RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Երեւույթներ

Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 961, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻՆՉՈՒ Է ՈՍՏԻԿԱՆԸ «ՎԱՏԸ»

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մի որոշ ժամանակ առաջ, երբ քայլում էի փողոցով, վիճաբանող մարդկանց կողքից անցնելիս լսեցի հետեւյալ խոսքերըՙ

- Մարդ ենք, հո միլիցա չենք:

Նման դեպքերը բացառություններ չեն: Այս տարվա օգոստոսի վերջերին մարդկանց ու ոստիկանների միջեւ Կոմիտասի փողոցում տեղի ունեցած բախումը ոստիկան-քաղաքացի հարաբերությունների ներկա ցավալի վիճակի ակնառու օրինակ էր: Ինտերնետային մեկնաբանություններում ոստիկաններին համեմատում են թուրքերի հետ, այլ կերպ` թշնամու: Նրանք ավելի վատն են, քան թուրքերը, նրանք թշնամիներ են: Օրենքի մարդու հանդեպ նմանօրինակ ակնածական եւ սիրալիր վերաբերմունքի, անկասկած, ականատես եք եղել նաեւ Դուք, հարգելի ընթերցող, եւ միգուցե ինձ պես հարցրել եք, թե որտեղից են գալիս այդ հիրավի աստվածահաճո կանխատրամադրվածության եւ բարոյափիլիսոփայական ընդհանրացումների ակունքները: Ոստիկանի հանդեպ նման վերաբերմունքը ինքնին հետաքրքրական է, քանի որ նախ տարածված է հասարակության լայն շերտերում, երկրորդՙ աչքի է զարնում այդ վերաբերմունքի մեջ առկա անհասկանալի պարադոքսըՙ ինչպես կարող է սովորական մարդը նման վերաբերմունք ունենալ որոշակի ինստիտուտի հանդեպ, որը ստեղծված է հենց իր շահերը պաշտպանելու համար: Այս պարադոքսը էլ ավելի հետաքրքրական ու խճճված է դառնում, երբ ոստիկանի հանդեպ բացասական կարծիք հայտնած մարդուն խնդրում ես բացատրել, թե ինչու է նա այդպես արտահայտվում օրենքի պաշտպանների նկատմամբ:

Ամենից հաճախ հնչող պատասխանն այն է, թե կան ոստիկաններ, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները, պատժում են անմեղ մարդկանց: Այստեղից էլ, ասում են նրանք, ոստիկանի հանդեպ թշնամանքը:

Սակայն, ըստ իս, նման կերպ ոստիկանի հանդեպ անհանդուրժողականությունը բացատրելը հիմնավորապես սխալ է, թեկուզ այն պատճառով, որ կան այլ դասի պարոնայք եւս, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները, որոնց հետեւանքով մարդկանց վնասները ավելի մեծ են: Ասենք, պետական չինովնիկները, որոնք կարող են յուրացնել պետության միջոցները, բժիշկները, որոնց սխալից մարդիկ են մեռնում, կամ սովորական հանցագործները եւ այլք, ում հանդեպ, սակայն, ատելության եւ անհանդուրժողականության անգիտակցական զգացումները չեն ուղղորդվում: Նշված բացատրության հաջորդ թույլ կողմն այն է, որ անհանդուրժողականությունը դրսեւորվում է ոչ թե «վատ ոստիկանի», այլ ընդհանրապես ոստիկանի նկատմամբ: Այլ կերպ, ատելությունն ու անհանդուրժողականությունն ուղղված են ոչ թե առանձին ոստիկանի, առանձին անձի նկատմամբ, այլ ոստիկան ԳԱՂԱՓԱՐԻՙ վերացարկված բոլոր անձնային հատկանիշներից: Ընդ որում, որ ոստիկանը վատն է, ոստիկանին ու արդարադատությանը դիմողըՙ գործ տվող, դառնում են աշխարհայացքի տարր, իսկ «մի մատնիր» սկզբունքը (այսինքնՙ մի մատնիր հանցագործին) վերածվում է գրեթե բարոյականության սկզբունքի, իսկ նրա կիրառությունը ապահովվում է հասարակական կարծիքի ճնշմամբՙ ստորացնելով ու արհամարհելով բոլոր նրանց, ովքեր խախտել են տաբուն (մի մատնիր):

Ոստիկանների հետ վերջին ընդհարումների ժամանակ մարդկանց ատելության պոռթկումների մեջ ուշադիր զննող աչքը կարող էր նկատել, որ ամբոխը ենթագիտակցաբար իրեն վերագրում էր զոհի կարգավիճակը: Մարդիկ կանխապես համոզված են, որ ոստիկանները ցանկանում են իրենց վնասել, ոստիկանի նույնիսկ ամենաչնչին հպումը հրմշտոցի մեջ ընդունվում էր որպես ոտնձգություն, որպես բռնանալու փորձ, հանգիստ հորդորանքը ընկալվում էր թշնամությամբ: Իր պարտականությունները կատարող ոստիկանի վրա գոռալը, նրան ակնհայտ վիրավորելը դիտվում է նորմալ, բնական մի բան:

Մնում է հասկանալ, թե սոցիալական ինչպիսի միջավայրում է առաջ եկել ու զարգացել ոստիկանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը:

Այս հարցի պատասխանները ստանալու համար պետք է խորամուխ լինել այն հասարակական պայմանների մեջ, որոնցում դաստիարակվել են այդպիսի մտածելակերպ կրող մարդիկ: Ընդ որում պետք է ըմբռնել, որ ոստիկանի հանդեպ վատ վերաբերմունքը ոչ թե սովորական անհարգալից վերաբերմունք է, այլՙ ԻԴԵՈԼՈԳԻԱ: Սա այն դեպքը չէ, երբ որեւէ մեկին ատում են, որովհետեւ նա վատն է: Ոստիկանին ատում են, որովհետեւ նա ոստիկան է, մարդկանց համար լավ կամ վատ ոստիկան չկա: Ատելությունը կանխապես ուղղված է օրենքի եւ ոստիկան գաղափարի նկատմամբ եւ հետո նոր միայն պրակտիկ կիրառություն է ստանում ու տարածվում նրանց հանդեպ, ովքեր հագնում են ոստիկանի համազգեստը: Իրերի այսպիսի ընկալումը շատ կարեւոր է հասկանալու համար այս երեւույթի արմատները:

Ներկա հասարակության կորիզը` 20-60 տարեկան բնակչությունը, ծնվել եւ դաստիարակվել է մոտավորապես 1950-1990 թթ., այսինքն մենք գործ ունենք տիպիկ խորհրդային միջավայրում մեծացած մարդկանց հետ: Հետեւաբար ոստիկանի հանդեպ այդպիսի իդեոլոգիան ակնհայտորեն զարգացել ու ձեւավորվել է հենց խորհրդային հասարակարգում, եւ ինչպես մենք կփորձենք ցույց տալ, օրենքի հանդեպ անհանդուրժողականությունը հենց այդ հասարակարգի զավակն է: Խորհրդային հասարակարգը, կամ հանրային արտադրահարաբերությունները հիմնվում են երկու հիմնական սկզբունքի վրա.

1. սեփականության հանրային ձեւ (հողը եւ մնացած արտադրության միջոցները պատկանում են բացառապես պետությանը),

2. պլանային կառավարում (մարդիկ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունեն, պլանները պարտադրվում են վերեւից):

Երբ սեփականությունը պատկանում է պետությանը, բոլորը սկսում են գողանալ այդ սեփականությունը: Գյուղացին գողանում է կոլտնտեսության բերքը ու խուսափում է այնտեղ աշխատելուց (թող ուրիշներն աշխատեն քեռի Գագոյի համար, հետո բերքը հավասար կիսվելու է կոլխոզի անդամների միջեւ): Իսկ բանվորը գողանում է գործարանից, որը եւս պատկանում է պետությանը: Սա հաստատելու համար բավական է հարցնել որեւէ տարեց մարդու` նրանք բոլորը հաստատում են, որ հասարակական արտադրանքի յուրացումը սովորական երեւույթ էր խորհրդային տարիներին, իսկ իրենց բարոյապես արդարացնելու համար ասում են (մեջբերում եմ ինձ հաճախ տրվող պատասխանը). «Եթե կոլխոզի բրիգադիրը մեքենայով էր տանում, ապա մենք ինչու պարկերով չպետք է տանեինք»: Հատկանշական է, որ Սովետի պայմաններում հանրային կարծիքը չի հակադրվում նրան, ով գողացել է, որովհետեւ ըստ էության կոլեկտիվ արտադրության դեպքում բերքը կամ արտադրանքը պատկանում է բոլորին, այլ կերպ` ոչ մեկին: Քանի որ սեփականությունը պահպանվում է պետության կողմից, ապա գողացողների համար միակ արգելքը մնում է օրենքի մարդը` ոստիկանը, որը կանխում է գողությունը եւ ուժով գյուղացուն քշում է դաշտ` հարկադիր աշխատանքի, ինչպես ընդունված էր խորհրդային ժամանակ: Քանի որ բոլորը ապրում են պետության արտադրանքը յուրացնելու հաշվին, իսկ հանրային սեփականության անօրինական յուրացումը դառնում է սովորական եւ համընդհանուր, ապա ոստիկանը վերածվում է բացահայտ թշնամու: Զուգահեռաբար առաջ է գալիս ՄԻ ՄԱՏՆԻՐ սկզբունքը, այսինքնՙ մի մատնիր հանցագործին, իսկ նա, ով մատնում է, նրան ուղղվում է բոլորի կամ հանրության տիրապետող եւ կարծիք թելադրող անդամների պարսավանքը. ոստիկանին դիմած մարդը դառնում է վատը, անբարոյական, նրան հրապարակային արհամարհում են:

Այլ է իրերի վիճակը շուկայական հարաբերություններում, որտեղ գողը կարող է գողանալ միայն որոշակի մեկից, իսկ վերջինս անպայման կընդվզի իր սեփականության յուրացման դեմ, հանրության մնացած անդամները եւս, քանի որ նրանք, դեմ լինելով իրենց սեփականության դեմ ոտնձգություններին, դեմ կլինեն նաեւ ուրիշների սեփականության յուրացումներին: Ուրիշի սեփականությունը յուրացնողին նրանք այլեւս չեն կարող նեյտրալ վերաբերմունք ցույց տալ, չէ որ հիմա խոսքը իրենց անձնական շահի մասին է:

Խորհրդային պայմաններում բացակայում են նաեւ պայմանագրային հարաբերությունները մարդկանց միջեւ, քանի որ տնտեսությունը ամբողջությամբ կառավարվում է վերեւից: Կապիտալիզմի պայմաններում տնտեսվարողներին անհրաժեշտ է պայմանագրային հարաբերությունների ապահովման համար պետության հարկադրանքը, այսինքնՙ տնտեսությունը չի կարող գործել առանց մարդկանց միջեւ տնտեսական հարաբերությունների օրենսդրական կարգավորման եւ հետեւաբար` ոստիկանության ու արդարադատության համակարգի: Պայմանագիր կնքող յուրաքանչյուր կողմ պետք է համոզված լինի, որ մյուս կողմը կատարելու է իր ստանձնած պարտավորությունները: Հետեւաբար շուկայական տնտեսությունը կամ կապիտալիզմը հասարակության մեջ ավտոմատ ստեղծում են օրենքի եւ ոստիկանի աշխատանքի նկատմամբ պահանջ, մինչդեռ խորհրդային հասարակարգում մարդկանց եւ օրենքի ու նրա ներկայացուցիչների միջեւ շահերի բախման հետեւանքով առաջ է գալիս անտագոնիզմ եւ թշնամություն: Այս պատճառներով է պայմանավորված ներկայումս այսպես կոչված «գողական» բարոյականության մայրամուտը, ինչը եւս խորհրդային համակարգից մնացած վերապրուկ է:

Մարդը, երիտասարդ տարիներին որոշելով իր համար լավն ու վատը, ձեւավորելով իր աշխարհայացքը, հասուն տարիքում դժվարությամբ է այն փոխում: Ծուռ աճող տնկին կարելի է ուղղել միայն, երբ նոր է սկսում արմատնել գցել: Մեր հասարակությունը արդեն 20 տարի գործում է կապիտալիզմի պայմաններում, սակայն նախկին հասարակությունից ժառանգած մտածողության կաղապարները դեռեւս շարունակում են պահպանվել: Շարքային քաղաքացին ոստիկանին շարունակում է «մենթ» անվանել, թեեւ հոգու խորքում նա տեսնում է ակնհայտ հակասությունը ու օրենքի հանդեպ արհամարհարական կեցվածք է ընդունում բացառապես ուրիշների պարսավանքին չենթարկվելու համար: Ծուռ աճած ծառը հազիվ թե կարելի է ուղղել, սակայն չի կարելի թույլ տալ, որ խանգարի նոր տնկիների ուղիղ մեջքին. երիտասարդությունը շարունակում է դաստիարակվել նախկին անհեթեթ նախապաշարմունքներով, օրենքին դիմելը համարվում է գործ տալ, անպատիվ արարք գործել: Պետությունը ու մտավորականությունը այստեղ անելիք ունեն, որովհետեւ ժամանակները փոխվել են, ու 20-րդ դարում չմնալու համար անհրաժեշտ է, որ մարդիկ դառնան օրենքին նվիրված ու օրենքով ապրող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ