ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ Հ. Հ. Երեւանյան համաժողովի բացումից հետո Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Ծաղկաձորում շարունակեց 20-րդ համագումարը, որից հետո ընտրվեց կուսակցության նոր ղեկավար կազմը: Երեք օր տեւած քննարկումներից հետո, որոնց մասնակցում էին 17 երկրներում գործող կուսակցության ներկայացուցիչները, ավանդական կուսակցության ատենապետ ընտրվեց Հակոբ Տիգրանյանը: Նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանը եւ Սեպուհ Գալփաքյանը դարձան փոխատենապետներ: Սա բարկացրել է աճեմյանական թեւին, որը, ըստ շրջանառվող լուրերի, չի հավատում ընտրությունների օրինականությանն ու պահանջում է նոր ընտրություններ: Երեկ կուսակցությանՙ «Ազգ»-ին ուղարկված հաղորդագրությունից տեղեկացանք, որ համագումարում քննարկվել են երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Հնչակյանները զգուշավոր լավատեսությամբ ողջունել են Հայաստանիՙ Մաքսային միությանն անդամակցելու որոշումըՙ հույս հայտնելով, որ Հայաստանը կխորացնի համագործակցությունը միաժամանակ եվրոպական երկրների հետ: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ կուսակցության դիրքորոշումը չի փոխվել: Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա հնչակյանները դեմ են արձանագրություններին եւ պահանջում են, որ դրանք խորհրդարանից հետ կանչվեն: Սիրիահայ գաղութի հարցը նույնպես եղել է հնչակյանների ուշադրության կենտրոնում: Նրանք կոչ են արել հայությանըՙ շարունակել օժանդակել սիրիահայ համայնքին: |