RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013



Տեղադրվել է` 2013-09-27 23:28:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1394, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, ՌԱԿ ատենադպիր

Հեռուստատեսության, մամուլի ու ԶԼՄ-ների մյուս տեսակների ներկայացման ոճերից հաճախ այն տպավորությունն է ստեղծվում, որ հայրենիքը, ժողովրդին սիրում, նրա համար պայքարել ու պայքարում են միայն նրանք, ովքեր զենքը ձեռքին մարտադաշտում են կռվել: Իհարկե, նրանց կատարած գործն ամեն ինչից առավել է, մարտիկները` արժանի ամեն տեսակ մեծարման, սակայն հարկավոր է, որ բոլորս տեղին ու ժամանակին գնահատենք, արժանին մատուցենք նաեւ նրանց, ովքեր թեեւ զենք չեն բռնել ու չեն ապրել մահվան սարսափները, բայց ավելի նվազ չափով չեն ծառայել ու զորակցել մայր հայրենիքին: Հակառակ դեպքում, բոլոր նրանք, ովքեր այլ միջոցներով են սատարել հայրենիքին, կհայտնվեն չգնահատվածի կարգավիճակում:

Այդ կարեւոր հարցին ճիշտ լուծում տալու ուղին որդեգրած հայրենի իշխանությունները Հայաստանի անկախության 22-ամյա հոբելյանի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանով «բարերար Բաբկեն Մկրյանին (ԱՄՆ) պարգեւատրեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»: Այդ հաճելի առիթով իրենց հյուրընկալ ու արեւշատ երեւանյան հարկի տակ հանդիպեցի ընկեր Մկրյանին ու նրա կյանքի անբաժան ընկեր տիկին Անահիտին: Շնորհավորեցի: Հուզված էր: Անկեղծ, պարզ ու մաքուր տարիքն առած երեխայի էր նման: Շոյված էր իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից: Ակամա մտածեցի, որ հաստատ ճիշտ մարդու են պարգեւատրել, որովհետեւ նա գնահատում է, շատ ուրախ է ու հպարտ: Թե չէ ոմանք համարում են, որ այդպես էլ պետք է լիներ, եւ ինչ-որ մեդալ ոչինչ է իրենց նման «մեծության» համար: Հարցրեցի` երկա՞ր ճանապահ էր, դժվարություններ շա՞տ էին մինչ այս հանգրվանը:

Մի պահ մտածեց: Մանկան նման արագ-արագ թարթում էր աչքերը, ինչ-որ կարեւոր բան էր ուզում հիշել հավանաբար, կամ երեւի ինչ-որ բան ուզում էր ավելի կարեւորել:

- Հալեպում եմ ծնվել, 1939 թ. ապրիլ 15-ին: 1968-ին գաղթել եմ (մի պահ կանգ առավ ու հարցրեց ինձ` գաղթե՞լ եմ, թե՞ արտագաղթել, ու պատասխանի չսպասելովՙ շարունակեց) ԱՄՆ: Գնացինք Անահիտի ու 4-ամյա Կարո անդրանիկ զավակիս հետ: Գիտեմ, կմտածեք լավ կյանքի համար եմ գնացել, սակայն այդպես չէ: Բոլոր հարազատներս այնտեղ էին, գնացի, որ միանամ նրանց: Սկզբում աշխատեցի բանկում, հետո սեփական գործս ձեռնարկեցի: ԱՄՆ-ում ծնվեցին Արամս ու Թանիաս:

Որտեղ էլ ապրեցի, որքան էլ վաստակեցի, երբեք միայն անձնականիս համար չծախսեցի: Շարունակաբար օգնել եմ մարդկանց, մասնակցել ազգային ու եկեղեցական տարբեր ձեռնարկների:

1970 թ. ընկ. Երվանդ Ազատյանի կնքահայրությամբ անդամագրվեցի ՌԱԿ-ին եւ մինչ օրս հավատարմորեն ծառայում եմ այդ կուսակցությանն ու նրա բոլոր հայրենանպաստ ձեռնարկներին:

Երբեմն դժվարանում էր խոսել, մի քիչ վատառողջ էր, մի քիչ էլ հայերեն բառերն էին փախչում: Չէր ուզում այդ թեմայով խոսել, խնդրեցի, պնդեցի:

- Որքան էլ հարստացանք, երբեք չմոռացանք մի մասը ազգին, եկեղեցուն ու կուսակցությանը բաժին հանել: Բազմաթիվ ձեռնարկներով եւ անձնական նվիրատվություններով օգնել ենք Թեքեյանի դպրոցներին, Երուսաղեմի պատրիարքությանը, Արցախին, Ջավախքին, ՀՀ դեսպանատներին, սատարել Մայր աթոռ Ս. Էջմիածնի շատ ձեռնարկների: Վերջերս, օրինակ, Օշականում հողեր գնեցինք ու նվիրեցինք եկեղեցուն, որտեղ գեղեցիկ ու ազգային մասունքները ներկայացնող պուրակ պիտի լինի: Երկար տարիներ Հայոց եկեղեցու արեւելյան թեմական խորհրդի անդամ եմ: Եկեղեցու կողմից պարգեւատրված եմ «Ներսես Շնորհալի» եւ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով եւ բազմաթիվ շնորհակալագրերով:

Իմ այն հարցին, թե ի՞նչ են նշանակում այդ բոլոր պարգեւները Ձեզ համար, իրեն հատուկ պարզությամբ, մի քիչ զարմացավ, ապա շարունակեց.

- Հպարտություն են, հզորություն, գնահատված լինելու լավագույն ապրումներ, ոչ միայն իմ, այլեւ ընտանիքիս, զավակներիս, ութ հրաշք թոռնիկներիս համար, բայց...:

Բավական երկար ընդմիջեց խոսքը, ապա շարունակեց.

- Դրանք ավելի շատ պարտավորեցնող են, ավելին անելու կոչ-հորդորներ, ուրիշներին գործի մեջ ներգրավելու առաջադրանք են, գալիքին ավելի վստահ ու համարձակ նայելու հնարավորություն:

Իր յուրահատուկ ու համեղ սուրճով մեր զրույցին միացավ տիկին Անահիտը: Գորովալից հայացքով հաճախ էր նայում ամուսնուն, լրացնում, հուշում: Չգիտեմ ինչու, բայց մորս էր հիշեցնում, նրա ամեն ինչում մայրություն կար:

- Առանց Անահիտի բարեհաճության ու անմիջական մասնակցության ոչինչ չէր ստացվի: Ինչ արել եմ, ինչի հասել եմ, կեսից ավելինՙ նրա շնորհիվ: Մեր տան դռները միշտ բաց են եղել, բազմաթիվ մարդիկ են այնտեղ բնակվել, հատկապես եկեղեցու շատ սպասավորներ բուժվելու եւ այլ առիթներով ամեն անգամ Ամերիկա գալուց իրենց են հյուրընկալվել: Պատահական չէ, որ Գարեգին Վեհափառը Անահիտին «Վարդապետներուն մայր» է կոչում:

- Մի անգամ,- արձագանքելով իմ այն դիտարկմանը, թե կանայք ավելի նյութասեր են եւ ավելի շատ են ձգտում բարեկեցիկ կյանքի, իսկ դուք ոչ միայն դեմ չեք լինում, այլեւ ինքներդ եք քաջալերում ու նպաստում բարեգործություններ անելու, ասաց տիկին Անահիտը,- մի լավ մուշտակ հավնեցանք, ինձ ալ շատ կսազեր, բայց երբ առաջին անգամ Ջավախք գացինք ու շատ տխուր տպավորություններ ստացանք, որովհետեւ հոն լույս չկար, հացը սուղ էր եւ այլն, ես խնդրեցի մուշտակի գումարով Ջավախքի որբերուն օգնել: Այդ արարքս մինչ օրս ինձ ավելի կջերմացնե, քան ամենատաք ու հաստ շատ մուշտակները միասին:

- Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, լավ փոփոխություններն, անշուշտ, աչքի են զարնում: Ամերիկայում հպարտորեն պատմում ենք այդ մասին, սակայն կան նաեւ մտահոգիչ երեւույթներ, որոնցից ամենացավոտը, թերեւս, շարունակվող արտագաղթն է, որը նման է շարունակվող արյունահոսության: Դրանից մարմինն ամեն օր թուլանում է, չի դիմանա, բոլորս պիտի դարմանենք:

- Գիտեմ որ շատ ձեռնարկների եք մասնակցում, կթվարկե՞ք մի քանիսը:

- Դրանք մեր ժողովրդի համար են: Ասեմ, որ ազգային շատ ձեռնարկների եմ մասնակցում, օգնել եմ ու օգնում եմ մեր եկեղեցուն: Օրինակՙ Վեհափառի միջոցով որպես օգնություն տարեկան միայն 50.000 ԱՄՆ դոլար Ջավախքի առաջնորդարանին ենք փոխանցում, օգնում ենք ՌԱԿ մամուլին, մասնավորաբարՙ «Միրոր-սփեքթեյթր»-ին: Վերջերս ֆիզիկական արատներով ծնված հիվանդ երեխաների սատար եղանք: Նպաստեցինք նաեւ ՌԱԿ-ի մի շարք ձեռնարկներին, հովանավորեցինք միջոցառումներ եւ այլն:

Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա համամիտ եմ Ձեր այն տեսակետին, որ Հայաստանում համագումար պիտի հրավիրվի, կուսակցությունը դառնա հայաստանակենտրոն, համագումարըՙ շրջադարձային: Համոզված եմ, կխթանի նաեւ կենտրոնատեղի ունենալու փաստը:

Շատ բան կար զրուցելու, սակայն որոշեցի չչարաշահել այդ հյուրընկալ ընտանիքի համբերությունը: Մեկ անգամ էլ շնորհավորեցի պետական բարձր պարգեւի եւ հաճելի տպավորությունների համար: Հրաժեշտ տվեցի տարիների հարստությունից հզորացած, ամերիկաբնակ, սակայն իր ողջ էությամբ հայեցի, մարդամոտ, ավանդապաշտ եւ, ամենակարեւորը, հոգեւոր արժեքները նյութական հարստությունից գերադասող մեր օրերում քիչ հանդիպող ընտանիքին կրկին հանդիպելու ցանկությամբ:

Նկար 2. Երկու տարի առաջ, իրենց ամուսնության 50-ամյակի առթիվ, տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները ստանում են Վեհափառ հայրապետի օրհնությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ