RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 987, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ստամբուլ կատարած ուղեւորության արտաքին տպավորությունների վերարտադրումը անիմաստ է, քանզի այդ պատմական քաղաքն այցելելը դյուրին գործ է Հայաստանի քաղաքացիների համար: Ամենաարտառոցը, թերեւս, հայաստանցիների ներկայությունն էր այդ հսկա մեգապոլիսում եւ առհասարակ Թուրքիայումՙ տարբեր աղբյուրներովՙ 30-100 հազար մարդ, պաշտոնական տվյալներ չկան: Թվաքանակն աննշան է նույնիսկ 20-միլիոնանոց քաղաքի համար, էականՙ օրեցօր նոսրացող Հայաստանի համար: Ինչն է բնորոշ ընդհանուր առմամբ պարզ աշխատանքով զբաղված այս մարդկանց համարՙ խոր հիասթափությունը հայրենյաց անարդար իրողություններից, իշխանություններից, հասարակ մարդու նկատմամբ ղեկավարության անողոք անտարբերությունից, ցածրագույն վարձատրությունից: Գուցե անսովոր չէ, երբ հայաստանցին հայտնվում է Փարիզում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: Սակայն ուրիշ է, երբ նա ապրուստի որոնումներով ոտք է դնում... Թուրքիա: Եկեք միայն կեղծ պաթետիկայով չմեղադրենք այս մարդկանց հայրենիքի դավաճանության մեջ, ինչը ժամանակ առ ժամանակ հնչում է հայկական լրատվամիջոցներում: Լավ կյանքից չեն հեռանում Հայաստանից: Ստամբուլում բնավորված շատ հայաստանցիների հետ ունեցած զրույցներում ապշեցնում էր նրանց միահամուռությունը մի հարցումՙ թուրքական իշխանությունները, թուրքերը իրենց նկատմամբ անհամեմատ ավելի բարեհաճ են, քան դա նկատվում է Հայաստանում: Այդպես է դա, թե ոչ, թողնենք հայոց կառավարիչների խղճին:

Փոքր-ինչ հակադրություն: Թուրքիայում զգացվում է հարգանքը երկրի ղեկավարության ու մասնավորապես վարչապետ Էրդողանի նկատմամբ: Թաքսիմի իրադարձությունները եւ նույնիսկ Սիրիայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը առանձնապես չխարխլեցին նրա դիրքերը: Անգամ Էրդողանի հակառակորդները, ընդդիմախոսները ընդունում են նրա կառավարման 10 տարվա ընթացքում երկրի կյանքում տեղի ունեցած հսկայական առաջընթացը: Միայն մեկ փաստ. երբ Էրդողանը եկավ իշխանության գլուխ, տարեկան միջին աշխատավարձը կազմում էր 2000 դոլար: Հիմա հատել է 11000-ի սահմանը: Հայաստանի ո՞ր ղեկավարը կարող է հպարտանալ նման, պարզ է, համեմատական, հաջողությամբ: Եվ առհասարակ, երբ ավտոբուսով մտնում ես Թուրքիա եւ բազմաթիվ քաղաքների ու ավանների միջով հասնում Ստամբուլ, անկարելի է չտեսնել երկրի եվրոպականացման կուրսի ակնառու դրսեւորումները: Վերջիվերջո պետք է տարրական անաչառություն ցուցաբերել մեր հավերժական թշնամու նկատմամբ, նախանձել նրա առաջընթացին, լավ իմանալ, թե ումից ինչ ենք պահանջում եւ այլն:

Աղախին աշխատող ստամբուլաբնակ հայաստանցի կինը ասաց, որ երազում է (այդպես էլ ասաց) դառնալ Թուրքիայի քաղաքացիՙ մոտ 500 դոլարի հասնող ծերության կենսաթոշակ ապահովելու նկատառումով: Որպես համաշխարհային պրովոկացիա կդիտվեր, եթե սոցիոլոգիական հետազոտությունների որեւէ կենտրոն հայտարարեր, թե Թուրքիայի երիտասարդության 75, 8 տոկոսը ձգտում է հեռանալ երկրից:

Հայաստանցիների արտագաղթը Թուրքիա նույնքան արտառոց է նաեւ այն իմաստով, որ բուն պոլսահայերի մեջ այնուամենայնիվ մտահոգություն կա իրենց իսկ ապագայի հանդեպ: Ճիշտ է, Էրդողանը Եվրոպային գոհացնելու նպատակով ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարում է սիրաշահելու քաղաքականություն: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ ռազմատենչ նացիոնալիզմը նորից գլուխ չի բարձրացնի: Ստամբուլում եղած օրերին տեղի հայությանը հուզող խնդիրների կապակցությամբ «Ակօս» թերթում իր խոհերն էր հայտնել Պոլսո պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների նախագահ Սահակ սրբազան Մաշալյանը: Թուրքիայի ներքին քաղաքականության ոչ բացառելի անկայունությունների հետ մեկտեղ Մաշալյանը առանձնացնում է մերձավորարեւելյան իրադարձությունների Թուրքիա թափանցելու, թուրք-քրդական պատերազմի հավանականությունը եւ դրանց վտանգավոր հետեւանքները տեղի հայության վրա: Մաշալյանը գտնում է, որ թուրք-հայկական սահմանի բացման դեպքում, ցավոք, «դէպի մեր կողմը բնակչութեան հոսք մը կ՛ապրվի: Եթե Հայաստան իր խնդիրները բարեկարգէ, սփիւռքի համար նոր ձգողութեան կեդրոն պիտի դառնայ եւ այս անգամ մենք ենք որ կը գաղթենք»:

Ներհամայնքային կյանքում ամենատագնապալին մահացության գերազանցումն է ծննդաբերությանը: Միայն 2012 թվականին 482 թաղման ծիսակատարության դիմաց գրանցվել է սոսկ 236 մկրտություն եւ 191 պսակադրություն: Եվ սա ասես քիչ է, անհավատալիՙ մոտ 30 տոկոսի է հասել խառն ամուսնությունների թիվը «եւ անոնցմէ սերած սերունդին հաւանական կորուստը»: Թեւ դանդաղորեն, բայց շարունակվում է տեղացի հայերի արտահոսքը Ստամբուլից:

«Նոր քաղքենի ընկալում մը գոյացավ, նշում է սրբազանը: Նախապէս մանուկը ընտանիք հասկացողութեան հիմնական տարրն էր: Այժմ վերածուած է համեմի մը: Համեմ մըՙ որ անհրաժեշտ չէ, բայց եթէ ըլլայՙ լաւ կ"ըլլայ: Երբեք պէտք չէ անցնիլ մէկ կամ երկուի սահմանը»:

Մաշալյանը, այնուամենայնիվ, փորձում է լավատես լինել, թեեւ դա նրան հաջողվում է մեծ դժվարությամբ: Զուգահեռ անցկացնելով մյուս հայ գաղթօջախների միջեւ, նա արձանագրում է. «Պոլսահայութեան կարեւորագոյն յատկութիւնը պատմական արմատներն են: Ի վերջոյ մենք 550 տարի է, որ հայրենիքէն պոկուած ենք, իսկ անոնքՙ 100 տարի»:

Ստամբուլում զարմացնում էր նաեւ մի այլ պարագա: Պոլսահայերի մի մասը արդեն, ավաղ, չի խոսում հայերեն, նույնիսկ գերադասում են թուրքական անուններ, թեեւ չեն հրաժարվում ազգային ինքնությունից: Այդ երեւույթը հասկանալու համար երեւի պետք է ապրել-գոյապայքարել այդ յուրօրինակ մուսուլմանական «անծայրածիր» գերքաղաքում:

Եվ վերջինը: Տունդարձին ավտոբուսում երկու պոլսահայ կար: Ամբողջ ճանապարհին ուղեկից հայաստանցիները միաձայնՙ ի գիտություն այս երկու սփյուռքահայերի, իրենց հայրենիքը ներկայացրին որպես աշխարհի գրեթե ամենաանարդարացի երկիրը, իսկ ղեկավարությանըՙ որպես ամենագիշատիչ խավի (երկիրը երկիր չէ): Պոլսահայերը շվարել էին. մի՞թե ամեն ինչ այդքան վատ է: Այդուհանդերձ նրանցից մեկը խիստ հուզվեց, երբ հատելով Հայաստանի սահմանը, նա, ի դեմս մաքսատան ջահել ծառայողի, առաջին անգամ տեսավ իսկական հայի... ոստիկանի մը: «Ոստիկանը», չգիտես ինչու, դրանից վիրավորվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ