RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1334, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԹՌԻՉՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ Է, ԹԵ՞...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ անել «Զվարթնոցի» հին շենքը

Երեւանի նոր օդանավակայանի շինարարությունը սկսվեց 2008-ին: Մինչ այդ երկար բանակցություններ վարվեցին արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեքյանի հետ, Հայաստանի կառավարությունն ու գործարարին պատկանող ընկերությունը պայմանավորվեցին, որ պետք է կառուցվի նոր, ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող օդանավակայան: Այդ նպատակի համար արգենտինահայ գործարարը պետք է կատարեր 320 մլն դոլարի ներդրում` ներառյալ ենթակառուցվածքներն ու ժամանակակից սարքավորումները: Ընդամենը 2 տարի անց օդանավակայանի նոր համալիրն արդեն կառուցված էր: Իսկապես հոյակապ եւ աշխարհին ներկայանալի օդանավակայան, որով, անկասկած, հպարտանում ենք բոլորս:

«Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն այժմ նպատակ ունի նոր մաստեր-պլան ներկայացնել, որով նախատեսվում է ապագայում ընդլայնել օդանավակայանը` հասցնելով մինչեւ 3,5 մլն ուղեւոր սպասարկելու հնարավորություններին: Դրա համար կոնցեսիոն կառավարիչը ցանկանում է ընդլայնել օդանավակայանը, անհրաժեշտություն կլինի քանդել օդանավակայանի հին եւ ներկայումս չօգտագործվող շենքը: Թվում է, թե որեւէ խնդիր չպետք է առաջանա, քանի որ այդ շենքն այլեւս չի գործածվում ըստ նշանակության, եւ նոր օդանավակայանն էլ արդեն լիարժեք գործում է: Սակայն, ինչպես հաճախ է պատահում վերջերս, այս անգամ եւս զարգացման ծրագիրը բախվում է դիմադրության:

Հասարակության եւ մասնավորապես ճարտարապետների որոշակի շրջանակներ դեմ են արտահայտվում «Զվարթնոցի» հին շենքը քանդելուն, ասելով, որ ճարտարապետական հուշարձան է, որը նաեւ միջազգային մրցանակ է շահել: Նրանք առաջարկում են օգտագործել այս շենքը, բայց թե ինչպե՞ս, ըստ էության որոշակի չեն ասվում: Ոմանք առաջարկում են այն օգտագործել այսպես կոչված ներքին թռիչքների համար, մյուսներն առաջարկում են պահպանել պարզապես որպես հուշարձան եւ նոր օդանավակայանին հարակից կառույց: Սակայն թե առաջին, թե երկրորդ տեսակետները չեն դիմանում քննադատության:

Նախ անհասկանալի է, թե ի՞նչ ներքին թռիչքների մասին է խոսքը: Հայաստանում ո՞ր քաղաքից որ քաղաքն են թռչում օդանավով: Եթե անգամ ապագայում գործարկվեն փոքր օդանավակայաններ եւՙ ենթադրենք, Երեւանից Գյումրի կամ Վանաձոր չվերթեր լինեն, ապա անհրաժեշտ է, որ առաջին հերթին այդ շենքը կարողանա սպասարկել այդ թռիչքները, այսինքնՙ կատարի իր գործառնական նշանակությունը: Ակնհայտ է, որ դա հնարավոր չէ: Շենքն ապահովված չէ այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են թռիչքները սպասարկելու համար, ի սկզբանե սխալ լուծումներով է կառուցվել որպես օդանավակայան, իսկ օդանավային թռիչքներ սպասարկելը տաքսիների դիսպետչերական կետ չէ եւ պահանջում է խիստ մասնագիտացված մոտեցում: Եվ հետո, ինչպե՞ս կարելի է կոնցեսիոներից պահանջել, որ օգտագործի այս շենքը, եթե ընկերության մասնագետները գտնում են, որ հին շենքն այլեւս պիտանի չէ որպես օդանավակայան: Պարզապես զարմանալի է, երբ մարդիկ, ընդ որում մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ, առանց հաշվի առնելու այլ ոլորտի մասնագետների կարծիքները, վերջնագրային ձեւով իրենց տեսակետն են պարտադրում: Չենք խոսում այն մասին, որ Հայաստանում նման մեծածավալ ներդրումներ կատարած անձի եւ նրա ընկերության հետ նման ձեւով խոսելն արդեն իսկ անընդունելի է, հատկապես եթե նման ներդրողների առատություն, մեղմ ասած, չունենք:

Առավել արտառոց է շենքը որպես թանգարան պահպանելու առաջարկը: Նախ շենքն արդեն իսկ քայքայվում է, հիմնանորոգելու եւ պահպանելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ: Մասնավորապես նշվում է 10-12 մլն դոլար: Ո՞ր կառույցը պետք է պահպանի կամ շահագործի շենքը, որպես ի՞նչ պետք է պահպանվի` ուղղակի ճարտարապետական հուշարձան, թե՞ թանգարան իր ցուցանմուշներով: Եթե որպես շենք, ապա ո՞րն է դատարկ շենքը որպես արձան պահպանելու իմաստը: Ծիծաղելի է այն համեմատել համաշխարահային ճարտարապետության գլուխգործոցների հետ, որոնք պահպանվում են տարբեր երկրներում եւ հազարավոր զբոսաշրջիկների հոսք ապահովում: Այս շենքը երբեք աչքի չի ընկել զբոսաշրջիկների համար որպես գրավիչ հուշարձան, ինչպես օրինակ` Զվարթնոց տաճարի ավերակները: Եթե որպես թանգարան, ապա ի՞նչ թանգարան եւ ո՞վ է այցելելու քաղաքից կտրված եւ պարբերաբար օդանավերի թռիչքներով խլացվող այդ տարածքը: Ի՞նչ կարելի է այնտեղ ցուցադրել, որ, այս հանգամանքներից անկախ, գրավի այցելուներին, եւ եթե այդ նույն ցուցանմուշները կարելի է պահել քաղաքում, ինչո՞ւ դրանք տանել քաղաքից դուրս գտնվող շենք:

Եվ ամենակարեւորը, կրկին հիշեցնենք, որ «Զվարթնոցի» հին շենքը կառուցվել է որպես օդանավակայան, իսկ օդանավակայանը թռիչքների համար է, ոչ թե պարզապես շենք: Եթե այլեւս օդանավակայան չէ, ուրեմն շենքն այլեւս պետք չէ, եթե չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, առավել եւս չի կարող այլ նպատակի ծառայել: Ուրեմն պետք է միայն ողջունել, որ կառուցվել եւ կառուցվելու է նորն ու ժամանակակիցը, ինչին խանգարում է հին եւ այլեւս ոչ պիտանի դարձած շենքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ