RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՋԻ ՄԱՆԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, Հոգեբան, Արցախ

Ժամանակակից աշխարհում բավականին շատ են քաղաքական իմիջի ձեւավորման չափանիշներն ու կողմնորոշիչները: Ամերիկյան քաղաքական գովազդերում շրջանառվում է քաղաքական գործչի երեք հիմանկան բնութագրիչ. բարձր ինտելեկտը, ներքին մեծ պոտենցիալը (անձի ուժ, կամք, էներգիա), բարոյական բարձր որակները (ազնվություն, օրինավորություն): Քաղաքական գործչի ռուսական մոդելում ուշադրություն է դարձվում անձի էությանը, մասնավորապես նրա խարիզմատիկությանն ու ինտելեկտին, երկրի եւ ժողովրդի նկատմամբ արտահայտված վերաբերմունքին, վարքագծին ու գործունեությանը: Իսկ ահա հայկական էթնիկական միջավայրում քաղաքական գործչի մոդելի հիմքում (ըստ ուսումնասիրությունների) ընկած է առասպելական, դիցաբանական ներկայացում, հուզակամային ոլորտը (հուզական հավասարակշռություն, կամքի ուժ), իմաստունությունն ու խարիզման: Դատելով Զարուհի Փոստանջյանի վերջին ժամանակների, հատկապես ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղված հարցադրման էությունից, կարելի է ենթադրել, որ նա չունի եւ չի էլ կարող ունենալ քաղաքական գործչին բնորոշ այնպիսի առաջնային որակներ, ինչպիսին հավասարակշռությունն է, սեփական հույզերը զսպելու կարողությունը, ճիշտ վճիռներ կայացնելու ընդունակությունն ու բարձր ինտելեկտը:

Փոստանջյանի հարցադրումը ոչ մի աղերս չունի ընդդիմության հետ: Նշենք, որ հարցադրման մոտիվացիան առավելագույնս եսասիրական է, լավագույն դեպքում խարսխված է կուսակցական շրջանակների հետաքրքրություններով: Նրանում արտահայտված թվացյալ «ազնվությունը», որը խիստ սուբյեկտիվ ու մակերեսային է, չափազանց արժեզրկված է: Հուշենք քաղաքական գործչին, որ այսպիսի «ազնվությունը» կարող է ադեկվատ ընկալում եւ հետադարձ կապ ապահովել խիստ նեղ, տվյալ պարագայում «Ժառանգություն» կուսակցության շրջանակների համար:

Փոստանջյանի հարցադրման կապակցությամբ մամուլում եւ տեղեկատվական դաշտում շրջանառվող նորությունները համոզում են, որ այն մեծ մասամբ տհաճություն է առաջացրել: Դա տրամաբանորեն այդպես էլ պետք է լիներ, քանի որ հաճույք հեռուստադիտողի կամ ունկնդրի մեջ առաջանում է այն դեպքում, եթե ներկայացվող տեղեկատվությունը համոզիչ է եւ ադեկվատ, իսկ երբ դիտողները կամ ունկնդիրները հայտնվում են տհաճ իրադրության մեջ, ապա քարոզչությունը (տվյալ պարագայում նաեւ քարոզչության նպատակ հետապնդող հարցադրումը) հակառակ արդյունքն է տալիս: Այսինքնՙ հաղորդվող տեսակետը շատ հեռու էր նույն հարցի վերաբերյալ ունկնդիրների տեսակետից, որի համար չընկալվեց եւ չէր էլ կարող ազդել նրանց հայացքների վրա: Հեռուստադիտողը չէր կարող ազդել ինֆորմացիայի աղբյուրի վրա, բայց այն վարկաբեկվեց եւ համարվեց անհուսալի: Դա իրականում վարկաբեկելի տեղեկատվություն էր, քանի որ անմիջապես առնչվում էր նախ եւ առաջ մի ամբողջ երկրի վարկանիշի: Մամուլում շրջանառվող Զարուհի Փոստանջյանի Զուլֆիա անունը տեղին է, քանի որ Զարուհին իսկապես թուրքի (թշնամու) դավաճանի զուգորդություն առաջացրեց հեռուստադիտողների մեջ: Նա ադրբեջանական պատվիրակության նույն հարթության վրա էր կանգնած, ինչը կարելի է որակել որպես ուրացություն (ռենեգատություն): Ի դեմս այդ քաղաքական գործչիՙ մենք գործ ունենք մեր օրերի հուդայական կերպարի ու պոտենցիալ դավաճանի հետ, քանի որ նրա հետաքրքրությունները նեղ են եւ գերադասված են հանրային եւ ազգային շահերից:

Ուշադիր հետեւելով պատգամավորի քաղաքական գործունեությանըՙ դժվար չէ հասկանալ, որ հնչած հարցադրումը նախապես մտածված եւ սեղմագրված էր: Հայաստանի համար իսկապես շատ պատասխանատու շրջանում, երբ երկրի նախագահը մեկնել էր հատուկ, որպեսզի եվրոպացիներին ներկայացնի մեր երկրի քաղաքականությունը, պատասխանի վարվող քաղաքականության վերաբերյալ հարցերին, Փոստանջյանը կատարեց պատվեր: Եվ դա ակնառու էր, քանի որ հարցադրումը ներդաշնակ չէր ստեղծված մթնոլորտին եւ որոշակիացված չէր: Կազինոների մասին խոսելը, ընդ որում, առանց որեւէ հիմնավորման, որոշակիացման, ոչ մի առնչություն չուներ ՀՀ պատվիրակության առաքելության հետ եւ կոնտրաստը ՀՀ նախագահի ելույթից հետո ակնառու էր: Դժվար չէր նկատել, որ հարցադրումը ՀՀ նախագահի ընտրություններում հարազատ կուսակցության պարտության բացասական էներգիայի սուբլիմացիայի կամ տրանսֆերի (տեղափոխման) կամ փոխհատուցման երեւույթն է ագրեսիայի պատճառ հանդիսացող օբյեկտի (տվյալ պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի) վրա: Փոխհատուցումը տվյալ պարագայում կոչված է իրական կորստի անբավարարվածության առիթով առաջացած վշտի զգացումը զսպելու համար: Փոստանջյանի մոտ գերփոխհատուցման երեւույթն է, համաձայն որի նա զարգացնում է այն տվյալները, որոնք իրականում չկան կամ թույլ են զարգացած նրա մոտ:

Հարցադրումը պարունակում էր, եթե կարելի է նաեւ այսպես անվանել, տեղեկատվական աններդաշնակություն եւ անհամաչափություն: Հոգեբանական անվտանգության տեսանկյունից դա նշանակում է, որ կառավարման համակարգի տարբեր օղակների տարբեր աստիճանների տեղեկացվածության պատճառով անհավասարակշռություն է առաջանում կայացվող որոշումների միջեւ: Պատգամավորի մոտ ակնհայտ է անկայունության զգացումը, ըստորում կարելի է խոսել նաեւ կողմնորոշիչների բացակայության մասին (սոցիալ-հոգեբանական, քաղաքական, ազգային):

Այդ թաբլոիդային հարցադրումը կրկին խոսում է քաղաքական գործչի հավակնությունների եւ ինտելեկտուալ ու մասնագիտական հնարավորությունների միջեւ առկա խզման աստիճանի մասին: Զարուհի Փոստանջյանին պետք է պատասխանատվության ենթարկի գոնե Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նրան պետք է ցույց տրվի սեփական հնարավորորությունների եւ հավակնությունների անհամապատասխանության տեսանելի նշաձողը: Կատարվածի նկատմամբ վերաբերմունքը շատ կարեւոր է, քանի որ կլինի յուրատեսակ «լակմուսյան թուղթ»: Եթե համապատասխան պատիժ չլինի, ապա արդեն խոսք կլինի մեզանում առկա հոգեբանական եւ բարոյական լուրջ ճգնաժամի մասին:

Թշնամական ազդեցությունների հանդեպ ընկալունակությունը բնորոշ էր սոսկ օդանավակայանում Փոստանջյանին դիմավորողներին, իսկ տեղի ունեցածը հոգեբանական ռեգրեսի (նահանջի) բնորոշ օրինակ է: Այստեղ եւս առկա է անօգնականության եւ մանկականության մոդելը:

Վերջում երկու խորհուրդ տիկին Փոստանջյանին. իդեալական քաղաքական իմիջի ստեղծման գործում առանցքային որակ է համարվում իմաստությունը: Ժողովուրդը ենթագիտակցորեն իր առաջնորդների եւ իր շահերը ներկայացնող կերպարների մեջ փնտրում է նախնիների սիմվոլներով ամրագրված բարձր որակներն ու գաղափարները: Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. քաղաքական իմիջի մեջ Ձեր երեխաների ընկալումներում առանձնացվում է նախ եւ առաջ մայրական կերպարը, իսկ Դուք հոգեբանական նույնացման օբյեկտ եք նրանց համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ