RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 607, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՅՍՕՐ ԴԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԳՈՒՅՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԵՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շարժում, արագություն, թեթեւություն, անկշռություն... պարամետրեր, որոնք թերեւս կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջեւ, եւ ծնվում է վիդեո եւ լուսանկարչական տարրերով հանդերձ մի նոր գեղանկարչություն:

Դիանա Հակոբյանի վիդեո աշխատանքներին հատուկ խաղի տարրը առկա է նաեւ այս նոր աշխատանքներում, թեեւ այստեղ այդ խաղն ավելի վերացական բնույթ է կրում. այն այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումը, փոխանցումն ու ընկղմումն է: Եթե իր վիդեո աշխատանքների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ (անձնական) բնույթ, եւ հեղինակն է ներկա այդ աշխատանքներում եւ խաղում է իր իսկ ստեղծած խաղերը, որոնք երբեմն էլ սոցիալական բովանդակություն ունենՙ կապված կանանց խնդիրների հետ, ապա այս պարագայում խաղերը տեղի են տալիս կտրվածությանն ու հեռահարությանը: Սա նոր եւ ցանկալի աշխարհի ստեղծումն է: Մասշտաբայնության հենց այստեսակ փոփոխությունն է, որ ստիպում է ոչ միայն հետեւել, այլ նաեւ ցանկալ տեղափոխվել այդ դյութիչ իրականությունՙ հագեցած անհայտ ապագայի կամ հայտնի, բայց անխոս բաղձալի անցյալի վառ ֆանտաստիկ գույներով:

Պատկերված կերպարների «ցատկերի» եւ «անկումների» թեթեւության շնորհիվ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը: Դեռահասների կերպարները, որոնք ձուլվում են բնական կամ արդյունաբերական լանդշաֆտի հետ, ունեն ազատության, խնդության եւ հեշտության անճառ զգացում: Թվում էՙ հեղինակը ամրացնում է այդ ֆանտաստիկ իրականությունը հենց նրանց ետեւում: Այս դեռահասները վերածվում են ազատության խորհդանիշների եւ ստեղծված իրականության տիրակալների: Երբեմն հեղինակը պատկերում է կերպարի մասնիկ միայնՙ ընդգծելով անդուլ շարժման կարեւորությունը:

Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակըՙ ժամանակի կանգնեցումը: Միեւնույն ժամանակ նկատվում է գույնի բավականին հանդուգն խաղ, որը կրկին այս կամ այն տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտչամիջոց է: Դրամատիկ երանգները, որոնք բնորոշվում են հանդարտությամբ, հատուկ են բնության եթերային պատկերներին գունային գամմայի իրենց մինիմալիստական կիրառությամբ, այնինչ, արդյունաբերական միջավայրը հագեցած է գունային պոռթկումներով, շարժմամբ եւ արագությամբ: Այսկերպ, ընդհանուր առմամբ կարելի է նկատել մի քանի զուգահեռ աշխարհներ եւ շերտեր, որոնք պատկերվում են հեղինակի կողմից եւ գոյություն ունեն ե՛ւ մեր մեջ, ե՛ւ մեզնից անդին: Այդուհանդերձ հեղինակը հատուկ շեշտադրում է ոչ թե այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այլ այն, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, եւ հաճախ այդ աշխարհը մեր երազներն են, որոնք երբեմն այնքան գայթակղիչ են լինում, որ արթնանալը կարծես դառնում է անհնարին:

Բոլոր «ցատկերի» եւ «անկումների» հետապնդածը մեկն էՙ բերկրանք: Դրանք ստիպում են մոռանալ շրջապատող իրականությունը եւ ընկղմում են քեզ միանգամայն այլՙ խնդությամբ լի աշխարհ: Ականատեսն ենք դառնում բացարձակ արվեստի, որն այդպես էլ պոռթկում է դուրսՙ ազատվելով այլեւայլ կապանքներից եւ խոչընդոտներից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա այսօր, հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, «Դալան» ցուցասրահում, Աբովյան 12, 2-րդ հարկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ