RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1604, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԳԻՉ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ժողովրդական երգն ու երաժշտությունն այսօր կարծես թե մղվել են երկրորդ պլան` տեղը զիջելով փոփին, ռեփին, ռաբիսին: Ցավալի է, որ մենք հեռանում ենք մեր արմատներից, ազգայինից եւ ժամանակակից երեւալու մոլուցքով տարվածՙ ընկնում նման անցողիկ, ոչ այդքան արժեք ներկայացնող երաժշտության հետեւից:

Հատկանշական է, որ կան դեռ երիտասարդներ, ցավոքՙ քիչ, որոնք շարունակում են ազգային, ժողովրդական երաժշտության տարածումը:

«Ազգը» օրերս զրուցեց Մավր Մկրտչյանի հետ, որը հանրությանն առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծից: Նա նշում է, որ ժողովրդական երգի հանդեպ սերը գալիս է հորից, ինչպես նաեւ այն տարածաշրջանից, որտեղից սերվել է` Ջավախքից:


- Վիլյամ Սարոյանն ասում էր. «Ժյուրիի գնահատականն ինձ համար ոչինչ է»: Մավր, իսկ ի՞նչ է քեզ համար ժյուրիի գնահատականը:

- Ժյուրի անդամներին ես դիտարկում եմ որպես տվյալ ասպարեզի փորձառու, բանիմաց մարդկանց, որոնք իրենց փորձով կիսվում են մեզ հետ: Իսկ եթե ժյուրին քննադատում է, ապա դրան դրական եմ վերաբերում, քանի որ այդ քննադատություններն ուղղակի անհրաժեշտություն են եւ յուրաքանչյուր կարծիքի հետ հաշվի եմ նստում:

- Եթե չեմ սխալվում, Ֆլորա Մարտիրոսյանը խոսք էր տվել քեզ իր հետ շրջագայությունների տանել եւ որպես հետնորդ քեզ էր տեսնում: Մի փոքր կպատմե՞ս քո եւ անկրկնելի երգչուհու հարաբերությունների, ցավոք, նաեւ արդեն անիրական պլանների մասին:

- Իմ կյանքի ամենակարեւոր ու նշանակալի իրողություններից մեկն էր ճանաչել ու շփվել Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Այն առանձնակի ստիմուլ է տալիս ինձ աշխատելու, ստեղծագործելու, որովհետեւ արժանանալ մի մարդու լավ կարծիքին, գովեստին, որը ամբողջ մի ազգի համար լեգենդ է դարձել, կրթել, դաստիարակել է երիտասարդ սերնդին, դա արդեն իսկ երջանկություն եւ պատասխանատվություն է: Այս թեմայով առաջին անգամ եմ խոսում, ընդհանրապես չեմ խոսել, բայց միեւնույնն էՙ բոլոր փակագծերը չեմ կարող բացել: Տիկին Ֆլորան պատրաստում էր համատեղ ծրագրեր, նույնիսկ համատեղ երգ ձայնագրելու, ինչպես նաեւ համերգային ծրագրով պետք է հանդես գայինք Ջավախքում: Մնացած չակերտները չեմ ցանկանում բացել...

- Ո՞րն է եղել Ֆլորա Մարտիրոսյանի հետ աշխատելու ընթացքում կրած գլխավոր ազդեցությունը:

- Երբ մարդ հասնում է բարձունքի, նա չի հասնում ձայնի, տեխնիկայի շնորհիվ: Դրան հասնելու ճանապարհը համալիր մի գործողություն է, որի վրա ազդում է ոչ միայն տաղանդը, այլեւ` մարդկային կերպարն ու զարգացումը: Ես այդ ամբողջը միաժամանակ տեսա Ֆլորա Մարտիրոսյանի մեջ: Նրանից շատ բան սովորեցի ու հասկացա. բացի երգ-երաժշտության մասին մտածելուց, պետք է մտածել ամեն ինչի մասին` ազգի, ներկա երաժշտական վատ վիճակի, ազգային շատ հարցերի շուրջ: Դա ինձ մտածելու առիթ տվեց, որ բացի լավ երաժիշտ լինելուց, ազգի մասին մտածող մարդ պետք է լինես:

- Ժողովրդական երաժշտությունը, ցավոք, այսօր զիջում է իր տեղն ու անցնում երկրոդ պլան: Դու լինելով երիտասարդ, ի՞նչը գրավեց քեզ եւ ինչո՞ւ որոշեցին ընտրել հենց այս ոլորտը:

- Բավականին ժամանակ է ուսումնասիրել եմ այս խնդիրը եւ իմ ստեղծագործական ընդմիջումը` «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո, կապված էր իմ անելիքների, ոճային հստակեցումների հետ: Մանկուց իմ մեջ արմատներով, գեներով նստած է ժողովրդական երաժշտությունը: Հիմա մենք մեզ պետք է հարց տանք, թե ինչո՞ւ է մղվել այն երկրորդ պլան: Ժողովրդական երգերը կարող են առաջին հորիզոնականում հայտնվել, եթե ճիշտ մատուցես` ժամանակին համընթաց: Այժմ ցանկանում եմ այդ ասպարեզում նորություն մտցնել` մասայականացնել մասնավորապես մեր սերնդակիցների շրջանում:

- Ո՞րն է լինելու քո նորարարական մոտեցումը:

- Ես չկտրվելով արմատներից, ցանկանում եմ փոխել արտահայտչամիջոցները, որպեսզի այդ երաժշտությունը էլ ավելի տարածվի հանրության շրջանում: Տեխնիկան այսօր այնպես է զարգացել, որ մեր ականջը սովոր է ժամանակակից հնչողության: Մենք ժողովրդական երգը պատկերացնում ենք 60-70 ական թվականների մատուցմամբ: Ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ այս ուղղությամբ նոր մոտեցումներ չեն ձեւավորվում: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր ճաշակն է թելադրում, սակայն չեմ ասում, որ ամբողջությամբ պետք է ինտեգրվենք ժամանակակից ճաշակի մեջ, բայց, իհարկե, հարկավոր է սինթեզել դրանք:

- Կան երգեր, որոնք երգելու համար անհրաժեշտ է կյանքի փորձ: Լսելով քեզ` հետաքրքրական հարց է ծագումՙ այդքան երիտասարդ լինելով, ինչպե՞ս ես կարողանում այդպես զգալ ու մատուցել երգը:

- Ճիշտն ասածՙ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Երգելով ցանկանում եմ ներքին ասելիքս բարձրաձայնել: Երգում եմ ուղղակի անկեղծ: Չգիտեմ, թե ինչպես եք զգում, հավանաբար այն կապված է իմ մարդ տեսակի հետ: Կյանքի որոշ խնդիրներ եւս ազդել են, բայց այդ ամենի արդյունքը միանշանակ գենն է:

- Օրերս մեկնարկեց նաեւ «Երեւանյան երաժշտական շաբաթ» նախագիծը, որի մասնակիցներից ես: Ըստ քեզ, որն է այս նախագծի առանձնահատկությունը:

- «Երեւանյան երաժշտական շաբաթն», ըստ իս, վերջին տարիների լավագույն մտահղացումներից մեկն է: Եթե նախագծում աշխատում է Էմիլ Կառատի նման պրոֆեսիոնալ անհատը, ապա դա լուրջ նախադրյալ է լուրջ արդյունք ստանալու համար:

- Այժմ ի՞նչ գործունեություն ես ծավալում:

- Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա իմ առաջին մենահամերգը, որն իր ձեւաչափով կտարբերվի համերգային մյուս ծրագրերից: Համերգի ռեժիսորը Էմիլ Կառատն է լինելու, իսկ մնացյալ հարցերում ինձ օգնում են ընկերներս:

Հ. Գ. Հուսանք խոշոր կազմակերպությունները անորակ սերիալների փոխարեն կսկսեն հովանավորել նման տաղանդաշատ երգիչների, որոնք չհեռանալով արմատներիցՙ տարածում են ազգային, ժողովրդական երաժշտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ