RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1419, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՄԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Մ. Խ.

Մեկ օր առաջ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Լիճքի հատվածում տեղի ունեցածը մտորելու տեղիք է տալիս: Մեր ռազմավարական գործընկեր երկրի սահմանապահ ներկայացած, ազգությամբ ռուս անձինք անհարգալիր են վարվել Հայաստանի քաղաքացիների, ավելին, հայ պատգամավորի` Զարուհի Փոստանջյանի հանդեպ, տեսախցիկ կոտրել, տեղաշարժ խոչընդոտել (Զ. Փոստանջյանն ու նրա կուսակիցները գնում էին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին առաջադրված իրենց կուսակցի քարոզարշավին): Երկրի ներսում ինչո՞ւ են անկախ երկրի քաղաքացիներին կանգնեցնում ռուս սահմանապահները, սա միգուցե հենց Հայաստանի համապատասխան մարմինների բացթողումն է, որոնք ռուսների ներհանրապետական անելիքներն իրենք պետք է անեին ու այդպիսի իրավիճակ թույլ չտային` փոխգործակցության պայմանավորվածություն կա, չէ՞: Նույնիսկ այն դեպքում, երբ ռուս սահմանապահները հետախուզվող անձ են փնտրում, դա պետք է անեն մեր համապատասխան ծառայությունների հետ եւ ոչ թե ինքնադրսեւորվեն:

Ի՞նչ է սա. եթե սադրանք է` հատկապես ո՞ր, հայկական, թե՞ ռուսական կողմին է պետք եղել, անձերի՞, թե՞ ծառայությունների մակարդակով է սադրանքը ստեղծվել: Անկախ նրանից, որ երեկ մեր լրատվամիջոցները պաթոսով եւ արդարացի դատապարտում էին այն իրողությունը, թե` ինքնիշխան երկրի ներսում այլ պետություն ներկայացնող անձինք նվաստացրել են Հայաստան պետության քաղաքացիներին, փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հնարավոր եղել նման բան:

Արդյո՞ք կարող են իրականությանը դույզն- ինչ մոտ լինել այն կանխատեսումները, որ ռազմավարական գործընկերը արդեն կենցաղային եւ այլ մակարդակներով կուզենա ցուցադրել իր ներկայությունը, այդպիսով շատ հարցերի հետ կապված հիշեցնելով իր մասին: Պարզ թյուրիմացությո՞ւն է, թե՞ լավ մտածված, դետալացված գործողություն: Եթե պարզ թյուրիմացություն է եղել, ապա սա շատ հեշտ կարելի է չեզոքացնել` պաշտոնական ներողությամբ ՀՀ-ից, ու հայկական կողմն էլ եթե պաշտոնապես գնահատական հնչեցնի: Այս դեպքում որպես եզակի դեպք, պատահականություն տեղի ունեցողը գուցե հարթվի-մոռացվի:

Սակայն եթե գոնե ռուս սահմանապահների մակարդակով ուժի ցուցադրում է եղել ՀՀ քաղաքացիների հանդեպ` սրանից մերոնք պետք է հետեւություններ անեն, թե արդյո՞ք Մաքսային միություն մտնելը կարող է այս պատահականություններն օրինաչափություն դարձնել, անկախ նրանից, որ ի վերջո տեղի ունեցողում գուցե դեր է ունեցել ընդդիմադիր պատգամավորի սովորաբար ակտիվ պահվածքը: Բոլոր դեպքերում չենք կարծում, որ մեր հանրությունն անտարբեր մնա այս տեսակ դրսեւորումների հանդեպ: Երկուշաբթի Ազգային ժողովում պարզաբանում պետք է պահանջվի տեղի ունեցածի վերաբերյալ, անգամ մի դատապարտող հայտարարություն ընդունվի: Իսկ մինչ այդ միգուցե ռուս սահմանապահների կողմից ինչ-որ պաշտոնական հայտարարություն կհնչի, ու ըստ այդմ տեղի ունեցողը շարունակություն կունենա:

Եթե սադրանքի տարբերակն է` պետք է մտածել, թե ո՞ր կողմին է դա ձեռնտու. միգուցե ինչ-որ մեկին պետք է այս կարգի միջադեպերո՞վ Հայաստանում «հակամաքսային տրամադրություններ» սնել, կամ ինչպես Գեղամյանն է ասում` խնդիր է դրված ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա եւ հայաստանցիների վզին փաթաթել, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանն ինքնիշխանություն է կորցնում: Չգիտենք, բայց դեպքի մանրամասները բացահայտել արժե` ճիշտ հետեւությունների հանգելու համար: Բոլոր դեպքերում անընկալելի է մնում, թե ինչու պետք է մեր երկրի ներպետական ճանապարհին թեկուզ հայկական սահմանը հայերիս հետ համատեղ հսկող ռուս սահմանապահը կանգնեցնի Հայաստանի քաղաքացիներին եւ անվայելուչ պահի իրեն: Այստեղ նաեւ իրավական գնահատականի կարիք կա, եւ ռուս սահմանապահ ղեկավարությունը հենց պետք է շահագրգիռ լինի` բացահայտելու տեղի ունեցածի շարժառիթները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ