RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԿԱՐԲԻԻ ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրված Վահան Թեքեյանի կիսանդրու դիմաց թարմ ծաղիկներ էին դրված: Կիսանդրու դիմաց, ինչպես դպրոցի անձնակազմն ասաց, միշտ են թարմ ծաղիկներ դրված լինում. այս դպրոցը հենց այնպես չի կրում ազգային խորհրդանիշ Թեքեյանի անունը, այստեղ հասկանում են, զգում, թե ինչ է դա նշանակում:

Սեպտեմբերի 23-ին, Թեքեյանի մշակութային միության անդամները դեռեւս 2000-ին նախաձեռնած «Ուսուցիչ մը հովանավորե» ծրագրի շրջանակներում այցելեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի միջնակարգ դպրոց: Հիշյալ ծրագրով Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության հանգանակությունների շնորհիվ Հայաստանում եւ Արցախում գործող Թեքեյանի անվան դպրոցների մանկավարժները ստանում են 130-ական ամերիկյան դոլարի, իսկ դպրոցների օժանդակ աշխատողները` 30 դոլարի համարժեք դրամի նվիրատվություն: Ծրագիրն ամենամյա է, եւ որպես կանոն նվիրատվությանը մասնակցում են Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան միության անդամներ եւ վարչականներ:

Շուրջ 5000 բնակչություն ունեցող Կարբիի դպրոցում սովորում են ավելի քան 600 աշակերտներ: Դպրոցն ունի 78 ուսուցիչ եւ 17 օժանդակ աշխատող, այս տարի թեքեյանցիները տվել են 58 շրջանավարտ, որոնցից 20-ն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դպրոցի փոխտնօրեն Ռուզան Սեխլեյանը նշեց, որ աշակերտների առաջադիմությունից ինքն ընդհանուր առմամբ գոհ է: Հենց տիկին Սեխլեյանի ուղեկցությամբ էլ շրջելով դպրոցում, տեսանք, որ կան բավականին լավ կահավորված դասարաններ, համակարգչային դասարան, բավականին հարուստ դպրոցական գրադարան, պարսկերենի դասարան (դպրոցում երեխաները, ցանկության պարագայում, կարող են սովորել պարսկերեն), մարզասրահ, բակում կա ֆուտբոլի դաշտ... Դպրոցի շենքը վերանորոգվել է երեք տարի առաջ: Թեքեյանցիներն ունեն իրենց դպրոցի շախմատի, կերպարվեստի, դիզայնի խմբակները, որտեղ սովորող աշակերտների գործերը զարդարում են դպրոցի պատերը: Տիկին Սեխլեյանը մեծ հպարտությամբ է խոսում դպրոցի երգչախմբի մասին, որտեղ ներառված են 40 աշակերտներ, եւ որը հաղթող է ճանաչվել մի շարք մարզային ու հանրապետական փառատոներում: Դպրոցն ունի նաեւ բանավեճի ակումբ, աշակերտները ամեն տարի մասնակից են լինում առարկայական օլիմպիադաների, որոնք անցկացվում են ինչպես հանրապետության մասշտաբով, այնպես էլ հանրապետության` Թեքեյանի անուն կրող դպրոցների միջեւ:

Թեքեյան դպրոցում են անցկացվում գյուղի կարեւոր միջոցառումները: Դպրոցի ընդարձակ ու հարմարավետ դահլիճում, որի աթոռները նույնպես սփյուռքահայ թեքեյանցիների նվիրատվությամբ են ձեռք բերվել, տիկին Սեխելայնի խոսքերով, հաճախ են կազմակերպվում գյուղական տարբեր միջոցառումներ, հանդիսություններ: Թեքեյան դպրոցը Կարբիի կենտրոններից է, եթե ոչ` կենտրոնը:

1991-ից դպրոցի տնօրենն է Արսեն Օհանյանը, որը մեր այցելության օրը Ֆրանսիայում էր:

Իհարկե, մեր օրերում ամեն մի ոլորտ նվիրատվության կարիք ունի: Բայց նվիրատվությունը մեր մանկավարժներին, ուսուցիչներին, ինչպես ընդգծում է Թեքեյան մշակութային միության պատասխանատու Գայանե Մուրադյանը, հատկապես կարեւորված է. «Քանի որ դրանով մենք ներդրում ենք անում մեր մատաղ սերնդի դաստիարակչության գործում»:

Կարբիի թեքեյանցիները շնորհակալություն են հայտնում ԹՄՄ անդամներին, բայց եւ ընդգծում` «Չենք ուզում, որ օգնությունն ու միմյանց կողքին կանգնելը միակողմանի` միայն Ձեր կողմից լինի: Մենք պատրաստ ենք ամեն տարի հյուրընկալել մեր գյուղում` մեր տներում, ԹՄՄ սփյուռքահայ անդամներին, թող գան, ու ավելի ջերմ ու անմիջական շփվենք...», ասում են նրանք:

Ի դեպ, Կարբիի թեքեյանցիները վերջերս, հիմնականում գյուղմթերքներով, օգնել են Խարբերդի հատուկ դպրոցի սաներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ