RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 727, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶԵՆՔՈ՞Վ ԵՆ ՇՐՋՈՒՄ

Նախանցյալ գիշեր Բաքվում ձերբակալվել է moderator.az կայքի տնօրեն, «Բիզիմ յոլ» թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլին: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քր.օրի միանգամից երկու` հանցավոր խմբի հետ նախնական համաձայնությամբ մաքսանենգությամբ զբաղվելու եւ նույն ձեւով զենք-զինամթերք հայթայթելու, իրացնելու կամ պահելու հոդվածներով:

Ըստ տեղեկություններիՙ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Բիզիմ յոլ» թերթի խմբագրությունում եւ Հաշիմլիի` Բաքվի Բալաջարի ավանում գտնվող առանձնատանը: Հաշիմլիի կինը երեկ լրագրողներին ասել է, որ ոստիկանությունը «առանձնատան բակում հայտնաբերել է 30 մարտական նռնակ, իսկ բնակարանում, բազմոցի տակ` 1 ատրճանակ»:

Նրա ասելով, «ամուսինն այդ զենքերի հետ որեւէ կապ չունի, ոստիկանությունը սադրանք է ծրագրել, քանի որ խուզարկությանն ընթերականեր չեն հրավիրվել, ամեն ինչ կատարվել է ուշ գիշերը»: Աղբյուրները Հաշիմլիի մասին հակասական տեղեկություններ են փոխանցում: Ըստ տեղեկություններիՙ նա Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է, բայց նրա գլխավորած moderator.az կայքը, ինչպես նաեւ «Բիզիմ յոլ» թերթը, որտեղ աշխատում է համատեղությամբ, «հստակ ընդգծված իշխանամետ կեցվածք ունեն»:

Տեղեկություններ կան, որ ձերբակալված լրագրողը «սերտ հարաբերություններ է ունեցել կառավարության ազդեցիկ պաշտոնյաների հետ, տարիներ շարունակ համագործակցել հատուկ ծառայությունների հետ»: Այս իմաստով Հաշիմլիի ձերբակալությունը, նրան առաջադրված ծանր մեղադրանքները թվում են արտառոց:

Իրավիճակը խճճել է հատկապես ԱԺՃ-ի արձագանքը: Կուսակցության գերագույն մեջլիսի նախագահ Հասան Քերիմովը երեկ ասել է, որ իրենք վերաբերմունք կարտահայտեն «միայն հարցը մանրազնին ուսումնասիրելուց հետո»: Նրա գնահատմամբՙ «եթե Հաշիմլին մեղավոր է, ապա, ինչպես բոլոր քաղաքացիները, պետք է օրենքի առջեւ պատասխան տա: Եթե պարզվի, որ նրա դեմ մեղադրանքները հնարածին են, ապա, բնականաբար, կուսակցությունը կաջակցի նրան»:

Ինչպես կարելի է հասկանալ, ԱԺՃ-ն վստահ չէ, որ Հաշիմլին իրականում անմեղ չէ, կամ պարզապես զգուշանում է իշխանությունների հնարավոր կոշտ արձագանքից, եթե փորձի պաշտպանության տակ առնել իր կուսակցին: Բայց դա իրենց խնդիրն է:

Մեզ չափազանց հետաքրքրական է թվում լրագրողին մաքսանենգության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրանք ներկայացնելը: Մինչ այդ ադրբեջանական իշխանություններն անցանկալի լրագրողներին գերազանցապես թմրանյութեր պահելու-տարածելու կամ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ էին մեղադրում:

Հաշիմլիի դեպքում ինչո՞ւ է բացառություն արվել: Հետեւությունը մեկն է` խնդիրը ոչ թե լրագրողին մեկուսացնելն է, այլ «ընդհատակյա հակակառավարական զինված խմբավորման բացահայտումը»: Եթե նա իրոք կապ է ունեցել կառավարության ազդեցիկ պաշտոնյաների եւ հատուկ ծառայությունների հետ, ապա կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը մտադիր է «հերթական պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ» մաքրել հաշիվները:

Ըստ երեւույթին, իրականությունից հեռու չեն ենթադրությունները, որ Ադրբեջանում իշխող վարչախմբի մի շարք ներկայացուցիչներ լրջորեն կասկածվում են «դավադրություն նյութելու» մեջ: Բացառված չէ, որ Իլհամ Ալիեւի վրեժխնդրության սլաքն ուղղված է «հին գվարդիայի» պարագլուխ Ռամիզ Մեհթիեւի դեմ: Վերջինս, չնայած իշխող ընտանիքի հանդեպ քծնանքի անթաքույց դրսեւորումներին, այդպես էլ չի նշանակվել Իլհամ Ալիեւի նախընտրական շտաբի պետ:

Իսկ դա նշանակում է, որ Մեհթիեւին ընտրություններից հետո պատրաստվում են ուղարկել «վաստակած հանգստի»: Բայց Հեյդար Ալիեւի երկարամյա զինակիցը չափազանց խոշոր «շնաձուկ» է, որպեսզի այդքան հեշտությամբ «մարսվի»: Նրան հեռացնելու համար վարչախումբը պետք է ունենա «անհերքելի ապացույցներ»: Հաշիմլին կարող է խաղալ «դավադրությունը բացահայտողի» դեր: Պետք է սպասել, որ Ադրբեջանում աղմկալի ձերբակալությունների շարք կսկսվի: Հակառակ դեպքում ինչո՞ւ են լրագրողին ներկայացրել մաքսանենգության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք: Մի՞թե Ադրբեջանում լրագրողները հանուն անձնական ապահովության շրջում են զենքով: ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ