RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 650, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄՈՏ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ

Ռոման Ամոյանը վերադարձը նշանավորեց բրոնզե մեդալով

Բուդապեշտում վերջնագիծը հատեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայ ըմբիշներն առաջնությունում մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ նվաճեցին, իսկ թիմային հաշվարկում գրավեցին 5-րդ տեղը (28 միավոր)ՙ իրենցից առաջ թողնելով Ռուսաստանին (43), Կորեային (37), Հունգարիային (31) եւ Իրանին (29):

Հայաստանի հավաքականին առաջին մեդալը պարգեւեց Ռոման Ամոյանը (55 կգ): Եվրոպայի նախկին չեմպիոնն ու Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիրը երկար ընդմիջումից հետո մրցագորգ դուրս գալով, կարողացավ մեդալ նվաճել: Հաջորդաբար հաղթելով բելառուս Էլբեկ Տազուեւին, Ուկրաինան ներկայացնող Վուգար Ռահիմովին եւ ղազախ Նուրսուլթան Կալմուրզաեւին, Ռոմանը մտավ կիսաեզրափակիչ: Այդ փուլում նրա մրցակիցը հարավկորեացի Գույջին Չոյն էր, որն էլ հաղթանակած հեռացավ մրցագորգից: Ռոմանն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Ամերիկացի Թոմաս Սպենսեր Մանգոյին հաղթելով, Ամոյանն առաջին մեդալը պարգեւեց Հայաստանին:

Աշխարհի առաջնություններում Ամոյանն իր 3-րդ մեդալը նվաճեց: Մինչ այդ նա աշխարհի փոխչեմպիոն էր հռչակվել 2009-ին Հերնինգում կայացած մրցաշարում, իսկ հաջորդ տարի Մոսկվայում արժանացել էր բրոնզե պարգեւի:

Հայաստանի անկախության տարեդարձի օրը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) շատ էր ցանկանում աշխարհի չեմպիոնի տիտղոսով նվեր մատուցել հայրենիքին: Սակայն ցավոք չստացվեց: Նախնական գոտեմարտերում Արթուրը վստահ հաղթանակներ տոնեց իրանցի Աբաս Ալիյարիֆելզաբադիի, բուլղարացի Վլադիսլավ Մեթոդիեւի, ղազախ Վերուլան Իսկակովի եւ հունգարացի Բալաժ Կիսի նկատմամբ: Եզրափակիչում Ալեքսանյանը հանդիպեց ռուս ըմբիշ Նիկիտա Մելնիկովի հետ, որին պարտվել էր Կազանում կայացած Ունիվերսիադայի վճռորոշ գոտեմարտում: Համառ մրցապայքարում մրցակիցներից յուրաքանչյուրը 2-ական միավոր վաստակեց: Սակայն քանի որ Արթուրը 2 զգուշացում ուներ, հաղթանակը շնորհվեց ռուս ըմբիշին: Այսպես Արթուրը զրկվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսիցՙ բավարարվելով արծաթե մեդալով: Ընթացիկ մրցաշրջանում դա հայ ըմբիշի նվաճած արդեն 3-րդ մեդալն է: Հիշեցնենք, որ մարտին Թբիլիսիում նա 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել, իսկ Ունիվերսիադայում արժանացել էր արծաթե մեդալի:

Մեծ էին սպասելիքները նաեւ մեր մյուս փորձառու ըմբիշ, Եվրոպայի նախկին չեմպիոն, Լոնդոնի օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանից (74 կգ), սակայն նրան էլ չհաջողվեց կանգնել պատվո պատվանդանի վերին աստիճանին: Եվ կրկին հայ ըմբիշի հաղթարշավը կանգնեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչըՙ Ռոման Վլասովը, որին Արսենը պարտվել էր նաեւ Լոնդոնի օլիմպիադայում: Բուդապեշտում վաղեմի մրցակիցների գոտեմարտը կայացավ 1/8 եզրափակիչում: Մինչ այդ Ջուլֆալակյանը պայքարից դուրս էր մղել ավստրիացի Ֆլորիան Մարչլին: Վլասովի հետ գոտեմարտում Արսենը պարտվեց 1-6 հաշվով: Ռուս ըմբիշը մտավ եզրափակիչՙ հնարավորություն ընձեռելով Արսենին պայքարելու բրոնզե մեդալի համար: Այդ պայքարը հաջողությամբ պսակվեց: Հաջորդաբար հաղթելով պանամացի Ալվին Ալմենդրային, ղրղզ Էսենգելդի Կոժոբեկին եւ դանիացի Մարկ Մադսենին, Ջուլֆալակյանը բրոնզե մեդալակիր դարձավ:

Բրոնզե մեդալ կարող էին նվաճել նաեւ Ալեքսան Միքայելյանը (60 կգ) ու Սասուն Ղամբարյանը (66 կգ), սակայն նրանք պարտվեցին վճռորոշ գոտեմարտերում:

Եվ այսպես, Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցած մեր 13 ըմբիշները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ հայ ըմբիշներից միայն Դավիթ Սաֆարյանին (66 կգ) հաջողվեց նվաճել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ