RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 945, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՉԵԽՈՎՅԱՆ ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԱՆԱԴՈՒՀԻՆ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Ազգը» հոկտեմբերի 11-ի համարում արդեն տեղեկացրել է, որ գրականության ասպարեզում 2013 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադուհի Էլիս Մանրոյին: Հաղորդվում է, որ նա դարձել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակին արժանացած 13-րդ կինը եւ առաջին կանադուհինՙ Նոբելյան մրցանակաբաշխության այդ անվանակարգի ամբողջ պատմության ընթացքում:

Ո՞վ է մեզ մինչ այժմ անհայտ Մանրոն: Ի՞նչ ստեղծագործությունների հեղինակ: Համացանցի ընձեռած հնարավորությունից օգտվելով փորձենք մեր ընթերցողներին ներկայացնել կենսագրական որոշ տվյալներ:

Էլիս Էն Մանրոն (օրիորդական ազգանունովՙ Լեյդլոու) ծնվել է 1931 թվականի հուլիսի 10-ին երկրի հարավարեւմտյան մասում գտնվող Օնտարիո նահանգում: Հայրըՙ Ռոբերտ Էրիկ Լեյդլոուն կենդանաբույծ էր, պահում էր հիմնականում աղվեսներ եւ ջրաքիսներ: Մայրըՙ Էն Կլարք Չեմնին ուսուցչուհի էր:

Էլիսը սկսել է գրել վաղ հասակից եւ 1950-ին, երբ դեռ ուսանողուհի էր Արեւմտյան Օնտարիո համալսարանում, հրատարակել է իր առաջին պատմվածքըՙ «Ստվերի չափերը» (The Dimensions of a Shadow) խորագրով: Այդ ընթացքում նա աշխատել է որպես մատուցողուհի եւ գրադարանավարուհի: 1951-ին թողել է համալսարանը, որտեղ անգլերեն լեզվի եւ գրականության մագիստրոսի կուրսերի է հետեւել եւ ամուսնացել Ջեյմս Մանրոյի հետ: Մայր է չորս դուստրերի: 1963-ին Մանրոների ընտանիքը տեղափոխվել է Վիկտորիա վարչական կենտրոն, որտեղ բացել են «Մանրոզ բուքս» գրախանութը, որը մինչեւ օրս գործում է եւ մեծ ժողովրդականություն վայելում: 1972-ին Էլիսը բաժանվել է ամուսնուց եւ վերադարձել Օնտարիո ամբողջովին նվիրվելու գրականությանը: 1976-ին ամուսնացել է աշխարհագրագետ Ջերալդ Ֆրեմլինի հետ եւ տեղափոխվել Քլինտոն (Օնտարիո): Ներկայումս Էլիսը այրի է: Երկրորդ ամուսինը մահացել է 2013-ին

Մանրոյի գրքերն ու ոճի առանձնահատկությունը

Մանրոն գրում է հիմնականում աղջիկների եւ կանանց ճակատագրերի մասին: Բեղմնավոր գրիչ ունի եւ հիմնականում կարճ պատմվածքների հեղինակ է: Պատմվածքների իրադարձությունները մեծ մասամբ տեղի են ունենում Հուրոն Քաունթիում (Օնտարիո): Նրա ոճի գեղարվեստական արժանիքներից է այն, որ նա կարողանում է կենտրոնանալ մարզային, տեղական առանձնահատկութունների վրա: Մյուսըՙ որ նա ամենագետ ու առանձնաշնորհյալ պատմող է, որը նպատակ է հետապնդում իմաստավորելու աշխարհը: Իր մատչելի, հուզիչ պատմվածքներում նա ուսումնասիրում, հետազոտում է մարդկային ամենաբարդ բնավորություններն այնպես, կարծես առանց մեծ ջանքեր գործադրելու, չափազանց հարթ ու սահուն, հարակցված ձեւով: Նրա ստեղծագործությունները համարում են այսպես կոչված «Հարավային Օնտարիոյի գոթական» ոճի վառ նմուշներ, նշելով, որ նա «մեր ժամանակների մեծագույն արձակագիրներից մեկն է»: Համեմատում են նրա կարճ պատմվածքները համաշխարհային ճանաչման արժանացած հեղինակների գործերի, հատկապես չեխովյան արձակի հետ: Նրա կարճ ստեղծագործություններում, ինչպես եւ ռուս դասականի պատմվածքներում, սյուժեն երկրորդական է, այնտեղ քիչ բան է պատահում, կարեւորը գործող անձանց ապրումների խորությունն է: Ինչպես Գարան Հոլկոմբն է ասումՙ «Ամեն ինչ այնտեղ հիմնված է րոպեական բռնկումի, հանկարծակի զգացական զարթնումի, հակիրճ ու նուրբ բացահայտական մանրամասնությունների վրա»: Նրա գործերում «աշխատանքն է, սերը եւ դրանց երկուսի թույլ կողմերը: Նա նույնպես, Չեխովի նման, համակված է ժամանակի եւ նրա անողոք առաջընթացը կանխելու մարդկանց անկարողության զգացումով»:

Նրա հատկապես վաղ շրջանի պատմվածքներում հաճախակի կրկնվող թեման իրենց ընտանիքի անդամների եւ փոքրիկ քաղաքի բնակիչների հետ հարմարվելու պարմանուհիների խնդիրն է: Այդ շրջանի կարճ պատմվածքների հավաքածուներից կարելի է նշել «Ուրախ ստվերների պարը» (Dance of the Happy Shades) 1968-ին գրված եւ նույն տարին արժանացած «Ընդհանուր կառավարչի մրցանակին», «Աղջիկների եւ կանանց կյանքից» (Lives of Girls and Women, 1971), «Մի բան եմ ուզում ասել քեզ» (Something I՛ve Been Meaning to Tell You, 1974), «Քեզ ինչի՞ տեղ ես դրել» (Who Do You Think You Are?, 1978)ՙ դարձյալ «ընդհանուր կառավարչի մրցանակին» արժանացած, «Երիտասարդությանս ընկերը» (Friend of My Youth, 1990)ՙ արժանացած «Տրիլիում» մրցանակին եւ «Բաց գաղտնիքներ» (Open Secrets, 1994) գրքերը:

«Ընդհանուր կառավարչի մրցանակը» Կանադայի բարձրագույն գրական մրցանակն է: 1979-ից 1982 թվականների ընթացքում նա շրջագայության է դուրս եկելՙ այցելելով Ավստրալիա, Չինաստան եւ սկանդինավյան երկրներ: 1980-ին նա զբաղեցրել է Բրիտանական Կոլումբիա եւ Քուինզլենդ համալսարաններում «ռեզիդենտ-գրողի» պաշտոնը:

Ավելի ուշ շրջանի (2000 թվականից հետո) գործերում, ինչպիսիք են «Ատելություն, ընկերություն, սիրահետում, սեր, ամուսնություն» (Hateship, Friendship, Courtship, Loveship, Marriage, 2001), որը հրատարակվել է նաեւ «Նրանից հեռու» (Away from Her) խորագրով, «Տեսարանը Քեսլռոքից» (The View from Castle Rock, 2006) եւ «Չափից ավելի ուրախություն» (Too Much Happiness, 2009) գրքերը, Մանրոն իր ուշադրության կենտրոնում է պահում առավելապես միջին տարիքի, միայնակ եւ մեծահասակ կանանց դժվարին կյանքը: Նրա ոճի առանձնահատկություններից է այն, որ ինչ-որ մի ժամանակ նրա կերպարները հայտնաբերում են մի բան, որ լույս է սփռում եւ իմաստավորում է անցյալում տեղի ունեցած մի իրադարձություն: Նրա արձակը բացահայտում է կյանքի երկիմաստությունը, անորոշությունը, լուրջ եւ միաժամանակ հեգնական լինելու երեւույթը, վատ ու անողոք, բայց եւ երբեմն ուրախ եւ անհոգ լինելու զգացումները: Նրա գործերում երեւակայականը միահյուսվում է առօրյա, իրական կյանքի իրադարձություններին եւ դա այնքան սահուն, բնական կերպով, որ գրավում է ընթերցողին եւ նրան կառչած պահում մինչեւ վերջ: Նրա կարճ պատմվածքներում այնքան խորություն կա, որքան շատ գրողների հաստափոր վեպերում:

Մանրոյի պատմվածքները տպագրվել են «Նյու Յորքեր», «Ատլանտիկ մանթհլի», «Գրանդ Սթրիթ», «Մադմուազել» եւ «Փարիզ Ռիվյու» պարբերականներում: Նրա «Արջը հայտնվեց լեռանը» (The Bear Came Over the Mountain) պատմվածքը էկրանավորվել է ռեժիսոր Սարա Պոլիիի կողմից եւ ցուցադրվել 2006 թվին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Մանրոյի դուստր Շեյլան 2002-ին հրատարակել է մանկական հիշողությունների իր գիրքըՙ «Մայրերի եւ դուստրերի կյանքից: Հասակ առնելով Էլիս Մանրոյի հետ» խորագրով, որով իր հարգանքի ու նվիրվածության տուրքն է մատուցել իր մորը:

Մրցանակներ եւ պարգեւներ

Բացի 1968, 1978, 1986 թվերին գրականության ասպարեզում վերոնշյալ «Ընդհանուր կառավարչի բարձրագույն մրցանակը» ստանալուցՙ Մանրոն արժանացել է նաեւ բազմաթիվ այլ մրցանակների ու պարգեւների, որոնց թվում կարելի է նշել հետեւյալները. կանադացի գրավաճառների մրցանակը «Աղջիկների եւ կանանց կյանքից» հատորի համար 1971-ին, Մերիեն Էնջելի մրցանակըՙ 1986-ին, «Տրիլիում» մրցանակը 1990-ին, «Վ.Հ. Սմիթ գրական մրցանակը» Անգլիայի գրական շրջանակներից 1995-ին «Բաց գաղտնիքներ» գրքի համար, «Փեն-Մալամուդ մրցանակը» 1997-ին «Կարճ պատմվածքների գրեազանց մատուցման համար», «Լիբրիս մրցանակը», «Օ. Հենրիի անվան մրցանակը» կարճ պատմվածքների ժանրում շարունակական հաջողությունների համարՙ 2006-ին «Կիրք» եւ 2008-ին «Ինչո՞ւ ես ցանկանում իմանալ» գրքերի համար, անգլիական «Մեն Բոքեր» միջազգային մրցանակըՙ 2009-ին, Կանադա-ավստրալիական գրական մրցանակը եւ վերջապես Նոբելյան մրցանակը այս տարի:

Էլիս Մանրոն 1992-ին ընտրվել է Արվեստների եւ գրականության ամերիկյան ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ, 1993-ին նրան շնորհվել է Կանադայի արքայական ընկերության «Լոռնի Պիերս մեդալը», 2005-ինՙ Մ. Նահանգների «Արվեստներ» ազգային ակումբի պատվո մեդալը գրականության ասպարեզում, եւ 2010-ինՙ «Արվեստների եւ գրականության օրդենի ասպետ» կոչումը:

Պատրաստեց

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ