RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 913, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՀՊՄՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՙ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԳԻՐՅԱՆԻՆ

«Տոն է այսօր Մանկավարժական համալսարանում. ոչ թե հյուրընկալվել, այլեւ «տուն է վերադարձել» Ռուբեն Սեւակը»-Կուլտուրայի ֆակուլտետի մեծ դահլիճում կայացած միջոցառման ընթացքում նշեց Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանըՙ նկատի ունենալով օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում բացված հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր եւ բժիշկ Ռուբեն Սեւակի թանգարանը:

Անդրադառնալով գրողի ստեղծագործական ժառանգությանըՙ գրականագետը նկատեց. «Իր սիրերգությամբ, ստեղծագործական ավյունով, ազգային մտածողությամբ, ներուժով ու հզորներին ձեռնոց նետելու կամքի զորությամբ նա իսկական կամուրջ է երիտասադների համար: Ռուբեն Սեւակը մրցեց իր ժամանակի ականավոր գրողների հետ, եւՙ ոչ կքած. նա քնարականության եւ լիրիկականության միջեւ բերեց յուրատեսակ դաշինք, որը մինչ օրս չի հաջողվել ոչ մի ուրիշ բանաստեղծի»:

Թանգարանի բացման առթիվ Հայաստան ժամանած հայտնի բարերար, Ռուբեն Սեւակի եղբորորդի Հովհաննես Չիլինգիրյանը, նրա ընտանիքի անդամներն ու սփյուռքահայ գործարար Հակոբ Ավագյանը, արեւմտահայ գրականության եւ մշակույթի մի շարք գործիչներ այսօր Մանկավարժական համալսարանում էին:

Միջոցառման ընթացքում ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հովհաննես Չիլինգիրյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգեւՙ «Խաչատուր Աբովյան» մեդալ:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Չիլինգիրյանին, ով ապրելով Ֆրանսիայում, իր միջոցներով ստեղծեց եւ հայրենիք տեղափոխեց գրողի ստեղծագործական հավաքածուն, մասունքներ, կարեւոր նշանակության փաստաթղթեր. «Խիզախումներ լինում են ոչ միայն որոշակի պատմական դժվարին տարիներին. լինում են հերոսական դրսեւորումներ նաեւ խաղաղ ժամանակաշրջանում: Հովհաննես Չիլինգիրյանի գործունեությունը ազգային խիզախության, հզոր զգացմունքների դրսեւորում է, որի պսակը հանդիսացավ թանգարանի բացումը»:

«Երիտասարդ, հաջողակ, փայլուն, ճանաչված, սիրված բժիշկ եւ բանաստեղծ. մարդ, ով միայն չկրոնափոխվելու համար ընտրեց մահվան ուղին: Գրականությունից հայտնի են նման հերոսներ, բայց սա բացառիկ դեպք է. յուրաքանչյուր բան փաստված ու հաստատված է փաստաթղթով»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեցՙ բուհը կանի հնարավոր ամեն բան, որ թանգարանը այցելուների համար դառնա գիտական, ուսումնական, կրթական կարեւորագույն կենտրոն:

Հովհաննես Չիլինգիրյանը շնորհակալություն հայտնեց մեծ լուսավորչի անունը կրող մեդալին արժանացնելու համարՙ նշելով, որ երկար տարիների իր աշխատանքը նպատակ ուներ հայ ժողովրդին փոխանցել գրողի զոհաբերության ոգին. Ռուբեն Սեւակի հիշատակի տունը վերածվեց նրա անունը կրող թանգարանի:

«Ռուբեն Սեւակը հայ ազգի ոգբերգական պատմության հավաքական դիմագիծն էՙ գրական իր ժառանգությամբ, ողբերգական կյանքով, գաղափարներով», արեւմատահայ գրողին այսպես ներկայացրեց գրականագետ, ազգային գործիչ Երվանդ Ազատյանը: Վերջինս բարձր գնահատեց Հովհաննես Չիլինգիրյանի գործունեությունըՙ նշելով. «Հայ արվեստի եւ ժառանգության գանձատունը մեր երկիրն է. շնորհակալ ենք այս գիտակցությամբ առաջնորդվելու եւ Ռուբեն Սեւակի թանգարանը հայրենիք տեղափոխելու համար»: Նա հույս հայտնեց, որ թանգարանի տեղափոխումը հայրենիք կնպաստի արեւմտահայ գրականության փառքի, համազգային պատվանդանի վրա կդնի նրանց անունները, ովքեր հանճարեղ գործեր են նվիրել հայոց գրականության գանձարանին:

Գրականագետը ուրախությամբ նկատեցՙ Մանկավարժական համալսարանում գործող սփյուռքահայ գրականության ամբիոնն իր գործունեությամբ նվիրվել է արեւմտահայ գրականությանն ու համազգային դիմագիծ կերտելուն:

«Վասն հայրենյաց դու մեռար եւ շատ ապրեցար», -իր ելույթում նշեց բուհի Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը եւ ավելացրեց. «Ազգային մտածողությունը ճիշտ սերմանելու կարիք ունենք: Վստահ եմՙ Ռուբեն Սեւակի թանգարանը կդառանա յուրօրինակ ուխտատեղի, դպրոց եւ կվարժեցնի մեզ սիրել հայրենիքն այնպես, ինչպես սիրել է հենց ինքը»:

Ռուբեն Սեւակին նվիրված միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրող, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանը, սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանը, բուհի ուսանողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ