RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 890, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՅՍՕՐ ԿՍԿՍՎԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԸ

ՇԱՀԵ ՎՐԴ. ԱՆԱՆՅԱՆ

Օրակարգի գլխավոր հարցերՙ Սրբադասում եւ Մկրտության օրակարգ

Հայաստանյայց եկեղեցում առկա հիմնախնդիրների, բարեկարգության ու դրանց լուծման եւ իրականացման ճանապարհների մասին խոսվում է արդեն մեկ հարյուրամյակից ավելի: Այդ հարցին ընդառաջ դեռեւս 20-րդ դարասկզբից գումարվել են բազմաթիվ մեծ ու փոքր ազգային եկեղեցական ժողովներ, հավաքներ, տրվել են որոշակի լուծումներ, բարձրացվել են հիմնահարցեր... Բավական է հիշել Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրոք 1906 թ. գումարված ժողովի առաջացրած խանդավառությունը, հակասական զգացումները, քննադատություններն ու երբեմն էլ հիասթափությունները: Այնուամենայնիվ, հակառակ կիրառված ու կիրառվող բոլոր ջանքերին, Հայաստանյայց եկեղեցին կրկին կարիք ունի նմանատիպ ժողովի, որի գումարման ավանդույթն ու ակունքները հասնում են ընդհուպ Ա դարի կես, երբ Հիսուս Քրիստոսի առաքյալներն իրենք էլ, զգալով եկեղեցում առկա հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունը, համատեղ որոշում կայացնելու նպատակով ժողով գումարեցին:

Ահա այս տեսլականին ընդառաջ այսօր էլ Հայաստանյայց եկեղեցին շարունակում է առաքյալների կողմից եկեղեցուն տրված ժողովական որոշում կայացնելու ավանդությունը: Սույն թվականի սեպտեմբերի 24-27-ը Հայաստանյայց եկեղեցու Մայր աթոռում գումարվող եպիսկոպոսաց ժողովն այս իմաստով, կարելի է ասել, բացառիկ է: Սակայն այն այդպիսին է ոչ միայն իր արտաքին լայնամասշտաբությամբ, այլ նաեւ պատմական նշանակությամբ ու քննարկվող հարցերի կարեւորությամբ: Առ այս կկամենայինք ընթերցողներին ներկայացնել մեր մի քանի մտածումներն ու խոհերը:

Նախ, Հայ եկեղեցու պատմության մեջ Սսի եւ Էջմիածնի աթոռների համատեղ ժողովի ու կանոնների ընդունման միայն մի դեպք է հայտնի` 1651 թ. աշնանը գումարված Երուսաղեմի ժողովը` Փիլիպպոս Ա Աղբակեցի Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ներսես Սեբաստացի Սսի աթոռակալի նախագահությամբ: Այստեղ ընդունված 13 կանոններն իրենց խոհական ու ազգաշեն բովանդակությամբ ամենից առաջ նպատակ ունեին երկու աթոռների միջեւ ստեղծել միասնական գործակցության ու համազգային միության նախապայման:

Իսկ դրանց մասին դրական արձագանքներով ողողված է այդ ժամանակաշրջանի գրեթե ողջ հայ պատմագրությունը: Հետեւաբար, իբրեւ Էջմիածնի Մայր աթոռի ու Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո աթոռի (որը Սսի աթոռի նվիրապետական անմիջական ժառանգորդն է) միջեւ գումարվող ժողով` այն արդեն իսկ իր պատմական նշանակությամբ անգնահատելի մի քայլ է հայ իրականության մեջ:

Երկրորդ, հայտնի է, որ ըստ Հայ եկեղեցու կանոնական ավանդույթի` եպիսկոպոսաց ժողովները պետք է գումարվեն տարին մեկ անգամ` քննելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու համար եկեղեցու առաջ ծառացած հարցերին ու հիմնախնդիրներին: Այս մասին են խոսում Հայ եկեղեցու ամենաառաջին ժողովներն ու գումարումները: Պատմական տարբեր հանգամանքների բերումով ու իշխող վարչակարգերի անբարյացակամությամբ պայմանավորված Հայաստանյայց եկեղեցին ոչ միշտ է կարողացել իրականացնել այս կարեւոր կանոնական դրույթը: Այսօր արդեն, երբ պատմական հանգամանքներն ու Հայոց անկախ պետականությունն ստեղծում են այդ բարենպաստ հողը, Հայաստանյայց եկեղեցին պետք է վերագտնի համաեկեղեցական ու համազգային հարցերին համատեղ որոշում տալու վճռականությունը: Չէ՞ որ մասնակցող եպիսկոպոսները ներկայացնում են աշխարհասփյուռ ողջ հայությունը` իբրեւ թեմակալ առաջնորդներ ու աթոռակալներ:

Եվ վերջապես, ժողովի օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը` Ս. Մկրտության ծիսակարգի բարեկարգում եւ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, նույնպես իրենց բովանդակային ու նաեւ դավանաբանական իմաստով ունեն կարեւոր նշանակություն: Հայտնի է, որ հավատացյալների կողմից հաճախ հնչում են ամենատարբեր դժգոհություններ, հարցեր եւ առաջարկներ` Ս. Մկրտության ծիսակարգի տեղային տարբերությունների եւ դրա հետ կապված ծիսական-կանոնական խնդիրների լուծման առնչությամբ: Դրա ամենացայտուն օրինակը, թերեւս, վերջին տարիներին առաջ եկած օտարազգի կնքահայրերի (քավոր) եւ խառն ամուսնությունների նախաշեմին օտար հարանվանությունների պատկանող մարդկանց մկրտության հարցն է Հայ եկեղեցում: Իհարկե, դրանք հարցերի ողջ շարանի մի մասն են միայն: Գումարվելիք եպիսկոպոսաց ժողովին ներկայացվելու է գործնական առաջարկ: Նախ` քննարկման է դրվելու արդեն մի քանի հնագույն ձեռագրերի հիման վրա կազմված Ս. Մկրտության ծիսակարգի միասնական բնագիրը, որին կից` նաեւ Ս. Մկրտությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ խրատական-ուսուցողական ձեռնարկը: Վերջինիս մեջ ուսուցողական մատչելի կերպով բացատրվում են Ս. Մկրտության հետ կապված եւ դրա համար անհրաժեշտ ծիսական-կանոնական եւ հավատքային սկզբունքները, որոնք անհրաժեշտ են Ս. Մկրտության ծեսի վավերական եւ լիարժեք իրականացման համար: Այնուհետեւ, քննարկման ոչ պակաս կարեւոր ու համազգային նշանակություն ունեցող հարց է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, որը, ի տարբերություն Ս. Մկրտության ծիսակարգի, կարող է որոշ մարդկանց աչքին նաեւ քաղաքական երանգ ստանալ (Ցեղասպանության զոհերի սրբադասմանն ավելի մանրամասնորեն կանդրադառնանք առաջիկային): Այս հարցը տարիներ շարունակ քննարկվել է Հայաստանյայց եկեղեցու երկու աթոռների (Ս. Էջմիածնի եւ Մեծի տան Կիլիկիո) կողմից ստեղծված համատեղ հանձնախմբի բազմաթիվ նիստերում: Առաջադրվող խնդիրներն ու հարցերը բազմազան են, բայց էական է մի շատ կարեւոր դրույթ. այս քայլով Հայաստանյայց եկեղեցին վերագտնելու է հավատի համար նահատակված անձանց սրբադասելու իր հնագույն ավանդությունը: Պետք չէ մոռանալ, որ թե՛ Ցեղասպանությունից առաջ եւ թե՛ Ցեղասպանությունից հետո Հայաստանյայց եկեղեցում եղել են քրիստոնեական հավատի բազում վկաներ, որոնց կյանքի օրինակը եւ սրբադասման պաշտոնականացումը վաղուց ի վեր կարոտ է համաեկեղեցական վավերականացման:

Անշուշտ, այս ժողովն առաջին մի քայլն է` Հայ եկեղեցու առաջ ծառացած հիմնահարցերին համատեղ լուծում գտնելու ճանապարհին: Իսկ որ գլոբալ զարգացումների ու հիմնախնդիրների առատությամբ աչքի ընկնող մեր դարաշրջանում դրանք այդքան էլ քիչ չեն, հայտնի է ամենքին: Մնում է միայն մաղթել, որ դրանց առատությունը նոր ուժ ու նախաձեռնություն հաղորդի Հայաստանյայց եկեղեցու թե՛ հոգեւորական եւ թե՛ աշխարհիկ անդամներին:

ՇԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆԱՆՅԱՆ, Միաբան Մայր աթոռ Ս. Էջմիածնի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ