RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 886, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

9-ամյա Արտակը, որը սովորում է Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 92 դպրոցում, որոշել է` երբ մեծանա, բժիշկ է դառնալու: Իսկ Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) կենտրոնական վարչության անդամ, հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը Արտակին քաջալերում է հետեւյալ խոսքերով. «Տարիներ հետո վերադառնալու եմ, որպեսզի իմանամ` դարձե՞լ ես բժիշկ, թե՞ ոչ»:

Արտակը եւ մյուս 606 աշակերտները, որոնք սովորում են Երեւանի Թեքեյանի անվան հիմնական դպրոցում, իրենց ապագա մասնագիտությունների ու զբաղմունքների վերաբերյալ տարբեր երազանքներ ունեն: Իսկ դպրոցում նրանց կրթում ու դաստիարակում են, որպեսզի ապագայում առաջին հերթին լավ մարդ դառնան եւ օգտակար լինեն իրենց երկրին: Նորություն չեմ ասում, բայց մի անգամ էլ նշեմ, որ երեխային կրթելու ու դաստիարակելու մեջ թերեւս ամենամեծ դերն ու պատասխանատվությունը մանկավարժինն է: Մի անգամ, երբ մասնագիտությունների մասին զրուցում էի ծանոթ մի հոգեբանի հետ, վերջինս առանձնացրեց բժշկի ու մանկավարժի մասնագիտությունները: Իհարկե, սա չի նշանակում, որ մյուսների դերը սակավ է, սակայն առողջ ու կիրթ հասարակության համար առաջինը պատասխանատու են այս երկուսը, որոնց աշխատանքը պետք է գնահատել ըստ արժանվույն:

«Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը, որն իրականացնում է Թեքեյան մշակութային միությունը, նույնպես գնահատանք է հայ ուսուցիչներին: Ծրագիրը իրագործվում է 2000 թվից: Ամեն տարի Հայաստանում ու Արցախում Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցների մանկավարժները ստանում են ֆինանսական օգնություն, իսկ նրանց գումարները գոյանում են շնորհիվ Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության կազմակերպած հանգանակության:

Սեպտեմբերի 20-ին միության անդամները Երեւանի Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի մանկավարժներին ու օժանդական աշխատողներին հանձնեցին նրանց համար արված նվիրատվությունները: Ուսուցիչներից ու ուսուցչուհիներից յուրաքանչյուրը (62 հոգի) ստացան 130 դոլարին համարժեք դրամ, իսկ օժանդակ աշխատակիցներից ամեն մեկը` 30 դոլարին համարժեք դրամ:

Ամեն տարի մանկավարժներին օգնությունը փոխանցելու միջոցառմանը ներկա են լինում նաեւ անդամներ ու վարչականներ Ամերիկայի ու Կանադայի ԹՄՄ-ից:

Երեկ ԹՄՄ-ում նվիրատվությունները փոխանցելուց հետո Երվանդ Ազատյանը եւ Դետրոյթից ԹՄՄ անդամ Հակոբ Մինասյանը շրջեցին դպրոցով, եղան Դետրոյթի մեր ազգայիններից Արետ Խնդիրյանի եւ վաղամեռիկ խմբագիր եւ լրագրող Հակոբ Պողոսյանի անվան եւ անվանակոչված այլ դասարաններում, նաեւ գրադարանում, որը վերանորոգվել է ԹՄՄ-ի աջակցությամբ:

Հակոբ Մինասյանը դպրոցում վերջին անգամ եղել էր 2001 թվականին: Ասում է, որ այստեղ տարիների ընթացքում շատ բան է փոխվել, եւ հատկապես ցավով նշում է, որ նվազել է աշակերտների թիվը: Տնօրեն Ծովինար Մարդանյանը եւս ընդգծում է աշակերտների թվի խնդիրը, թեեւ վերջին երկու տարիներին աշակերտներն ավելացել են, սակայն 607-ն այն թիվը չէ, որ պետք է ունենար դպրոցը, քանի որ նախատեսված է 1300 աշակերտի համար: Աշակերտների թվի համեմատությամբ` ուսուցիչներն ավելի են, ու չնայած օպտիմալացման գործընթացին` նրանց կրճատել չեն կարող, քանի որ դպրոցում աշխատելով են հոգում ապրուստի ծախսերը: «Հետեւաբար մեզ ձեռնտու է, որ աշակերտներն ավելանան», հավելում է տնօրենը:

Դպրոցի բյուջեն այս տարի կազմել է 62 միլիոն դրամ, որը մի կերպ է բավականացնում: Այստեղ առաջնային խնդիր է նաեւ մասնաշենքերի վերանորոգումը: Դրանցից մեկը կառուցվել է 1956 թվին, մյուսը` 1964-ին: Տնօրենն ասում է` եթե երկու շենքում էլ մասնակի վերանորոգումներ չլինեին, ապա դրանք հիմա շահագործելի չէին լինի:

Ուստի վերոնշյալ պայմաններում ուսուցիչներին օժանդակությունը խրախուսանք է ու խթան նրանց հետագա աշխատանքի համար` չնայած այս գումարն էլ հեշտությամբ չի հանգանակվում: Երվանդ Ազատյանը նշում է. «Եթե մարդկանց ասեքՙ եկեղեցի ենք կառուցում, դրա համար գումար կտան: Եթե ասենք` 2-րդ եկեղեցին ենք կառուցում, գումար դարձյալ կտան առանց հարցնելու` արդյոք ժողովուրդն ունի՞ դրա կարիքը: Բայց եթե ասենք, որ կուզենք օժանդակել ուսուցիչներին, որոնք լավ չեն վճարվում, դժբախտաբար այդ գումարը դժվարությամբ կուտան»:

«Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագրի մտահղացումը ԹՄՄ կենտրոնական վարչությանն է, իսկ այն կյանքի կոչելու մեջ մեծ է Մարո Պետրոսյանի ջանքերը:

Երվանդ Ազատյանը նաեւ ընդգծում է, որ նվիրատուի` յուրաքանչյուր ուսուցչի անունով տված գումարն ամբողջությամբ հասցնում են հենց ուսուցչին: Իսկ ծրագիրը համակարգում է ԹՄՄ գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը :

Երեկ դպրոցի անձնակազմն իր խորին շնորհակալությունը հայտնեց ԹՄՄ անդամներին եւ հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական:

Թեքեյանական խորհրդանիշը

Հարցին, թե ինչո՞վ են տարբերվում Թեքեյանի անվան դպրոցներում սովորող աշակերտները մյուս դպրոցների աշակերտներից, տնօրենը պատասխանում է. «Թեկուզ հենց նրանով, որ դպրոցը կրում է Թեքեյանի անունը»: Որեւէ այլ դպրոցի ուսումնական ծրագրում բանաստեղծ Վահան Թեքեյանն այդպես ներառված չէ, ինչպես Թեքեյանի անվան դպրոցների ծրագրերում: Եվ սա կարեւոր է ոչ թե նրա համար, որ Թեքեյանի անունն են կրում, այլ նրա համար, որ Վահան Թեքեյանն ազգային խորհրդանիշ է: Երվանդ Ազատյանն ասում է` Վահան Թեքեյանի բանաստեղծություններում կան մեր ժողովրդի պատմությունը, իմաստնությունն ու ապագան:

Թեքեյանի անվան դպրոցներում նրա ստեղծագործությունները խորացված դասավանդվում են, ցավոք, նույնը չենք կարող ասել մյուս դպրոցների մասին: «Մինչդեռ Թեքեյանը համազգային արժեք է, ինչպես Թումանյանը կամ մի քանի այլ բանաստեղծներ», հավելում է Երվանդ Ազատյանը:

Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցը միշտ մասնակցում է թեքեյանական միջոցառումներին: Տնօրեն Մարդանյանն ուրախությամբ ավելացնում է, որ անցած տարի` ասմունքի փառատոնի ժամանակ իրենց դպրոցի սաներն ասմունքել են Վ. Թեքեյանի բանաստեղծությունները, իսկ դպրոցը զբաղեցրել է առաջին տեղը:

Նկար 1. Ձախիցՙ Գայանե Մուրադյանը, Ծովինար Մարդանյանը, Երվանդ Ազատյանը եւ Հակոբ Մինասյանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ