RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 681, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐՔԱՆԵՐԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընթերցողի դատին հանձնեց հայ-իրանական հարաբերությունների պատմահամեմատական արժեքավոր մի ուսումնասիրություն` իրանահայ լրագրող եւ հասարակական գործիչ Թամրազ Հովսեփյանի «Արքայից արքաներ. Կյուրոս Մեծ եւ Տիգրան Մեծ» աշխատությունը: Հեղինակը, քննության առնելով միմյանցից 450 տարի հեռավորությամբ ապրած, սակայն մարդկային բարձր արժանիքներով իրար խիստ նման երկու աշխարհակալների գործունեությունը, կարեւոր քայլ է անում` նոր եզրեր փնտրելու եւ ամրապնդելու հարեւան երկու ժողովուրդների փոխադարձ ըմբռնումները:

Նախքան մեծագործ արքաների պատմությանն անցնելը` հեղինակն ընդարձակ նախաբանում ի մի է բերում հնդեվրոպական ընդհանուր արմատից սերող մեր երկու ազգերի 4000-ամյա պատմությունը, դարերի խորքերից պեղում, համադրում մշակութային շատ նմանություններ եւ շեշտում մի կարեւոր հանգամանք. «Զույգ երկրները Հին աշխարհի քարտեզի վրա եղած այն եզակի պետություններից են, որոնք պահպանել են իրենց անունը եւ առ այսօր հանդես են գալիս ժողովրդագրական նույն կազմով, եւ որքան էլ զարմանալի է, սույն առնչությունների մասին առկա գրականությունը խիստ սակավ է եւ ժամանակակից մարդուն հնարավորություն չի տալիս իրապես հասկանալու հայ եւ պարսիկ ազգերի միջեւ հնուց անտի սկսված առնչությունները, որոնք շարունակվում են մինչեւ օրս»:

Այսպիսով, սկսած սկզբնաղբյուրների եւ պատմական փաստերի համադրությունից մինչեւ Կյուրոս (մ.թ.ա. 6-րդ դ.) եւ Տիգրան Մեծ (մ.թ.ա. 1-ին դ.) արքաների պատմություն, սույն աշխատությունը ծառայում է մի քանի կարեւոր նպատակի: Ժամանակի ճշգրիտ միջավայրը ներկայացնելու նպատակով հեղինակը լուսաբանում է ոչ միայն հայ-իրանական, այլեւ ընդհանրապես աշխարհաքաղաքական հնագույն առնչությունները` զգալի տեղ հատկացնելով ե՛ւ հայ ու պարսից, ե՛ւ մար, ասորի, բաբելացի, հույն ժողովուրդների պատմությանը: Միաժամանակ, նա վեր է հանում հզոր այլ տիրակալների անուններ, հետաքրքրական մանրամասներ հաղորդում Համուրաբիի, Աժդահակի, Տիգրան Երվանդյանի, Արտաշես Բարեպաշտի, Հուլիոս Կեսարի, Ալեքսանդր Մակեդոնացու, Միհրդատ Պոնտացու եւ այլոց մասին, հիշատակում ոչ միայն աշխարհահռչակ հույն եւ հայ պատմիչների` Հերոդոտոսի, Քսենոփոնի, Խորենացու պատմությունները, այլեւ քարեղեն հուշարձանների` Պերսեպոլիսի, Բեհիսթունի, Գանջնամեի, Նաղշե Ռոստամի արձանագրությունները, Արցախյան Տիգրանակերտի վկայությունները:

Անդրադառնալով Կյուրոս եւ Տիգրան Մեծ արքաներին` Թամրազ Հովսեփյանը, առաջին անգամ լինելով, կատարում է պատմական կարեւորագույն մի համեմատություն: Նա զարմանալի նմանություններ է գտնում երկու արքաների ինչպես մարդկային անձնազոհ վարքագծի, հասարակության առջեւ ունեցած պարտքի զգացման, վեհանձնության, տղամարդկային արժանապատվության բարձր գիտակցության, այնպես էլ հայրենիքն ամրապնդելու, պետական գործունեություն վարելու, այլ տարածքներ գրավելով` համընդհանուր ուժեղ ու բարեկեցիկ կայսրություն ստեղծելու նրանց ձգտումների միջեւ:

Ամենակարեւորըՙ գիրքը փակելիս ընթերցողը մեծ բավականություն է զգում աշխարհի հնագույն երկու ազգերի` հայերի եւ պարսիկների հերոսական պատմությունը վերապրելիս, բացահայտում դեռեւս մարդկային քաղաքակրթության արշալույսին անկախության համար նրանց մղած քաջարի պայքարը: Ընթերցողը խորը հիացմունքով է կարդում մարդու իրավունքների հռչակագիր ստեղծող Կյուրոսի պատմությունը, առինքնում Տիգրան Մեծի խաղաղասիրական ու շինարարական հզոր ձեռնարկներից, կիրթ ու զարգացած երիտասարդություն դաստիարակելու նրա ծրագրերից, Անտիոքի դաժան պետությունը բարությամբ հեղաշրջելու բացառիկ կարողությունից: Երիցս իրավացի է ԵՊՀ դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, երբ գրքի ընծայականում նշում է. «Այս գրքի կարիքը ներկա հասարակությունը շատ է զգում: Այն յուրօրինակ արժեք կարող է ներկայացնել թե՛ հայ, թե՛ պարսից ընթերցողի համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ