RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 771, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՊԿ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԸՙ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի մոտեցումը, որ տանում է Մաքսային միություն

Եվրոպական միության հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները գրեթե չորս տարի տեւեցին` փաստացի ոչ մի արդյունքի չհասցնելով, քանի որ սեպտեմբերի երեքին, պարզվեց, Հայաստանն այրվում է Մաքսային միությանն անդամակցելու ցանկությամբ: Այդօրինակ ցանկությամբ այրվել ասվածը բնավ էլ հռետորաբանական չէ կամ էլ փոխաբերական, քանի որ գործընթացները, որ հաջորդում են այդ հայտարարությանը, վկայում են հենց այրող ցանկության մասին:

Չորս տարի ԵՄ հետ բանակցելուց հետո, ակնհայտորեն շատ ավելի կարճ ժամկետներում գործն ամեն գնով գլուխ բերելու նպատակամղումով, Հայաստանը հիմա էլ այնպիսի ինտենսիվությամբ է սկսել քննարկումներ ու բանակցություններ անցկացնել Մաքսային միությանը միանալու համար, որ գրեթե անհնար է լինում մարսել օրվա լրահոսը: Հատկապես որ Ասոցիացման համաձայնագրի երեկվա ջատագովներն այսօր քառապատկած եռանդով են Հայաստանը հրում Մաքսային միության կողմը:

Սեպտեմբերի երեքի Հայաստան-Ռուսաստան նախագահների հանդիպումը քիչ էր, արդեն երկրորդն էլ է փաստացի տեղի ունեցել` հանդիպման այլ ձեւաչափով: Երեկ աշխատանքային այցով Ռուսաստանի Սոչի քաղաքում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ մինչ այդ էլ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձեւաչափով հանդիպում, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

«Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման հարցինՙ որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է մեր երկրների ինքնիշխանության եւ անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման եւ արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից», ասել է Հայաստանի նախագահը` փաստացի ի մի բերելով վերջին շրջանի սեփական գործունեության շուրջը ծագած հարցերի պատասխանը, իհարկե, սեփական կամ գերտերության տրամաբանության տեսակետից:

Նախագահը հատկանշական մի շեշտադրում է արել` անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ գործելու խնդրին:

«Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվումՙ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունըՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը, եւ տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաեւ համատեղ հրամաններում»: Սարգսյանն ավելացրել է. «Սակայն, ի հակադրություն մեր իսկ ընդունած որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում եւ ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվումՙ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Հայաստանի նախագահը նշել է, որ շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն, բայց չի կարելի համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ: «Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»:

Անդրադառնալով Սիրիայի շուրջը ստեղծված իրավիճակին ու հնարավոր արձագանքներին` Սարգսյանը նշել է. «Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը եւ Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը եւ սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար»:

Այս ձեւակերպումների կողքին շատ հետաքրքրական է, որ մինչեւ ՀԱՊԿ նիստը նախագահ Սարգսյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Սոչիում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որի անելիքները ներկա դրությամբ նախագահից թերեւս շատ են, քանի որ Սոչին եզրափակելուց հետո ԱԳ նախարարը սեպտեմբերի 25-28-ը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ելույթ կունենա Հարվարդի համալսարանում, կլինի Նյու Յորքում, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:

Նյու Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Նախատեսված է նաեւ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ