RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2148, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 22

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտ դուրս եկան այն լուրերը (այդ թվում` «Ազգի»), որ Հայաստանի նախագահը մի նոր ուժային կառույց` միասնական քննչական մարմին է ստեղծում, դրա գլխավորումը հանձնելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Մի կողմից` Հովսեփյանի կուտակած փորձն ու անձերի, իշխանության, ընդդիմության, տնտեսական եւ քաղաքական միավորների վերաբերյալ տիրապետած ահռելի տեղեկատվությունը չեն կորչի` մեկ մարդ գիտե եւ կարող է ի տեղի եւ ժամանակի օգտագործել այն ահռելի բազան, ինչի չնչին մասը տասնյակ մարդիկ պետք է ժամանակ, նյարդեր եւ ռեսուրսներ ծախսելով իմանան աշխատանքն ի կատար ածելիս:

Մյուս կողմից` այդ տեղեկատվությունը համակարգային առումով կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, նայած ի՞նչն է դրված այսպիսի վերակազմավորման հիմքում:

Ուշադիր կարդալով միասնական քննչական մարմին կազմավորելու նախագահ Սարգսյանի երեկ հրապարակված հրամանագիրը` մի շարք տողատակեր կարելի է նկատել: Փաստորեն նախագահ Սարգսյանը տարբեր կառույցներում առկա քննչական մարմինները միավորում է մեկ կառույցի մեջ` քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու համար: Այլ խոսքով` պաշտպանության նախարարության, ոստիկանության, Պետեկամուտների կոմիտեի քննչական մարմինները, որտեղից գործերը դատարան գնում կամ չեն գնում, այլեւս սեպարատ խաղեր պետք է չտան, գործեր չկոծկեն, կամ հակառակը` գերատեսչական շահով չառաջնորդվեն գործ քննելիս:

Այդպե՞ս հասկանանք: Կամ միգուցե շահերը համակարգելու խնդիր կա՞ր: Ո՞րն է նոր գերկառույցի ստեղծման նպատակը:

Ավելի հասկանալի դարձնենք մեր խոսքը` միգուցե այս կենտրոնացումից նվազե՞ն զորամասերում տարբեր հանգամանքներում մահացած զինվորների «ինքնասպանություն» որակումները կամ ավելանան այնպիսի գործեր, ինչպիսին երիտասարդ իրավաբան Սերգեյ Գրիգորյանինն է, ով Պետեկամուտների կոմիտեի դեմ հայցով վիճարկել է իր ներկրած մեքենայի մաքսազերծման բարձր, ոչ իրական վճարը եւ Վերաքննիչ դատարանով հայցի բավարարում ստացել` երկու հազար դոլարով պակաս մաքսազերծման իր իրավունքը պաշտպանելով: Կամ մեր մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները այսուհետեւ ռիսկ կանեն գուցե վիճարկել իրենց վզին փաթաթվող այն հարկերը, որոնք նրանց անարդարացի եւ չհիմնավորված են թվում: Կամ ոստիկանությունից առանց ապացուցողական հիմքերի ոչ մի գործ այլեւս չի՞ հայտնվի դատարանում, այլ խոսքով` այլեւս կհրաժարվեն «գործ սարքելու» դեռեւս հանդիպող պրակտիկայից:

Շարունակելով ընթերցել նախագահ Սարգսյանի հրամանագիրըՙ նշենք, որ ստեղծվելիք մարմինը ապահովվում է իրավական եւ օրենսդրական հիմքով. միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո վերջինս պետք է մշակի եւ նախագահի աշխատակազմ ներկայացնի քննչական մարմնի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը, իսկ մինչեւ վրջիններիս գործողության մեջ մտնելը կառավարությունը համապատասխան իրավական ակտերի նախագծեր պետք է մշակի` միասնական քննչական մարմնի կազմավորման եւ գործունեության ֆինանսական, շենքային եւ նյութատեխնիկական ապահովման նպատակով: Հետաքրքական է նաեւ քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման` նախագահի հրամանագրում ներկայացված հավելվածով առանձնացված կազմը. հանձնաժողովի նախագահՙ Աղվան Հովսեփյան, անդամներՙ Արամ Թամազյան, Գեորգի Կուտոյան, Գրիգոր Մուրադյան, Պավել Սաֆարյան, Արա Նազարյան, Տիգրան Բարսեղյան, Գագիկ Համբարձումյան, Վարդան Եղիազարյան եւ այլք:

Նախագահը փաստորեն ստեղծում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի պես մի բան, այդպիսի կառույց ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եւ կարելի է ասել, որ այս երկու երկրներում էլ այդ կառույցները բավական ազդեցիկ են: ԱՄՆ-ում այդ կառույցը բավական անկախ է նախագահից, թեեւ չի կարելի պնդել, որ կոռումպացված չէ, իսկ Ռուսաստանում համանան կառույցը հաճախ է ուղղորդվում անցանկալի գործարարների դեմ: Ինչի՞ համար է ստեղծվում մերը, արդյո՞ք դեր է ունեցել տարբեր համակարգերում գործող քննչական կառույցների կախվածությունը տվյալ գերատեսչությունների ղեկավարներից իսկապես, այդպիսով սնելով այդ կառույցների հանդեպ անվստահությունը հանրության մեջ, թե՞ այս պահին ազդեցությունների գերկենտրոնացած եւ երկրի նախագահին ավելի հաշվետու կառույցի խնդիր է լուծվում, կանխելու համար ամեն տեսակ, այդ թվում տնտեսական կենտրոնախույս շարժումները, որը կդառնա լրացուցիչ եւ բացառիկ լծակներով օժտված գործիք իշխանության ներսի հակասությունները զսպելիս, սա դեռ հետո կերեւա: Պարզ է սակայն մի բան` այս նոր կառույցի ղեկավարը շատ մեծ լիազորությունների տիրապետելով` պարզապես մշտապես կարող է հայտնվել լարի վրա քայլողի վտանգավոր վիճակում, քանի որ որքան լիազորությունները մեծ են, այնքան ավելի որոշումների ճակատագրականության ու սխալվելու հնարավորությունը մեծանում է: Հավանաբար սա հաշվի են առել կառույցի ղեկավարի թեկնածությունը նկատի ունենալիս, քանի որ Ա. Հովսեփյանի` հապշտապ որոշումներ չկայացնելու, տասնյակ անգամներ չափելու եւ ապա մեկ կտրելու գործելակերպը գուցե հավասարակշռի կառույցի մեծ լիազորությունների վեկտորը: Տեսնենք թե ինչ դուրս կգա այս նոր կառույցից:

Իսկ ընդհանրապես, եթե լայն առումով նայենք` հանրության համար որեւէ նոր կառույցի ստեղծումը կգնահատվի, եթե պետք է օգնի իրավապահ եւ քննչական մարմինների հանդեպ նրա վստահության բարձրացմանը: Դրվա՞ծ է արդյոք նման խնդիր, թե՞ միայն ներիշխանական ազդեցությունների վերաբաշխման խնդիրն է լուծվում, հանրությանը միայն սա է հետաքրքրում: Երկրորդի դեպքում հասարակությունը ոչ մի շահ չունի այդպիսի վերակազմավորումներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ