RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Ցուցանիշներ

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 843, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԴԱՆԴԱՂՈՒՄ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունվար-օգոստոսին աճը կազմել է 3,8 տոկոս

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած 2013-ի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,8 տոկոսով: Հարկ է նշել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով, տնտեսական ակտիվության աճը կազմել էր 4,4 տոկոս, 7 ամիսների տվյալներով` 4 տոկոս:

Այդուհանդերձ, օգոտոսին նախորդ տարվա օգոտոսի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 3,2 տոկոս, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 22,9 տոկոս:

Ներկայացնենք տնտեսության ճյուղերում առանձին-առանձին հունվար-օգոստոսին արձանագրված ցուցանիշները:

Արդյունաբերությունում այս տարվա ութ ամիսներին արձանագրվել է 6,2 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 7,1 տոկոս, ծառայությունների ոլորտում` 3,2 տոկոս, առեւտրի շրջանառությունում` 2,5 տոկոս աճ, շինարարությունում արձանագրվել է 8,5 տոկոս անկում:

Գումարային առումով ամենամեծ ծավալ ունի առեւտրի շրջանառությունը` 1 տրլն 333 մլրդ 953 մլն դրամ, իսկ երկրորդ տեղում արդյունաբերությունն է` 764 մլրդ 151 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալով, երրորդը ծառայությունների ոլորտն է, 651 մլրդ 721 մլն դրամ ծավալով, չորրորդը` գյուղատնտեսությունը` 467 մլրդ 93 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալ, եւ վերջինը շինարարությունն է, որի ծավալը կազմել է 193 մլրդ 617 մլն դրամ: Հիշեցնենք, որ 2000-ականների տնտեսական երկնիշ աճի տարիներին շինարարության տարեկան ծավալը հասել էր 800 մլրդ դրամի:

Աճի ամենաբարձր ցուցանիշը արդյունաբերությունից տեղափոխվել է գյուղատնտեսություն, որտեղ հուլիսին նախորդ տարվա օգոտոսի նկատմամբ արձանագրվել է 11,9 տոկոս աճ, իսկ նախորդ ամսվա` հուլիսի նկատմամբ` գրեթե կրկնակի` 93,4 տոկոս աճ: Արդյունաբերությունում օգոստոսին 2,9 տոկոս աճ է գրանցվել անցյալ տարվա օգոստոսի եւ 4,7 տոկոս աճ` այս տարվա հուլիսի նկատմամբ: Արդյունաբերությունում աճի տեմպի անկում է նկատվում:

Առեւտրում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ 1,1 տոկոս անկում է գրանցվել, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ արձանագրվել է 3,2 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում օգոստոսին 0,7 տոկոս անկում է արձանագրվել, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 1,3 տոկոս անկում: Շինարարությունում անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 8,4 տոկոս անկում, այս տարվա հուլիսի նկատմամբ` 11,8 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին 8 ամիսներին 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 2,8 տոկոսով եւ կազմել մոտ 3 մլրդ 656 մլն դոլար: Արտահանումը կազմել է 952 մլն դոլար, արձանագրելով 8,9 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 2 մլրդ 704 մլն դոլար, աճելով 0,8 տոկոսով: Այս տարվա հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է ներմուծման մոտ մեկ երրորդը, իսկ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 752 մլն դոլար:

Միայն օգոստոս ամսին արտաքին առեւտրաշրջանառությունն նվազել է 0,6 տոկոսով եւ կազմել 466 մլն դոլար: Արտահանումը կազմել է 126,8 մլն դոլար, ավելանալով 6,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 339,8 մլն դոլար, նվազելով 3 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին կազմել է մոտ 145 հազար դրամ, մասնավոր հատվածում` 179 հազար դրամ, պետականումՙ 116 հազար դրամ:

Այսպիսով, հարկ է արձանագրել, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում թեեւ շարունակում է աճել, բայց աճի տեմպը դանդաղել է: Տարվա վերջին 3-4 ամիսները սովորաբար համարվում են տնտեսապես ամենաաշխույժը, հետեւաբար, կարելի է ակնկալել, որ աճի տեմպերի որոշակի ավելացում կարձանագրվի, բայց անհավանական է, որ հասնի 6 կամ, առավել եւս, 7 տոկոսի, ինչին հասնելու նպատակ էր դրվել երկրի նախագահի եւ կառավարության կողմից: Հավանական է թվում, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կգտնվի 4-5 տոկոսի միջակայքում: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի երեկ հրապարակված զեկույցում այն կանխատեսումն էր արվում, որ մեր երկրի տնտեսական աճն այս տարի 4 տոկոսից ցածր կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ