RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 665, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԻՄԱ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՆՈ՞ՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կփոխվի՞ Հայաստանի կառավարության անհեռատես մոտեցումը

«Ազգ»-ի նախորդ համարից տեղեկանում ենք, որ գյուղատնտեսության նախարարի այս տարվա հունիսի 7-ի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանը` թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին:

«Ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը, երբ վերոնշյալ երկրները թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ իրենց երկրներում արգելվում է հայկական արտադրության ապրանքների ներկրումը», մեր այս այս հարցի առնչությամբ գյուղնախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ հիմնականում բացատրվում էր հարցի իրավական կողմը:

Համաձայն պարզաբանման, չնայած 2009 թվականի սեպտեմբերի 15-ի արգելքին, այդ երկրների ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չի դադարել եւ դարձել է ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ:

«Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետեւաբար որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել: Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որեւէ առեւտրային սահմանափակում չի կարող կիրառել», ասված է նախարարության պարզաբանման մեջ, ավելացնելով, որ նման սահմանափակումները կարող են իրականացվել միայն օրենքով: Միաժամանակ, նշվում է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունի համապատասխան ներուժ եւ ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով` «որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալու հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին»:

Այդուհանդերձ, այս պարզաբանումը ոչ մի կերպ չի փարատում այն մտահոգությունները, որոնք առաջ են եկել գյուղնախարարի վերոնշյալ հրամանից հետո: Նախ զարմանալի է, թե ի՞նչը հանկարծ ստիպեց գյուղնախարարին չեղյալ համարել իր նախորդ հրամանը: Եթե խոսքը միայն սննդամթերքի անվտանգության հարցը լիներ, ապա այդ հրամանը եւ նրան հաջորդող պարզաբանումը հասկանալի կլինեին: Սակայն, ինչպես նշել էինք գյուղնախարարությանն ուղղած հարցում, խնդիրն առավելապես քաղաքական է, եւ անհավանական է թվում, որ այդ հրամանը լինի գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությունը: Ենթադրելի է, որ դա առնվազն կառավարության մակարդակով կատարված քայլ է, ինչն առավել անհասկանալի է դարձնում իրավիճակը:

Գաղտնիք չէ, որ Թուրքիա հայկական արտադրության ոչ մի մթերք չի արտահանվում: Պատճառը թուրքական պետության կողմից հայկական ապրանքների նկատմամբ դրված բարձր (1000 տոկոս) մաքսերն են, որոնք 10 անգամ թանկացնում են հայկական ապրանքներն այդ երկիր մտնելիս: Հաջորդը, որի մասին մշտապես շեշտվում է միջազգային բոլոր մակարդակներով` Թուրքիայի կողմից Հայաստանի հետ փակ սահմանն է: Թուրքիան հենց այս վերապահումով է համաձայնել կողմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաեւ հարաբերությունների բացակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բնական է, որ Հայաստանը ոչ մի պարտավորություն չունի ԱՀԿ շրջանակներում Թուրքիայի նկատմամբ: Իսկ գուցե ունի՞, որի մասին հանրությունը չգիտի: Այդ դեպքում ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը, այլ կառավարությունը պետք է պարզաբանում տար գյուղնախարարի հրամանի տրամաբանության վերաբերյալ: Գուցե Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելո՞ւ միմյանց երկիր մուտք գործող ապրանքների համար խոչընդոտները: Նման ոչ մի տեղեկատվություն ոչ մի տեղից` Հայաստանից կամ Թուրքիայից չի եղել: Այդ դեպքում ո՞րն է թուրքական կենդանական եւ բուսական ապրանքների նկատմամբ մեր դռնելը լայն բացելու իմաստը: Պարզաբանում կտա՞ կառավարությունը, թե՞ կշարունակի լռություն խաղալ:

Կառավարության պարզաբանումն առավել պահանջված է հատկապես հայերի եւ Հայաստանի հանդեպ ընդգծված ագրեսիվ եւ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի ապրանքների ներմուծումը սահմանափակելու վերացման առնչությամբ: Գյուղնախարարության պարզաբանման մեջ Ադրբեջանի մասին խոսք անգամ չկա: Այդ երկրում ամեն օր զարթնում են հաջորդ օրը մեր դեմ պատերազմ սկսելու քարոզչությամբ եւ պատրաստությամբ: Այդ երկրում, եթե երրորդ երկրի միջոցով հայկական ապրանք է հայտնվում որեւէ խանութում, ապա դրա սեփականատերը գործ է ունենում այդ երկրի հատուկ ծառայությունների հետ: Իսկ ի՞նչ ենք անում մենք, մեր կառավարությունը: Ասում ենք` մենք դեմ չենք ադրբեջանական ապրանքների ներմուծմանըՙ նպաստելով ադրբեջանական գյուղատնտեսության զարգացմանը: Սա տեղավորվո՞ւմ է որեւէ տրամաբանության մեջ: Եթե այո, ապա հուսով ենք դա տեսնել կառավարության պարզաբանման մեջ: Եթե ոչ, ապա հարկ է անմիջապես փոխել նման, մեղմ ասած, անհեռատես մոտեցումը այս հարցի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ