RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



ԻՏԱԼԻԱ

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1395, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՈՄԻՏԱՍ ՏԱՐԱԾՈՂ ՎԱՐՊԵՏԱՑ ՔԱՌՅԱԿԸ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայ, սերբ, ռուս եւ իտալացի ջութակահարների համերգներին հնչում են բացառապես հայ հանճարի ստեղծագործությունները

Աշխարհի մշակութային կարեւորագույն օջախներից մեկումՙ Իտալիայի հյուսիսում, ստեղծվել ու իր մի քանի կարեւոր յուրօրինակություններով իմաստավորված ապրում է ջութակի վարպետների քառյակըՙ որի նմանը աշխարհի մեկ այլ վայրում ուղղակի գոյություն չունի:

Առաջին յուրօրինակությունն այն է, որ քառյակը ինտերնացիոնալ է: Առաջին ջութակ հայՙ Հրաչյա Գալստյան (Հայաստան, ապրում է իտալական Կրեմոնա քաղաքում), երկրորդ ջութակՙ սերբ Բորիս Բատալովիչ (Սերբիա, ապրում է սերբական Նովի Սադ քաղաքում), ալտՙ Արտյոմ Պետրովիչեւ (Ռուսաստան, ապրում է իտալական Կրեմոնա քաղաքում) եւ թավջութակՙ իտալացի Նիկոլա Սեգատտա (Իտալիա, ապրում է իտալական Տրենտո քաղաքում): Երկորդ յուրօրինակությունը, որ քառյակը կազմված է իտալական ջութակագործների բարձրագույն դպրոցում ուսանած ջութակի վարպետներից, որոնք նվագում են իրենց պատրաստած գործիքներով: Եվ երրորդը` քառյակի համերգացանկը բաղկացած է բացառապես մեկ անձի ստեղծագործություններից եւ դա հայ հանճար Կոմիտասն է:

Խմբի ստեղծման գաղափարը Երեւանի կոնսերվատորիայի եւ ապա իտալական ջութակագործների վարպետաց բարձրագույն դպրոցի շրջանավարտ Հրաչյա Գալստյանինն է, որն այսօր իր ընտանիքով ապրում եւ ստեղծագործում է Իտալիայի հյուսիսում գտնվող գողտրիկ Կրեմոնա քաղաքում: Գաղափարի շուրջը հավաքվածները չունեն հովանավոր, պրոդյուսեր, ֆինանսական լրացուցիչ միջոցներ, նրանք ընդամենը ունեն Կոմիտասը Եվրոպային ու նաեւ աշխարհին ներկայացնելու ազնիվ նպատակ:

Սա ուղղակի հոգով մշակույթին նվիրված անձանց անմեկնելի եւ անբացատրելի երեւույթ է, երբ հավաքվել են չորս անհատականություն, չորս աշխարահայացքի ու մշակույթի ներկայացուցիչ, գտել ընդհանուր լեզու եւ այդ «լեզվի» կրողը Կոմիտասն է: Նրանք հստակ գիտեն իրենց առաքելությունը, այն է նվագել ու ներկայացնել կոմիտասյան ելեւէջն ու թրթիռը եվրոպացի ունկնդրին: Նրանց յուրօրինակ համերգների աշխարհագրությունը արդեն դուրս է եկել Իտալիայի սահմաններից, հասել Շվեյցարիա եւ Ավստրիա: Հայաստանից հեռու նրանք նվագում եւ ապրեցնում են հայ հոգու ձայնը, մեր մշակի ու զինվորի պրկված նյարդերի ու մկանների թրթիռը, որն իր նրբագույն թելիկներով հավաքել ու հելունագործել է մեծն Վարպետ Կոմիտասը:

Վեհի եւ գեղեցիկի ասպետների այս քառյակի մասին տեղեկանում են միայն նրանք, ովքեր նրանց համերգների ունկնդիրն են: Վարպետաց քառյակի մասին տեղեկացողները, նրանց կատարումներով եւ Կոմիտասի յուրօրինակ մեկնաբանությունով հիցողների գնալով ստվարացող բանակում հիմնականում օտարազգիներն են եւ մեր հայրենակիցներին մատների վրա կարելի է հաշվել:

Այսօր, երբ մեր մշակութային ցանկացած ներկայացում կարող է դառնալ որոշիչ գրավականն ու բաղադրիչ հայկական մշակութային այցեքարտի, մենք մի տեսակ աններելի անմասնակից ենք մեր հանճարը ներկայացնող այսպիսի յուրօրինակ նախաձեռնություններին: Միգուցե համեստությունը սազական է իրենց առաքելությունը գիտակցող ի բնե մտավորական մարդկանց, բայց մեր կողմից մեծ շռայլություն է այս իրողությունը չօգտագործելն ու անտեսելը: Այսպիսի ազնիվ գաղափարները շատ դժվար են ծնվում եւ շատ դժվար էլ ապրում են, սակայն Հրաչյա Գալստյանի ազգանվեր նպատակի իրականացումը անցել է կայացման դժվար սահմանը եւ հիմա ուղղակի պետք է գոնե սկզբում բարոյապես օժանդակել ու աջակցել վարպետաց քառյակին եւ իր գաղափարակրին, որ նրա նախաձեռնությունը դառնա ուշադրության ու գնահատման արժանի նաեւ մայր հայրենիքում, որը կարող է ոգեւորիչ օրինակ հանդիսանալ մնացյալի համար: Անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որ տարբեր մշակույթների կրող այս քառյակի մեկնությամբ Կոմիտաս հանճարի լարային թրթիռը հասնի աշխարհի տարբեր անկյուններ, որ նրանց մշակութային առաքելությունը ծառայի իր գերագույն եւ հիմնական նպատակին:

Հրաչյա Գալստյանը վարվել է իր հոգու թելադրանքով, նա ջութակագործ է եւ ջութակ նվագելն ու համերգ տալը, այն էլ սակավաթիվ ունկնդրի մոտ ըստ էության չի կարող նյութական որեւէ լուրջ շարժառիթ ունենալ: Նրա նպատակի ու գաղափարի, իսկ ապա նաեւ դրա կենսագործման հիմնական շարժիչ ուժը Կոմիտասն է ու նրա գոհարների լարային մեկնաբանումը հայրենի եզերքից անդին: Սա բացառապես հոգու ճախրանք է եւ հայ մտավորականին վայել գործունեություն: Հրաչյա Գալստյան հայը ստեղծել է իր վարպետաց քառյակը, ու նվագում են նրանք ականջալուր լինելով միայն այն հիացմունքին ու ծափերին, որոնք որպես ամենամեծ վարձատրություն իրենց է տալիս ունկնդիրը: Այս յուրօրինակ նախաձեռնության մասին անհրաժեշտ է, որ տեղեկանան ոչ միայն մշակույթային ինտեգրացիայի համար պատասխանատու մարմինները, այլեւ նրանք, ովքեր արժեւորում են հոգեւորը, ովքեր հակված են իրական մեկենասության ու բարեգործության:

Նկար 1. Ձախից աջՙ Բորիս Բատալովիչ, Արտյոմ Պետրովիչեւ, Նիկոլա Սեգատտա, Հրաչյա Գալստյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ