RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 716, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐԸՙ «ՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆՈՎ» ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՈՒ ԿԵՆՑԱՂԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ

Գ. Մ.

Մեր տարբեր մակարդակների իշխանավորները, թվում է, մի զարմանալի սովորություն ունեն իրենց մասնակցությամբ ամեն ինչ վերածելու շոուի, ցուցադրության, Երեւանից դուրս ամենագեղեցիկ տոնախմբությունն իսկՙ հանրապետության որեւէ ղեկավար պաշտոնյայի այցի, պայմանավորելով այդ այցով: Անցած կիրակիՙ հոկտեմբերի 13-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան) ընդարձակ բակում հավաքված առնվազն մի քանի հարյուր մարդ, նաեւ քաղաքի հյուրեր ու միջոցառումների մասնակիցներ, շատերըՙ երեխաներին գրկած, ստիպված եղան նշանակված ժամից հետո եւս մեկ ժամ այրող արեւի տակ սպասել, մինչեւ քաղաքապետարանից ժամանեցին ղեկավար պաշտոնյաներըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, եւ Գյումրի քաղաքի օրվա մեկնարկային միջոցառումըՙ «Հացի փառատոնը» սկսվեց... Եվ սա, ցավոք, նման դեպքերի համար նորություն չէ:

Իսկ քաղաքի օրվա այս անգամվա ծրագիրը նախորդներից կարծես թե շահեկանորեն տարբերվում էր հենց նրանով, որ ավելի շատ տեղ տրված էր ոչ թե ցուցադրական կողմին, այլ ժողովրդականությանն ու մարդկանց ավելի շատ մասնակցությանը: Առավոտից բաց դռների օր էր հայտարարված քաղաքի մշակույթի օջախներում, մասնավորապեսՙ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում, վեց թանգարաններում, մարզային, քաղաքային գրադարաններում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Նախատեսված էին կերպարվեստի տարբեր ցուցահանդեսներ, բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշար...

Սակայն օրվա տոնակատարությունների զարդը, անշուշտ, «Գյումրին 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կազմակերպված Հացի փառատոնը եւ ազգային խոհանոցի ու ավանդական կենցաղի ցուցահանդեսն էինՙ կազմակերպված ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ձիթողցյանների տան բակի տարածքում թոնիրներ էին վառվել ու նոր թխվող լավաշի բույրն էր տարածվել, իսկ կենցաղի թանգարանի շենքի առջեւի հրապարակում ազգային, ազգագրական երգ ու պար էր, հնչում էին հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Հացը համամարդկային արժեք է եւ կարող է դառնալ հանուր մարդկության միավորման գործոն: Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հացի փառատոնը ծառայում է ազգային ավանդույթների վերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելունՙ որպես քաղաքի զարգացման մի գրավական: Փառատոնի խորհուրդն էրՙ միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնում են եւ վկայում են մեր ժողովրդի արարող ոգու մասին: Տոնը փառաբանություն էր հողի, սերմի եւ հատիկի, հասկի ու հողի մշակի: Թանգարանի բակում մարզի տարբեր գյուղերից բերված, տարբեր ազգագրական գոտիներ ներկայացնող հացի տեսակներ, ավանդական կենցաղի առարկաներ, ազգային խոհանոցի կերակրատեսակներ, հողի բարիքներ էին ցուցադրվում, բոլորին հրավիրում, հյուրասիրում էին:

«Մեծ խորհուրդ կա, որ քաղաքի տոնը նշվում է հացի փառատոնի հետ միասին,- տոնի առթիվ շնորհավորելով գյումրեցիներին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը :- Եվ այդ խորհուրդն այն է, որ Գյումրին ոչ միայն վերականգնվում-վերածնվում է, այլեւ այն տոնական տրամադրությունը, որ այսօր կա ժողովրդի մեջ, լինելու է այսուհետեւ շարունակական»: Վարչապետն ու տոնակատարության մի խումբ մասնակիցներ նաեւ այցելեցին քաղաքի Հաղթանակի պուրակ, դիտեցին քանդակագործության միջազգային սիմպոզիումի մասնակից արվեստագետների աշխատանքն ու զրուցեցին քանդակագործների հետ:

«Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ պատվավոր պարգեւների հանձնման ամենամյա արարողությունը: Համայնքային ավագանու որոշման համաձայն «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհվեցին ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, պետական եւ հասարակական գործիչ Միսակ Մկրտչյանին: Հաշմանդամների «Փյունիկ» հասարակական կազմակերպության ղեկավար Արմենուհի Նիկողոսյանը եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանը պարգեւատրվեցին Գյումրու քաղաքապետի հուշամեդալով:

Գյումրու օրը եզրափակվեց երեկոյան քաղաքի Թատերական հրապարակում կազմակերպված տոնական համերգով ու հրավառությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ