RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



ՀԱՄԵՐԳ

Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 792, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՀՊԵՆ ՀԱՄԵՐԳԸՙ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը, որը նվիրված էր մեծ կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին:

Առաջին անգամ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը, իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց նրա Ջութակի կոնցերտը: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց կատարումները եւ հոտընկայս ծափահարություններով` որոնց ընդառաջ Սերգեյ Խաչատրյանը ներկաներին նվիրեց երկու սոլո կատարում:

Համերգից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորեց այն հանգամանքը, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտները, որոնք հանդես են գալիս լավագույն նվագախմբերի հետ, գալիս են Հայաստան եւ ելույթ ունենում հայրենիքում:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանին եւս շատ դուր էր եկել համերգը. «Ուղղակի ամեն ինչ փայլուն էր: Սերգեյ Խաչատրյանն իրավամբ այսօր աշխարհի լավագույն ջութակահարներից է»:

Համերգից հետո Սերգեյ Խաչատրյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ առանց երաժշտության ապրել չի կարող. «Երաժշտությունն ինձ համար այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես: Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ: Երաժշտությամբ կարողանում ես մաքրել հոգիդ: Ինձ համար երաժշտությունից մաքուր երեւույթ չկա»:

Սերգեյ Խաչատրյանը, խոսելով իր հայաստանյան ելույթների մասին, ասաց. «Սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ մի զգացողություն է, որն ուրիշ բեմերում զգալ հնարավոր չէ: Երբ Հայաստանում բարձրանում եմ բեմ, գիտեմ, որ իմ ժողովրդի համար եմ նվագում: Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է շատ առանձնահատուկ: Ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»:

Երաժիշտն ընդգծեց, որ սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, սակայն իր երաժշտությունը հայկական է. «Ես Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը Սաղմոսավանք, Տաթեւ, լինելով այդտեղ ես զգում եմ, որ դա իմ հողն է: Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ է»:

Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740թ.-ի Ջ.Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը:

Միջազգային փառատոնի շրջանակներում ՀՊԵՆ-ի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է, որի ժամանակ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ