RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



100-ամյակ

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՆՃԻԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ, Պատմ. գիտ. դոկտ. պրոֆեսոր, Արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ

Գիտնականը, գործիչը, քաղաքացին եւ մարդը

Լրացավ վաստակաշատ արեւելագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանում արեւելագիտության զարգացման բնագավառում խոշոր երախտավոր Հովհաննես Գրիգորի Ինճիկյանի ծննդյան 100-ամյակը: Տարիների հեռվից մեր առջեւ հառնում է անխոնջ մտավորականի, գիտնականի, գիտության եռանդուն ու հմուտ կազմակերպչի կերպարը, որի կյանքն ու գործունեությունը, հիրավի, հանդիսացել է իր հայրենիքին եւ հարազատ ժողովրդին բոլորանվեր ծառայելու եւ անձնադիր նվիրման փայլուն եւ ուսանելի օրինակ սերունդների համար:

Հ. Ինճիկյանը ծնվել է Ախալցխայում 1913 թ., տոհմիկ էրզրումցիների ընտանիքում: Նախնական կրթությունն Հ. Ինճիկյանը ստացել է իր ծննդավայրում, հաճախելով Ախալցխայի հայկական դպրոցը: 1925/26 ուսումնական տարում ավարտելով յոթերորդ դասարանը, նա մեկնում է Թիֆլիս եւ ընդունվում տեղի մանկավարժական տեխնիկումը, որոշելով, իրեն նվիրել ուսուցչությանը: Գերազանց առաջադիմությամբ ավարտելով այդ ուսումնական հաստատությունը, նա վերադառնում է իր ծննդավայրը եւ երեք տարի ուսուցչություն անում Ախալցխայի շրջանի գյուղերի հայկական դպրոցներում:

Սակայն նրա երազանքն է եղել բարձրագույն կրթություն ստանալը եւ իր երկրին ու ժողովրդին ավելի արդյունավետ կերպով նպաստ բերելը: Այդ նպատակին հետամուտ` 1934 թ. Հ. Ինճիկյանը մեկնում է Մոսկվա եւ ընդունվում Պատմության, փիլիսոփայության եւ գրականության ինստիտուտը, որը 1939 թ. ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվում Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայում որպես դասախոս: 1941 թ. պատերազմն ընդհատում է նրա դասախոսական աշխատանքը: Հ. Ինճիկյանը զինվորագրվում է խոհրդային բանակի շարքերը եւ 50-րդ բանակի կազմում մասնակցում Մոսկվայի պաշտպանությանը: Գործող բանակում արագորեն նկատելով Հ. Ինճիկյանի կազմակերպչական ունակությունները, 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատարությունը 1942 թ. նրան նշանակում է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար:

Բանակից զորացրվելուց հետո Հ. Ինճիկյանը որոշում է կայացնում հաստատվել Հայաստանում, որտեղ զբաղեցնում է մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում նաեւ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնը:

Սակայն այդ բոլոր տարիներին Հ. Ինճիկյանի տարերքն է եղել գիտությունը: Լինելով ստեղծագործական խառնվածքի տեր մարդ նա սկսում է կուսակցական-վարչական աշխատանքը զուգորդել նաեւ գիտահետազոտական պրպտումների հետ, հանրապետական եւ միութենական գիտական հանդեսներում տպագրելով մի շարք ուշագրավ հոդվածներ: Իսկ 1954 թ. պաշտպանում է ատենախոսություն, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Կարծես թե ճակատագիրը Հ. Ինճիկյանի համար նախանշել էր ճանապարհ դեպի արեւելագիտություն, որի նկատմամբ նրա վաղեմի հետաքրքրությունը քայլ առ քայլ նրա համար ուղի էր հարթում դեպի այդ վերին աստիճանի հետաքրքիր գիտության բնագավառը: Նրան հատկապես հետաքրքրում էր Թուրքիայի պատմությունը: Հավանաբար նրա հոգու եւ մտածողության խորը գաղտնարաններում խոսում էին նրա արեւմտահայ արմատները:

Դեռեւս 1943 թ. Հայաստանի գիտութունների ակադեմիայի հիմնադրումից հետո օրակարգի հարց էր դարձել հատուկ արեւելագիտական կենտրոն ունենալու խնդիրը, որը մեկ տասնամյակ շարունակ եփվում էր, չհանգեցնելով որեւէ գործնական արդյունքի:

Ի վերջո, 1958 թ. հոկտեմբերին Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությունը վերոհիշյալ խմբի բազայի վրա կազմակերպեց ԳԱ արեւելագիտության սեկտորը` Հայաստանի առաջին ինքնուրույն գիտահետազոտական արեւելագիտական հիմնարկությունը: Սեկտորի առաջին վարիչ նշանակվեց ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը: Սակայն լինելով բազմազբաղ մարդ, նա հենց ինքն էլ առաջարկել էր, որ ԳԱ նախագահությունը գտնի սեկտորի վարիչի համար թեկնածու: Ի վերջո ընտրությունը կանգ էր առել Հ. Ինճիկյանի վրա, որը եւ 1959 թ. նշանակվեց այդ պաշտոնում:

Արեւելագիտության սեկտորի վարիչի պաշտոնում ցայտուն կերպով դրսեւորվեցին Հ. Ինճիկյանի, որպես գիտության կազմակերպչի փայլուն հատկանիշները: Նրա վրա պատասխանատվություն էր դրված դնել հայ ժամանակակից արեւելագիտության հիմքերը, որը խորհրդային ամբողջատիրական համակարգի եւ գաղափարայնացված պետության պայմաններում մղված էր հետին պլան եւ նույնիսկ սխալված չենք լինի եթե ասենք, որ մոռացության էր մատնված: Ըստ էության Մոսկվայի Լազարյան ճեմարանի փակվելուց հետո հայ արեւելագիտություն, որպես գիտական ուղղություն, այլեւս գոյություն չուներ: Կային լոկ առանձին անհատներ, որոնց թվում նաեւ կարկառուն դեմքեր` Հ. Օրբելին, Հր. Աճառյանը, Հ. Մանանդյանը, Գր. Ղափանցյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Լ. Խաչիկյանը եւ ուրիշներ, որոնք հայագիտության խնդիրների հետ միաժամանակ զբաղվում էին նաեւ արեւելագիտական հարցերով:

Այսպիսով, Հ. Ինճիկյանի խնդիրն էր ստեղծել գիտական դպրոց, պատրաստել բարձր պրոֆեսիոնալիզմի տեր մասնագետներ, որոնք որակապես նոր մակարդակով աշխարհին պետք է ներկայացնեին անցյալի հայ արեւելագիտության փառավոր ավանդույթները: Իսկ ամենակարեւորըՙ անհրաժեշտ էր հայ արեւելագիտությունը սիրողական մակարդակից բարձրացնել գիտական մակարդակի:

Ձեռնամուխ լինելով եռանդուն գործունեության, կարճ ժամանակամիջոցի ընթացքում Հ. Ինճիկյանը կարողացավ նորաստեղծ գիտական օջախի շուրջը համախմբել տարբեր սերունդների պատկանող մի ամբողջ կոլեկտիվ: Սեկտորում հավաքվեցին նաեւ խանդավառ ու մեծ գործի գաղափարով ոգեշնչված շնորհալի եւ նվիրյալ երիտասարդներ` ապագա գիտնականներ: Դա իսկապես վառ ու ոգեւորիչ մի ժամանակաշրջան էր հայ արեւելագիտության պատմության մեջ:

Հ. Ինճիկյանի վիթխարի եռանդի, աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ քայլ առ քայլ սկսեցին լուծվել նորաստեղծ սեկտորի առջեւ կանգնած բոլոր խնդիրները: Նախ հեռանկարային երիտասարդների մի մեծ խումբ ուղարկվեց Մոսկվայի եւ Լենինգրադի արեւելագիտական կենտրոնները ասպիրանտական ուսումնառություն անցնելու համար: Սեկտորին կից սկսեց գործել նաեւ հայցորդների ինստիտուտը: Առհասարակ Հ. Ինճիկյանը անդուլ նվիրումով էր իրագործում գիտական կադրերի պատրաստման ու նրանց դաստիարակման գործը: Նա հազվագյուտ ունակության ուներ երիտասարդների մեջ նշմարելու գիտնականի տաղանդը եւ ամեն ինչ անում էր նրանց ինքնադրսեւորման համար:

Սեկտորի առջեւ կանգնած դժվարություններից մեկն էլ այն էր, որ Հայաստանի գրադարաններում չնչին թիվ էր կազմում արեւելագիտական գրականությունը, որը չէր կարող հենք հանդիսանալ գիտական լուրջ հետազոտություններ իրականացնելու համար: Հնարավոր եւ անհնարին միջոցներով Հ. Ինճիկյանը լուծեց այդ խնդիրը եւս եւ Սեկտորի գոյության տարիներին արդեն առկա էր արեւելագիտական մի հարուստ գրադարան, կարելի է նույնիսկ ասել մի հազվագյուտ գրադարան, որտեղ կային տարբեր լեզուներով այնպիսի գրքեր, որոնք բացակայում էին Խ. Միության որեւէ աեւելագիտական կենտրոնում եւ նույնիսկ հայտնի գրադարաններում:

Մյուս կարեւոր խնդիրը, ոը հույժ արագ լուծման կարիք ուներ, դա գիտաշխատողների կողմից օտար լեզուներ յուրացնելու հարցն էր: Հանրահայտ իրողություն է, որ խորհրդային շրջանում դպրոցական եւ նույնիսկ բուհական համակարգում ռուսերենից բացի մյուս օտար լեզուների ուսուցման դրվածքը չափազանց վատ էր: Անշուշտ, Սեկտորում հավաքագրված գիտաշխատողների մեծ մասը որպես կանոն տիրապետում էր իր ուսումնասիրած երկրի լեզվին, սակայն դա բնավ բավարար չէր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով արեւելագիտությամբ զբաղվելու համար: Այս օրախնդրի հարցը եւս Հ. Ինճիկյանը լուծեց վերին աստիճանի յուրահատուկ ձեւով: Քանի որ սեկտորը ֆինանսական միջոցներ չուներ օտար լեզվի ուսուցիչներ վարձելու համար, որպեսզի սեկտորի աշխատակիցները յուրացնեն այդ լեզուները, հենց Սեկտորում կազմակերպվեց լեզուների ուսուցման խմբակներ, որոնցում ուսուցանողները սեկտորի աշխատակիցներն էին, այսինքն մեկը մյուսին սովորեցնում էր իր իմացած լեզուն: Արդյունքում Սեկտորում գործում էին անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն եւ պարսկերեն լեզուների ուսուցման խմբեր:

Կարճ ժամանակամիջոցի ընթացքում Արեւելագիտության սեկտորը լայն ճանաչում գտավ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ արտասահմանում: Ընդլայնվեցին նաեւ նրա միջազգային կապերը: 1960 թ. Սեկտորի աշխատակիցները հրավիրվեցին մասնակցելու Արեւելագետների 25-րդ համաշխարհային կոնգրեսի աշխատանքներին:

Հայ արեւելագետները պետք է մշտապես երախտագիտությամբ հիշեն Հ. Ինճիկյանին, որպես մարդու, որի համառ եւ հետեւողական ջանքերի շնորհիվ Մոսկվան իր համաձայնությունը տվեց Արեւելագիտության սեկտորը վերածելու ինստիտուտի: Այդ շնորհակալ գործի վրա նա ծախսել է տարիների քրտնաջան ու համբերատար աշխատանք, ղեկավար մարմինների տարբեր հասցեներով գրել է հարյուրավոր նամակներ, դիմումներ, հիմնավորումներ, օգտագործել իր անձնական կապերը, մի խոսքով, անհնարինը դարձրել հնարավոր այդ մեծ նպատակը կյանքի կոչելու համար:

Գիտության հմուտ կազմակերպչից բացի, Հ. Ինճիկյանը նաեւ անվանի գիտնական էր: Արեւելագիտության սեկտորի վարիչի պաշտոնը ստանձնելուց հետո նա անվերադարձ դիմաշրջվեց դեպի թուրքագիտությունը եւ իր հետագա կյանքի երեք տասնամյակների ընթացքում անդուլ աշխատանքով մեծ արդյունքների հասավ: Անուրանելի է նրա ավանդը հայ թուրքագիտության բնագավառում:

Արեւելագիտության սեկտորի վարիչի պաշտոնը ստանձնելուց հետո միայն 15 տարի անց, 1974 թ. պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը, որը կոչված էր «Օսմանյան կայսրության ազգային բուրժուազիայի ձեւավորման ու զարգացման առանձնահատկութունները»: Այն որպես մենագրություն լույս տեսավ 1977 թ., անմիջապես արժանանալով մասնագետների եւ ընթերցող լայն հասարակայնության բարձր գնահատականին: Հ. Ինճիկյանի գրչին է պատկանում նաեւ «Օսմանյան կայսրության կործանումը» բարձրարժեք աշխատությունը: Նրա կողմից Հայաստանում, Ռուսաստանում եւ արտասահմանում տարբեր երկրների գիտական հանդեսներում տպագրվել են նաեւ բազմաթիվ արժեքավոր հոդվածներ, որոնք նրան բերել են մեծ ճանաչում:

Հ. Ինճիկյանի գիտական գործունեության կարապի երգը հանդիսացավ նրա «Ցեղասպանությունը եւ սոցիալական հոգեբանությունը» վերին աստիճանի հետաքրքրական աշխատությունը, որով նա քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ, ազնիվ ու կայուն հայրենասիրությամբ, ամբողջ էութամբ ընդվզեց իր ժողովրդի հանդեպ կատարված բարբարոսության ու արյունոտ նախճիրի դեմ:

Հ. Ինճիկյանը գիտական հասարակայնության շրջանում հարգված ու սիրված անձնավորություն էր: Տարիներ շարունակ նա հանդիսանում էր Գիտությունների ակադեմիայի «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի գլխավոր խմբագիրը: Նրան հաջողվեց իր անսպառ եռանդի ու հեղինակության շնորհիվ ամսագրի շուրջը համախմբել ժամանակի հայ մտավորականության ամենաճանաչված դեմքերին եւ այն դարձնել հայ հասարակական գիտության լավագույն հանդեսներից մեկը: Առհասարակ խմբագրական-հրատարակչական աշխատանքը Հ. Ինճիկյանի համար սրբազան գործ էր, նրա տարերքը, ինքնաբուխ նվիրումը:

Հ. Ինճիկյանը իր գիտական ու գիտակազմակերպչական գործունեությունը հաջողությամբ համատեղում էր դասախոսական աշխատանքի եւ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության հետ: Երեւանի տարբեր բուհերում նա տեսական ու գիտական բարձր մակարդակով վարել է մի շարք դասընթացներ: Մասնավորապես Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի նախկին ուսանողները առ այսօր հիշում են նրան եւ հարգում նրա հիշատակը:

Տարիներ շարունակ Հ. Ինճիկյանը հանդիսանում էր «Ասիայի եւ Աֆրիկայի համերաշխության կոմիտեի» հայկական բաժանմունքի նախագահը: Նա Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ էր, Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու, Երեւանի քաղխորհրդի պատգամավոր, արժանացել էր մի շարք կառավարական պարգեւների:

Հ. Ինճիկյանը արեւելագիտության սեկտորի վարիչի պաշտոնը վարեց ուղիղ տասներկու տարի` 1959-1971 թթ.: Երբ հիմնվեց ԳԱ արեւելագիտության ինստիտուտը, նա նշանակվեց տնօրենի տեղակալի պաշտոնում եւ մինչեւ իր կյանքի վերջը (1990 թ.) անփոփոխ կերպով վարեց այդ պաշտոնը:

Հ. Ինճիկյանի շեշտված հայրենասիրական մղումները ցույց տալու համար արժե բերել հետեւյալ ուշագրավ օրինակը: Դեռեւս 1964 թ., այսինքն նախքան 1965 թ. Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ հանվելը, երեք հայորդիներ, ակադեմիկոս-պատմաբան Ծատուր Աղայանը, Հովհաննես Ինճիկյանը եւ այն ժամանակ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գաղափարախոսության սեկտորի վարիչ, պատմաբան Ջոն Կիրակոսյանը, նամակով դիմել էին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմին, որի մեջ առաջ էին քաշում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցման հարցը: Այդ նամակը Կենտկոմի կողմից ուղարկվել էր Մոսկվա: Այդ բոլորի արդյունքը եղավ Ծիծեռնակաբերդում Եղեռնի հուշարձանի կառուցումը:

Հ. Ինճիկյանը խստապահանջ էր, բայց միեւնույն ժամանակ մարդկայնորեն զգայուն: Նա վերին աստիճանի բարի հոգի ունեցող, բարյացակամ մարդ էր, դյուրահաղորդ, հոգով շռայլ, անբռնազբոսիկ, ուրախ խառնվածքի տեր: Ոգեւորվում էր այն ամենով, ինչ որ լավն է: Նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ: Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք նաեւ սխալ են համարել նրան:

Հ. Ինճիկյանը նաեւ զվարճաբան մարդ էր, սիրում էր պատմել եւ լսել լավ սրամիտ անեկդոտներ, սակայն միաժամանակ նա ուներ մի խոր լրջություն: Չէր սիրում անհամբեր, անզուսպ, նեղմիտ մարդկանց: Մեծ հարգանք ուներ խելոք եւ ազնիվ մարդկանց նկատմամբ: Սիրում էր ճշտապահությունն ու կարգապահությունը: Նրա մոտ իսպառ բացակայում էր նախանձի զգացումը:

Հ. Ինճիկյանը հիանալի ընտանիքի հայր էր: Նրա ընտանիքը իսկական հայկական տիպար ընտանիք էր: Հ. Ինճիկյանը, այդ մարդկային ու քաղաքական հարուստ նկարագրով անհատականությունը անկասկած իր մշտամնա տեղն ունի մեր երախտավորների շարքում: Նրա առինքնող կերպարը եւ թողած անկորնչելի հիշատակը դեռ երկար կմնան նրա հետ շփված մարդկանց սրտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ