RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 896, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թունավորում չի եղել, սակայն չի բացառվում, որ կլինի

Գործող օրենքը պահանջում է, որ խաղալիքները պարտադիր սերտիֆիկացում անցնեն: Ներկրվող մանկական խաղալիքները նախկինում ստուգվում էին հենց մեր երկրի սահմանի վրա, սակայն հիմա օրենքում կատարված փոփոխության համաձայն` պարտադիր ստուգումն անցնում են միայն վաճառքի հանելուց առաջ:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ կան զարգացած երկրներ, որտեղ նույնպես խաղալիքները ստուգվում ու սերտիֆիկացվում են վաճառքի դնելուց առաջ. «Օրինակ` այդպես է Դանիայում, սակայն Հայաստանը Դանիա չէ»: Արմեն Պողոսյանը, ըստ իր իրազեկվածության, ասում է, որ խաղալիքներից թունավորման դեպքեր Հայաստանում դեռեւս չեն արձանագրվել, սակայն չպետք է բացառենք, որ հետագայում կարող են արձանագրվել:

Արմեն Պողոսյանը, սակայն, նշում է դեպքեր, երբ խաղալիքները ստուգել են, դրանց մեջ գտել են թերություններ ու արգելել վաճառքը:

Խաղալիքների որակի վերահսկողությամբ զբաղվում է էկոնոմիկայի նախարարության համապատասխան ենթաբաժինը, սակայն, ըստ սպառողների պաշտպանի, բոլոր խաղալիքները չէ, որ անցնում են լաբորատոր փորձաքննություն: Իսկ խաղալիքների ստուգման մեխանիզմը հետեւյալն է` խանութ տանելուց առաջ նախ պետք է տարվի լաբորատորիա եւ ստուգվելուց հետո ստանա որակի վկայականը: Բայց օրենքից դուրս գործողները օրենքն էլ, մեխանիզմն էլ կարողանում են շրջանցել:

Երեկ «Զարկերակ» ակումբումՙ ասուլիսի ժամանակ սպառողների պաշտպանը խորհուրդ տվեց ապահովության համար խուսափել չինական խաղալիքներից: «Ազգի» հարցին` իսկ ինչպիսի՞ն է տեղական արտադրության խաղալիքների որակը, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Տեղական խաղալիքները շուկայում քիչ են: Ամեն դեպքում` պետք է գերադասենք մեր արտադրանքը»: Բանախոսը հիշեց նաեւ «Արմենթոյ» խաղալիքներ արտադրող ընկերության մասին, որը փակվեց: (Ամերիկահայ Ռուբեն Թերզյանի հիմնած «Արմենթոյ» ձեռնարկությունը տարիներ առաջ, ցավոք, տեղացի պարտնյորի մեղքով ոչնչացվեց: Սա խաղալիքներ արտադրող հայկական առաջին ձեռնարկությունն էր, որի արտադրանքը մտավ նաեւ ռուսական շուկա): Սպառողների պաշտպանը, իմ տպավորությամբ, խաղալիքների տեղական արտադրության մասին ըստ պատշաճի տեղեկացված չէր, ավելին` երեկ ասուլիսի գալու նրա նպատակն էր հանդես գալ հօգուտ, ինչպես ինքն ասաց, մեծ ու նորմալ խանութների, որտեղ իբր թե վաճառվող ապրանքներն ավելի լավն են, քան փոքր կրպակներում ու տոնավաճառներում դրվածները: Համենայն դեպս, այս խորհրդով սպառողների պաշտպանն առաջին հերթին պաշտպանում էր այդ խանութների սեփականատերերի շահերը:

Իսկ մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը շեշտեց, որ խոսքը ոչ թե խանութների, այլ բրենդային խաղալիքների մասին է, քանի որ դրանք արտադրող ընկերությունները իբր խստորեն հետեւում են խաղալիքի արտադրության նորմերին:

Ըստ բժշկուհու` խաղալիք ընտրելիս պետք է առաջնորդվել մի քանի գործոններով` հաշվի առնել ապրանքի անվտանգությունը, տարիքին համապատասխանությունը եւ երեխայի առողջական առանձնահատկությունները: Մինչեւ 1 տարեկան երեխաների համար խաղալիք ընտրելիս հարկ է հաշվի առնել, որ այդ տարիքում երեխան խաղալիքը մտցնում է բերանը, հետեւաբար այն պետք է լինի փափուկ, ռետինե եւ զերծ PVC կոչվող նյութից (տուփի վրա պետք է գրված լինի PVC free): Մինչեւ 3 տարեկան երեխաների խաղալիքները չպետք է լինեն մանր մասնիկներով, որպեսզի երեխաները կուլ չտան դրանք: Ընդհանրապես, ամեն խաղալիքի վրա պետք է գրված լինի, թե որ տարիքի համար է նախատեսված:

Իսկ ալերգիա ունեցող երեխաների ծնողները անհրաժեշտ է, որ խուսափեն փափուկ խաղալիքներ ընտրելուց, որովհետեւ դրանք հավաքում են փոշու տզեր. «Փափուկ անկողինը, կահույքը նույնպես փոշու կուտակիչներ են եւ սրում են ալերգիաները», ավելացնում է բժշկուհի Բաղդասարյանը: Ի դեպ, վերջինս իր փորձի ընթացքում խաղալիքներից թունավորման դեպքեր չի տեսել, սակայն նշում է, որ ծանր մետաղներից թունավորումները մի օրում չէ, որ ի հայտ են գալիս:

Վերջում բանախոսները եկան եզրահանգման` խաղալիք ընտրելու պատասխանատվությունը ծնողինն է, իսկ վաճառքի պատասխանատվությունը` առաջին հերթին վաճառող ընկերությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ