RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1720, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՆՈՐՄԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՐՊԱՆՆ Է ԾԱԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ հայ լրագրողի օրն էր: Միմյանց շնորհավորում էին հիմնականում լրագրողները: Էն էլ` ավելի երիտասարդները, որոնք լրագրող բառի հնչողությանն են տրվում դեռ: Միտք փորփրեցի ու տեսաՙ ուրախանալու քիչ բան կա: Ոչ թե այն պատճառով, որ հոռետես եմ, կամ որ` նորմալ լրագրողի ու լրագրության գրպանն է ծակ Հայաստանում, ու դա կարող է լինել նիհիլիզմի պատճառ (միգուցե դա կա, սակայն ոչ ավելի, քան տասնյակ այլ պատճառներից միայն մեկն ու ոչ առաջինն է): Ոչ էլ այն պատճառով, որ երբեւէ ինչ-որ բան ուզեցել եմ գրել ու չեմ կարողացել սահմանափակումների պատճառով, ինչը սովորական վիճակ էր մի քսան տարի առաջ: Ոչ ու ոչ: Ուղղակի ի մի բերեցի վերջին ամիսների (ինչու չէ` նաեւ վերջին մի քանի տարվա) զգացողություններս ու հասկացա, որ Հայաստանի լրագրության ընդհանուր դեմքից եմ դժգոհ, որի ածանցյալ են եւ դեռեւս դիպվածաբար առկա լուրջ լրագրության դանդաղ, բայց կայուն տեմպերով դուրս մղումը, խղճի լրագրությամբ ապրուստի միջոց հայթայթելու օրավուր ահագնացող անհնարինությունը: Հիշեցի, որ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էր մի այսպիսի դժգոհ ստատուս գրել, թե` յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք, լրատվական օդն այդպիսով գաղջացնելով:

Է. Բաղդասարյանի զգացողությունն այն էր, որ այդ մեդիա դաշտում լուրջ հետաքննական լրագրությունը արդեն տեղ եւ անելիք չունի: Միգուցե նվնվո՞ւմ ենք, հը՞: Չէ, բայց այդ զգացողությունն ամեն օր ոչ թե անհետանում, այլ նորանում եւ ցայտունանում է դիպված առ դիպված:

«Հետքի» խմբագիրն այն ժամանակ ակտուալ խնդրի մասին էր խոսել, որ բոլորիս մտքի ծայրին է` որ տարբեր պաշտոնյաներ ու օլիգարխներ են կարգավորում մեդիա դաշտը, թելադրում, թեմաներ պատվիրում, պահում սեփական լրագրողներ եւ խմբագիրներ... ու օրեցօր այդ դաշտում ոչ մեկին չներկայացնող եւ մասնագիտությանը հավատարիմ լրագրողի համար շատ է դժվարանում: Այո, հեռուստաընկերությունների եւ լրատվական կայքերի պակաս չունենք, ու այն խոսակցությունը չէ, որ բազմաթիվին դեմ ենք: Ոչ ու ոչ: Ի վերջո` ցանցային լրատվությունն ավելի հասանելի է դարձրել աշխարհը եւ ինֆորմացիա թաքցնել այլեւս հնարավոր չէ: Որպես ընթերցող կայքերին է անցել նաեւ տողերիս հեղինակը` այնտեղի ողջ անգրագիտության, հպանցիկության, թեթեւամտության, անկողնային եւ արշավային հոգեբանության նյարդայնացնող ազդեցության կրողը դառնալով հանդերձ, սակայն մեկ փոխհատուցում, այնուամենայնիվ, այդ բոլորի դիմաց առանձնացնելով` հրատապությունը: Իսկ «ինչպեսն», իհարկե, երբեմն սարսափելի է: Բայց առավել ցավ է տալիս այն, որ անարդար եւ իրական մրցակցությունն անհնար դարձնող այդ դաշտում, որտեղ այս ու այն պաշտոնյայի, այսուայն օլիգարխի կայքում կենտրոնացված հոգում են ֆինանսավորման, տեխնիկայի ու տրանսպորտի խնդիրը, օրհասական է դառնում դեռեւս լրագրության որակի հետ հաշվի նստող մեդիամիավորների վիճակը, իսկ ոլորտում երբեմն բանը հասնում է զավեշտի. ասենք` լուրջ եւ խորիմաստ դեմքով մեդիա դաշտի որակից խոսում է այնպիսի խմբագիր, որին կսազեր ձկան փորոտիքը մաքրել, կամ` անգրագիտությունից խոսում են անգրագետները, որոնց պարզապես լրատվական դաշտին մոտ թողնելն անգամ անթույլատրելի է: Ինչ-որ ճարպիկներ, որոնք այս կամ այն օլիգարխի սեղանին մոտիկ են նստում, «խմբագիր» կամ «լրագրող» են վարձվում տասնյակ անգամ իրենցից էլ անգրագետ փողատիրոջ կողմից, որը մեդիա դաշտն իրենով է անում` սեփական ինքնապաշտպանության բնազդի ամենանախասկզբնական դրսեւորումներին հագուրդ տալով եւ ուղղակի մեկ-երկու կայք իր զինանոցում որպես զինատեսակ` բիզնեսի ու անձնական հարթույթի պատերազմում ունենալու համար: Այդպիսով` Հայաստանի մեդիադաշտը հիշեցնում է ականապատված դաշտ, ու նախ ընթերցելիս պետք է իմանաս` ո՞վ է ականապատել կամ ինչ շարժառիթ կա այս կամ այն նյութի տակ: Ճիշտ ինչպես մենաշնորհված բիզնեսը` մեդիադաշտը կրկնում է մեր օլիգոպոլիայի պատկերը:

Սա առավել տեսանելի է ցանցային լրատվության մեջ, որն արդեն գրագետ եւ ինտերնետից օգտվող հասարակության ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է դարձել: Նոր տեխնոլոգիաները կասեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել: Իսկական լրագրողն առհասարակ կողմ է ամեն տեսակի նորին, սակայն դա բովանդակության եւ լեզվի հաշվին անելն անհեթեթություն է: Իսկ բովանդակության ու լեզվի հաշվին է արվում, որովհետեւ հատկապես մեր ցանցային լրատվությունը ֆինանսավորողը ոչ թե նպատակ է դնում մաքուր հայերենով կամ տրամաբանական բովանդակությամբ նյութի փոխանցումը, այլ ամեն գնով սեփական կամ բիզնես թշնամիներին հարվածելն ու շարքից հանելը, իսկ լրատվությունն էլ ձեռի հետ ապահովում են` հանուն վարկանիշի: Բայց ինչպիսի լրատվությո՜ւն: Հանուն վարկանիշի քառասնամյա տղամարդը դանակը մտցնում եւ իր երկու երեխաների մոր փորն է խառնում մի քանի պտույտ, հանուն վարկանիշի քսաներեքամյա եւ քսանհինգամյա տղամարդիկ տասներեքամյա աղջկա են բռնաբարում... նրա իսկ համաձայնությամբ, հանուն վարկանիշի` ինքնասպանը մորը մի սրտացունց նամակ է թողնում. բռնություն, արյուն, «օրենքով գողեր» եւ ամեն, ամեն տեսակ «ցնցող լուրեր, որոնք ցնցում են ողջ համացանցը», կամ առանց դույզն-ինչ հնարամտության մեր կայքերը դուրս չեն գալիս սրա-նրա անկողնուց: Օնլայն լրատվությունը խուժել է մեր տները ու մեր լեզուն դարձրել իր պատկերով ու նմանությամբ, ու դրա համար ոչ ոք պատասխանատու չէ:

Ու մեր հեռուստատեսությունների կիսավուլգար հաղորդումների, անբովանդակ շոուների հետ միասին` ազգի հերն են անիծում, հանուն «շեֆի» կայքի վարկանիշի, հանուն կերած հացի արդարացման: Ու համաձայն չենք «Ազատության» Հրայր Թամրազյանի հետ, որ այստեղ օլիգարխները դեռ մոնոպոլիա չեն ստեղծել` ստեղծել են, եւ ու բոլորս գիտենք, թե որ կայքն ում է պատկանում: Կամ` ո՞վ է իրավապահ համակարգից այս պահին մտմտում երկու նոր կայք ստեղծելու մասին: Ուրիշ բան, որ, իրոք, թեկուզ անգրագետ, թեկուզ վատ հայերենով, բայց այդ կայքերը հանուն իրենց գոյության` լրատվության հրատապությունն ապահովում են, սա անշուշտ ընթերցողի օգուտն է, բայց վստահ լինել այդ լրատվության ճշմարտացիության մեջ ոչ ոք չի կարող: Սակայն պատկերացրեք, այդ ցանցային լրատվության նյութերով հայերեն սովորող դեռահասը համաձայնելու փոխարեն համաձայնվում է, մտքերը կիսելու փոխարեն կիսվում է... երկու մասի, ու բազմաթիվ տառասխալներ ըմբոշխնում: Չեն ուղղում, որովհետեւ հաճախ պատասխանատուներն էլ կարգին հայերեն չգիտեն, այդպիսի խնդիր դրված չէ առհասարակ:

Օրավուր ավելացող կայքերը զբաղված են մեդիա դաշտում «լրագրողների» քսերոպատճեն արվող անվերջ հոսք ապահովելով, որոնց ձեռքում հետո մեդիան կրակն է ընկնում: Որքան են նրանք` հազա՞ր, երկու հազա՞ր, մեդիադաշտում վաղուց արդեն կորցրել են հաշիվը. ամեն օր կույտերով լղարիկ տղաների ու աղջիկների ես հանդիպում, որոնք տեսախցիկն ու ձայնագրիչը խմբերով այս ու այն ոչինչ չարժեցող մարդկանց բերաններն են մտցնում եւ ոչնչից իբր «էքսկլյուզիվ» թխում` տարբերակում չդնելով ոչ դիմացինի մակարդակի, ոչ նրա խոսքի կոռեկտության, ոչ էլ ասածը երկրորդ աղբյուրից ճշտելու առումով: Եթե մեր հասարակությունը գրագետ լիներ` այլ բան: Հա, իհարկե, մեր մեդիան իրոք ազատ է այնքան, որ առանց աչք թարթելու սադրիչ լուրեր կարող է տարածել եւ մարսել, ոչ ոք նրան չի ասի ոչինչ, ամենակարող շեֆը կփրկի:

Իսկ ահա այն լրագրողները, որոնք կարող են ստեղծել որակյալ կայք (դրանք կան, եւ այդպիսի մեկ-երկու կայք կա), երբեմն չեն ընդունում ֆինանս հատկացնողի խաղի կանոնները, քանի որ պրոֆեսիոնալ լրագրությունը կապ չունի այդ կանոնների հետ: Ու եթե պրոֆեսիոնալը ուզենա հանուն մասնագիտության եւ ոլորտի իսկական կանոններով ցանցային լրատվության եւ վերլուծությունների ռեսուրս ստեղծել` չի կարողանա, որը ոչ թե օլիգարխի կամ պաշտոնյայի, այլ հասարակության լայն շերտերի, այսինքն` իրական ընթերցողի շահերը կներկայացներ: Միգուցե սա եւս նորմալ գործընթաց է` ամեն ինչ պետք է ավերվի, ու նրա վրա կստեղծվի նորը, քանի որը նորն ուշացնել հնարավոր է, կասեցնել` ոչ: Մանավանդ` կգա այն պահը, որ միգուցե պրոֆեսիոնալ լրագրությունն արդեն խմբագրելու կամ կարգավորելու կվերածվի, որովհետեւ գալիս է արդեն այն սերունդը, որը բացառապես անբաժան է լինելու պատկերը, ձայնը եւ արագությունը համակցած անձնական տեխնիկայից, եւ ուզած մարդն ուզած վայրից եւ աշխարհի ուզած կայքում շուտով կարողանալու է տեղադրել իր շուրջը կատարվող իրադարձությունների մասին հաղորդում: Իսկ այն, ինչ մտորում էի, ներկա մի տասը տարվան ուղերձ անող խոհ է, միգուցե` ավելի նվազ ժամանակի: Սակայն բովանդակությունը, գրագիտությունը եւ մատուցման մշակույթը եւ այս ժամանակին է պակասում, եւ այն` նոր ժամանակին հարկավոր կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ