RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



«ՄԵԴԻԱ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1026, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՆԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ Է ՍՏԱՆԱԼՈՒ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ հոկտեմբերի 9-ին հարեւան երկրում կայանալու են նախագահական ընտրություններ, սակայն Ադրբեջանում չկա այն մթնոլորտը, որը սովորաբար լինում է համապետական նման միջոցառումներից առաջ:

«Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի շրջանում ավելի մեծ հետաքրքրություն կար, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Հիմա այնպիսի տպավորությունը է, որ ոչ մեկին չեն հետաքրքրում այս ընտրությունները», ասաց Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը ՙ հավելելով, որ հասարակության անտարբերությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով:

Ըստ քաղաքագետի, ընտրությունների օրը մի քանի անգամ փոխվեց եւ ամեն անգամ քարոզարշավ անցկացնելու ժամանակն ավելի կրճատվեց, քարոզարշավը մոտենում է ավարտին, իսկ հեռուստատեսությամբ դեռ նոր է սկսվել քարոզչությունը: Բազմաթիվ թեկնածուներ չեն կարողանում եթերում երեւալ, քանի որ առկա է ճնշումների հսկայական ալիք: Բնակչությունը տեղյակ չէ առաջիկա ընտրությունների մասին, քանի որ հատկապես ընդդիմադիր թեկնածուները չեն կարողանում բնակիչների հետ հանդիպել: Հեռավոր շրջաններում թեկնածուների հանդիպումներն ու նախընտրական քարոզարշավն ամեն կերպ խոչընդոտում են: Քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր փորձել են հանդիպել ընտրողների հետ:

«Բնակչությունը կարծում է, որ առանձնակի տարբերություն չկաՙ գնա ընտրությունների, թե՞ ոչ: Միեւնույն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, թե ով է ընտրվելու նախագահ, նույնիսկ քանի տոկոս ձայն պետք է ասվի գործող նախագահի օգտին: Այս ամենը բերել է նրան, որ հասարակության շրջանում հետաքրքրվածություն չկա», տեսազանգի միջոցով ասաց քաղաքագետը:

Երեւանից քննարկմանը մասնակցող Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությամբՙ Ադրբեջանում հետաքրքրվածություն չկա, քանի որ ընտրություն էլ չկա, չկա ու չի կարող լինել ինտրիգ, մրցակցություն: «Ընտրությունների արդյունքը հայտնի է բոլորին: Դրա մասին գիտեն թե՛ Ադրբեջանից դուրս, թե՛ Ադրբեջանում», ասաց Իսկանդարյանըՙ հավելելով, որ համամիտ է նախագահ Սարգսյանի այն կարծիքին, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, ձեռնտու է Հայաստանին:

«Եթե ընտրություններից հետո էլ պահպանվի կայունություն, դա առայժմ ձեռնտու է Հայաստանին»:

Անդրադառնալով ադրբեջանցի կինոռեժիսոր, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված խնդիրներին, Իսկանդարյանն ասաց, որ թեպետ ընտրություններում հաղթելու իրական շանս չուներ, սակայն կինոռեժիսորի մասնակցությունն ավելի հետաքրքրական կդարձներ ընտրությունների ընթացքը: Մասնավորապես ավելի շատ կոնֆլիկտներ կլինեին, ու միջազգային հանրությունն ավելի կդատապարտեր Ադրբեջանի ընտրությունները: Սակայն Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել էր Իբրահիմբեկովի թեկնածությունըՙ պատճառաբանությամբ, որ նա Ռուսաստանի քաղաքացի է:

Արիֆ Յունուսի գնահատմամբՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի թեկնածուների տեսակետերը տարբեր են: Հարցի առնչությամբ Ալիեւի տեսակետը չի փոխվել: «Խնդիրը պետք է լուծել բանակցային ճանապարհով, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի եւ ամեն պահի կարող ենք դիմել ռազմական գործողությունների», նախագահի տեսակետն է ներկայացնում Յունուսըՙ հավելելով, որ մնացած թեկնածուների կարծիքները տարբերվում են: Թեկնածուների մի մասը հույս չի դնում բանակցությունների կարգավորման վրա եւ կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով: Մի մասի կարծիքով էլ մինչ կոնֆլիկտի մասին խոսելը, նախ հասարակությունների միջեւ պետք է երկխոսության դաշտ ստեղծել, լուծել երկրում առկա բազմաթիվ խնդիրներ, ընդհուպՙ բանակի, հետո նոր մտածել հակամարտության կարգավորման մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ