամանակ շատ շատերն են ընդունում Հայոց ցեղասպանության փաստը եւ մտածում, որ այն ճանաչելու դեպքում գալու է հետեւանքների վերացման եւ հատուցման հարցերի մասին խոսելու ժամանակը:

Լինենք իրատես: Երեք տարի առաջ Թուրքիայում անցկացված հասարակական կարծիքի մի հարցմամբ ամենաչսիրված ժողովուրդներ ճանաչվեցին հայերն ու հրեաները: Թուրքիան ավանդական հայատյացության երկիր է, եւ դա նույնպես տասնամյակներ շարունակ քաջ հայտնի է եղել բոլոր հետազոտողներին: Սակայն վերջին տարիներին Թուրքիայում ընթացող արագընթաց քաղաքական իրողությունները մի փոքր փոխել են նաեւ այս իրողությունը: Պայմանականորեն հասարակությունը բաժանելով ավելի ազատ մտածողների եւ ազգայնականներիՙ մասնագետներն արձագանքում են, որ առաջինների թվի մեծացումն է հնարավոր դարձրել Հայկական հարցի եւ 1915 թվականի իրողությունների մասին խոսելը առանց տաբուների:

2009 թվականին Անադոլու պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Անատոլիայում (հիմնականում Արեւմտյան Հայաստանում) մոտ կես միլիոն մարդ հայկական ծագում ունի: Մինչեւ անցյալ տարի մոտավորապես ուսումնասիրելով սեփական փնտրտուքի հարցերըՙ փորձագետներն ասում էին, որ իրականում այսօր քուրդ կամ թուրք իրենց համարող մարդկանցից ավելի քան մեկ միլիոնը ունի հայկական ծագում: Մեր հանդիպման ժամանակ Արագած Ախոյանն ասաց, որ իր թուրք եւ քուրդ զրուցակիցները տարբեր առիթներով ասել են, որ իրականում երկուսից մինչեւ չորս միլիոն մարդ իրենց ծագումով հայ են համարում, սակայն դավանում են մահմեդականություն եւ, իհարկե, չեն խոսում հայերեն: Դոկտոր Վահան Մելիքյանի կարծիքովՙ շատ կարեւոր է, որ ստեղծված հնարավորությունների պարագայում մարդիկ սկսել են պարզել իրենց ինքնությունը, եւ շատ կարեւոր է, որ նրանք սկսել են իրենց հայ համարել, որովհետեւ թե՛ հայերեն խոսելը, թե՛ քրիստոնեությանը վերադառնալը շուտ կամ ուշ կարելի կլինի իրականություն դարձնել, իսկ ինքնության փնտրտուքը մարդու ներաշխարհում շատ խոր եւ շատ կարեւոր գործընթաց է: Բարոյահոգեբանական ոլորտին եւ աշխարհաճանաչողությանն առնչվող այս հարցերը այսօրվա Թուրքիայում սկսել են դիտարկվել նաեւ որպես քաղաքական կատեգորիաներ: Ազգությամբ քուրդ քաղաքական գործիչները թե՛ արեւելքի քրդաբնակ քաղաքներում եւ թե՛ Ստամբուլի ու Անկարայի քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Թուրքիայում պետք է վերականգնել ժողովուրդների բարի կապերը եւ ընդունել հարյուրամյակ առաջ կատարած ոճրագործությունները: Արագած Ախոյանը իր ելույթներից մեկում ասել է. «Մեծ եղեռնի ժամանակ հայերն այս երկրից տարան իրենց երգերն ու պարերը, մշակույթն ու տարազը, լեզուն ու հավատքը: Նրանք այս երկրում թողեցին իրենց գույքը, իրենց տներն ու ունեցվածքը»: Արեւմտահայոց ազգային համագումարում կարծում են, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման պահանջը առաջ մղելուն զուգահեռ պետք է բարձրացնել ունեզրկված արեւմտահայերի նյութական ու բարոյական իրավունքների վերականգնման հարցը:

Հայկական պահանջները որպես հասարակական երկխոսության թեմա

Վերջերս սփյուռքի նախարարության հրավիրած Հայ իրավաբանների համահայկական ֆորումում կարծես լիակատար փոխըմբռնում կար այն հարցում, որ աշխարհի հայ իրավաբանները պետք է միասնական ջանքերով առաջ մղեն Ցեղասպանության զոհ դարձած արեւմտահայերի իրավահաջորդների իրավունքները վերականգնելու հարցը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանում եւ Սփյուռքում ընթացող բազմաթիվ քննարկումներում դեռեւս համընդհանուր կոնսենսուս ձեռք չի բերվել այն հարցում, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու դեպքում ի՞նչ ենք հասկանալու դրա հետեւանքների վերացում ասելով: Արժե հիշել, որ 1919 թվականի Փարիզի կոնֆերանսին հայկական երկու պատվիրակությունների կազմած պահանջները ցեղասպանված արեւմտահայերի կորուստները գնահատում էին 20 միլիարդ ոսկե ֆրանսիական ֆրանկ ծավալով: Համոզված ենք, որ Հայաստանի եւ սփյուռքի քաղաքական շրջանակների բազմաձայն քննարկումների թեմաներից մեկն էլ պետք է լինի հայկական պահանջատիրության ճշգրիտ, ժամանակակից միջազգային իրավունքի վրա հիմնված պահանջների ձեւակերպումը: Արեւմտահայոց ազգային համագումարում, օրինակ, կարծում են, որ հայ-թուրքական ոչ ֆորմալ հասարակական երկխոսության թեմաներից մեկը պետք դառնա մի շատ պարզ եւ ժամանակակից աշխարհում բոլորի կողմից հասկանալի պահանջ. թույլ տալ արեւմտահայերի սերունդներին վերադառնալ նախնիների հայրենիք, գույք ու գործ ունենալ այնտեղ: Դրա առաջին օրինակները կարող են շատ դրական ազդեցություն ունենալ եւ բազմաթիվ հետեւորդներ: Բայց դրա համար պետք են թուրքական հասարակության կողմից բարյացակամություն եւ առանց ատելության հարցին մոտենալու ունակություն, իսկ թուրքական պետության կողմիցՙ հատուցման պատրաստակամություն եւ անվտանգության երաշխավորութուն: Մենք գիտենք, որ հայ իրականության մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գոծընթացը առաջ մղելու եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու հարցում կան տարբեր մոտեցումներ: Այդ մոտեցումները բազմաթիվ են, եւ դրանց յուրաքանչյուրի կրողները ունեն բազմաթիվ փաստարկներ: Բայց Թուրքիայի այսօրվա քաղաքայան շրջանակների հետ ամենաշատ շփվող մարդիկ փաստորեն Արեւմտահայոց ազգային համագումարի անդամներն են: Նրանք նույնիսկ ունեն Ստամբուլում ներկայացուցչություն բացելու ծրագիրՙ Փարիզում արդեն ստեղծված կենտրոնակայանի հետ աշխատելու համար: Վահան Մելիքյանը կարծում է, որ ընձեռված պայմաններում, հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների բացակայության պայմաններում հատուկ իմաստ է ստանում հայ-թուրքական երկխոսությունը քաղաքացիական հասարակությունների մակարդակովՙ դրանցում ընդգրկելով մտավորականության, երիտասարդության, լրագրողական շրջանակների ներկայացուցիչների: Քաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում հաճախ տեղի են ունենում այնքան արագ ու սրընթաց, որ դրանց միշտ պատրաստ պետք է լինել: Այսօրվա թուրքական հասարակությունը փոփոխվող ու դինամիկ զարգացող հասարակություն է: Այդ գործընթացներին տեղյակ լինելու համար, ամեն տեսակի ցնցումներից եւ կատակլիզմներից մեր պետությունն ու ժողովրդին հեռու պահելու համար պետք է ներկա լինել Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում: Մի բան, որին կարծես այսօրվա Թուրքիայում առանձնապես չեն խոչընդոտում: Հայ-թուրքական պաշտոնական երկխոսության սառեցման եւ դադարեցման հանգամանքները քաջ հայտնի են, եւ մեր հասարակության մեջ լիակատար ըմբռնում կա, որ այդ երկխոսությունը կարող է վերականգնվել միայն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները վերաբացելու դեպքում: Ոչ ֆորմալ հասարակական երկխոսությունը շարունակելու հիմքում ընկած է թուրքական հասարակության սեփական պատմության հետ հաշտվելու եւ ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ ազգերի շարքում արժանի տեղ գրավելու հնարավորությունը: Սրանք ոչ թե լոկ գեղեցիկ խոսքեր են, այլ բարոյականության, մարդկային հոգեբանության, ինչու չէ, նաեւ արդար քաղաքականության պահանջներ: Այս վերլուծականը կարդացողների մեջ պետք է որ առաջանա այս զգայուն հարցերի նկատմամբ սեփական մոտեցումներ ունենալու ցանկություն: Այդ սեփական մոտեցումները պետք է հղկվեն համազգային մակարդակով եւ դրվեն ժամանակակից միջազգային իրավունքի ատյանների առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ