RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 823, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ՄԵԾ ԱԶԳԵՐԸ ՄԵԾ ՉԱՐԻՔՆԵՐ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՄԵԾ ՁԿՆԵՐԸ ՄԵԾ ԾՈՎԵՐՈՒՄ, ՈՐ ԱՆՎԵՐՋ ԿԼԱՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԵՐԻՆ»

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հայաստանում բորբոքված բանավեճերը եվրոմետ թե ռուսամետ կողմնորոշում ընդունելու հարցում հասել են իրենց բարձրակետին: Երկու մոտեցումն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու: Պարզապես զավեշտական է, երբ որոշ եվրոպասերների կողմից նույնիսկ հոխորտանքներ են հնչում Ռուսաստանի, Վլադիմիր Պուտինի հասցեին: Մի պետության, որի հետ արդեն, հարկադրաբար, հաշվի է նստում նույնիսկ, ռուսական թերթերից մեկի արտահայտությամբ, նեոհուդայական «բացառիկության» սինդրոմով համակված Ամերիկան: Զարմանալիորեն հաճախ են մոռացության մատնվում անողոք իրողություններն ու հատկապես փոքր ազգի ցանկության ու հնարավորությունների սկզբունքի հակասականությունը: Վերհիշենք աշխարհ տեսած մեր մեծինՙ Ավետիք Իսահակյանին. «Մեծ ազգերը մեծ չարիքներ են, ինչպես մեծ ձկները մեծ ծովերում, որ անվերջ կլանում են փոքրերին, ինչպես ուժեղ մարդիկ հասարակության մեջ, որ ճնշում են թույլերին: Փոքր ազգերը մշտական ճնշված պիտի մնան մեծերի կրունկների տակ»:

Որեւէ մեկի համար գաղտնի՞ք է, որ Հայաստանում քաղաքական-տնտեսական-ռազմական ամենաուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանը: Թե ինչու է այդպես, տարողունակ հարց է եւ այսօր քննության առարկա չէ: Եվրոպայի նպատակը մեկն էՙ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի հենց այդ ազդեցության ոլորտից, որից հետո մեր երկիրը կհայտնվի Բուլղարիայի նման խղճուկ վիճակում. երբեմնի լոլիկ արտահանող երկիրը, դառնալով Եվրոմիության անդամ, այսօր լոլիկ է ներմուծում, եւ հուսահատված երկու միլիոն բուլղարացիներ լավ կյանքի որոնումներով արդեն լքել են իրենց հայրենիքը` այն թողնելով օրեցօր բազմապատկվող թուրքական ու գնչուական համայնքներին:

Ռուսաստանյան մամուլում Հայաստանի նոր կողմնորոշման վերաբերյալ նյութերը պրագմատիկ են, մի կողմ են դրված զգացմունքային մոտեցումները: Թարգմանաբար, առանց մեկնաբանությունների, թերթի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ իմաստով խիստ բնորոշ, ինչ-որ տեղ մերկապարանոց խմբագրական մի հոդված, որ հրապարակել է «Նեզավիսիմայա գազետան»:

«Փոքր, բայց անհրաժեշտ հաղթանակ»

Հայաստանը արագ «մոռացավ» ԵՄ-ի հետ ասոցիացմանՙ վավերացման պատրաստ համաձայնագիրը եւ սկսեց աշխատանքը Մաքսային միություն (ՄՄ) մտնելու ուղղությամբ: Գերակայությունների նման ճշգրտման համար հանդիպում պահանջվեց ՌԴ-ի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Երեւանում հասարակայնության մի մասը իշխանությանը մեղադրեց ազգային շահերի դավաճանության մեջ եւ խոսքը հանգեցրեց Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ առասպելաբանության ավարտին: Հայաստանի իշխանությունները, արդարացնելով ՄՄ-ի մեջ մտնելու որոշումը, հայտարարեցին երկաթգծի աբխազական հատվածի մոտալուտ բացման մասին, ինչը հերքեցին ե՛ւ Թբիլիսին, ե՛ւ Սուխումը: Միաժամանակ հավաստվեց, որ Բրյուսելի հետ խոսակցությունը կշարունակվի: Սակայն դա էլ այդպես չէ: Եվրոչինովնիկների հետ եւս մի զրույց կարող է կայանալ միայն մի հարցի շուրջըՙ ո՞րն է Երեւանի դիրքորոշման փոփոխության պատճառը: Պատասխանը, իհարկե, գիտեն ե՛ւ բողոքող հայ հասարակայնությունը, ե՛ւ եվրոչինովնիկները: Մի՞թե որեւէ մեկը, հաշվի առնելով այն իրողությունները, որոնցում հայտնվել է Հայաստանը, ձեռքը խղճին կարող է հավաստիացնել, թե անհրաժեշտության դեպքում երկու միությունների միջեւ ընտրության հարցում Երեւանն ուներ այլ տարբերակ: Քանի՜ րոպե հետո հայկական կոնյակում ու հանքային ջրերում, մուրաբաներում ու հյութերում կհայտնաբերվեին ռուսաստանցիների համար վտանգավոր նյութեր: Իսկ Ռուսաստանում աշխատող ինչքա՜ն բազմահազար միգրանտների մոտ կհայտնաբերվեին «ոչ ճիշտ» փաստաթղթեր: Լեռնային Ղարաբաղի օրորվող խաղաղությունը կամրապնդվե՞ր Հայաստանի կողմից ԵՄ-ի օգտին ընտրություն կատարելու դեպքումՙ հրաժարվելով ՄՄ-ից: Այն պատճառները, որոնք Սարգսյանին դրդեցին հայտարարել ՄՄ-ին անդամագրվելու մասին, հասկանալի են: Անհասկանալի է ԵՄ-ի հետ երկամյա բանակցությունների իմաստը, երբ ե՛ւ Բրյուսելը, ե՛ւ Մոսկվան նախապես զգուշացրել էին միաժամանակ երկու միավորումներին անդամակցելու անթույլատրելիության մասին: Երեւանը մշակել էր, ասենք այսպեսՙ ԵՄ-ի հետ համաձայնագրի թեթեւացված տարբերակ, որում խոսք է գնում սոսկ ներքին բարեփոխումներ կատարելու եւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Ըստ երեւույթին, հայկական կողմը, միանշանակ Ռուսաստանի օգտին թողնելով ռազմական համագործակցության եւ անվտանգության հարցերը, հրաժարվելով ԵՄ մտնելու հեռանկարի քննարկումից, հույս էր դրել Մոսկվայի ներողամտության վրա: Եվ ի՜նչ կա որ, եթե Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունեցող փոքր, բայց ստրատեգիական դաշնակիցը, ՌԴ-ից չստանալով այն օգնությունը, ինչի վրա հույս է դնում, սկսի իր տնտեսական խնդիրները ինքնուրույն լուծել Եվրոպայի հետ առեւտրի միջոցով: Ավելին, խնդրեմ, կարելի է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, եւ ռուսական արտադրանքը անարգել դուրս կգա եվրոշուկա: Թվում էՙ միանգամայն ռացիոնալ մոտեցում է: Մինչդեռ այս փաստարկները կարող էին արդյունավետ լինել միայն Ուկրաինայի հետ հարաբերությունների որոշակիացման դեպքում: Եվ սկզբունքորեն այնքան էլ կարեւոր չէ, թե որ կողմ կնայեր Կիեւըՙ ԵՄ-ի, թե՞ ՄՄ-ի: Ի վերջո փոքրիկ Հայաստանը չէ Ռուսաստանի ինտեգրացիոն նպատակը, այլ հետխորհրդային տարածքի առավել «հետաքրքիր» երկրները: Իսկ քանի դեռ Ուկրաինայի հետ պարզորոշություն չկա, ապա ՄՄ-ի հետ նրա ինտեգրացման հակառակորդներին խաղաքարտ տալ Հայաստանի հեռանալու տեսքովՙ հավասարազոր է բուն գաղափարի սպանության: Այն հարցին, թե ՄՄ-ում ինչ լավ բան կա, եթե գրեթե բացարձակապես Ռուսաստանից կախված ստրատեգիական դաշնակիցը ճողոպրում է դեպի մյուս կողմը, պարզապես պատասխան չունի: Անշուշտ, Հայաստանին ՄՄ-ի մեջ ներքաշելու ձեռք բերված հաջողությունը չի կարող Ռուսաստանի համար հատուկ հպարտության առարկա լինել: Սակայն հրաժարվել նման հաղթանակիցՙ Ռուսաստանը չէր կարող: Նա չէր կարող իրեն նման շքեղություն թույլ տալ նույնիսկ դաշնակից երկրի խնդիրների լրիվ ընկալման, դրանց լուծման ասպարեզում իր անարդյունավետության գիտակցման դեպքում: Հիմա հետաքրքրական է դառնում ոչ միայն այն, թե ո՞ր դաշինքիՙ ԵՄ-ի, թե՞ ՄՄ-ի հետ են իրենց շաղկապում Ուկրաինան, Մոլդովան: Կամ ինչքանով է անկեղծ Վրաստանը, որի վարչապետը չի բացառում իր երկրի մուտքը ՄՄ, եթե դա շահավետ լինի: Հետաքրքրական է Ռուսաստանի արձագանքը թյուրքական պետությունների դաշինքի նկատմամբ, որի խնդիրը միասնական տնտեսական տարածության ու շուկայի ստեղծումն է: Նման որոշման մասին հայտարարվեց ադրբեջանական Գաբալայում վերջերս կայացած գագաթաժողովում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի լիդերների կողմից, որոնցից վերջինը ՄՄ-ի անդամ է, իսկ Ղրղզստանը պատրաստվում է անդամագրվել նրան: Մոսկվայի կողմից առայժմ չեն եղել հրապարակային հայտարարություններ, որոնք թույլ չտային ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների առեւտրատնտեսական միավորումների անդամներին այլ միավորումների անդամակցելու համատեղելիություն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ