RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Տեղադրվել է` 2013-10-23 22:23:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1808, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

10 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ «ԲԱՑՎԵՑ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ավիացիայի ոլորտն ամբողջությամբ ազատականացվեց

Հայաստանում օդային փոխադրումների ոլորտն ամբողջությամբ ազատականացվեց, այն, ինչ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին 10 տարի առաջ, եւ ինչին դեմ էր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` ի դեմս Արտյոմ Մովսեսյանի, որն այն ժամանակ նույնպես ղեկավարում էր այդ կառույցը:

Կառավարության ընդունած որոշման համաձայնՙ այլեւս չեն լինի ավիաընկերությունների, ինքնաթիռների տեսակների եւ այլ սահմանափակումներ: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք կհամապատասխանեն տեխնիկական եւ ոլորտին ներկայացվող այլ չափորոշիչներին, կարող են պայմանավորվածություն ձեռք բերել «Արմենիա միջազգային օդանավակայանների» հետ եւ ազատորեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս: «ՀՀ մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա կազմը հաստատելու մասին» երկարաշունչ անվանմամբ որոշման մասին մանրամասներ ներկայացրեց եւ լրագրողների հարցերին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ ոլորտի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություններն իրականացրել են միջազգային հեղինակավոր «Մաքքենզի» ընկերության մասնագետները` Հայաստանի մրցունակության հիմնադրամի հետ համատեղ: Ըստ Վահրամ Ավանեսյանիՙ դժվար է մեր երկրի նման փոքր երկրներում ունենալ մի քանի ընկերություններ, որոնք մրցունակ փոխադրումներ իրականացնեն եւ ապահովեն մեծ ուղեւորահոսքեր: Փոքր երկրների համար նաեւ դժվար է ունենալ ազգային ավիափոխադրող: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել բաց երկնքի քաղաքականություն, քանի որ ավիացիայով է պայմանավորված մի շարք ոլորտների, այդ թվումՙ զբոսաշրջության զարգացումը: Հայաստանում ավիացիայի ոլորտը պետք է լինի առնվազն ոչ պակաս մրցունակ, քան հարեւան երկրներինը, ինչի շնորհիվ կապահովենք էժան փոխադրումներ եւ մեծ շրջանառություն: Էկոնոմիկայի նախարարի կարծիքով, 1 տարվա ընթացքում դրական փոփոխություններն արդեն նկատելի կլինեն: Ակնկալվում է, որ փոխադրումների գները կէժանանան մոտ 10 տոկոսով, իսկ փոխադրումների ծավալը կավելանա 20-25 տոկոսով: Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանն ավելացրեց, որ կավելանան 18-20 հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր:

«Երբ 10 տարի առաջ Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում էր անցնել «բաց երկնքի» քաղաքականության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը դեմ արտահայտվեց դրան, ասելով, որ Հայաստանը գտնվում է վտանգավոր տարածաշրջանում, եւ ազգային ավիափոխադրողն անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակներում թռիչքներ իրականացնելու համար: 10 տարի՞ էր պահանջվում ընդունելու համար բաց երկնքի անհրաժեշտությունը եւ ինչպե՞ս է կարգավորվելու անվտանգության խնդիրն այս դեպքում», «Ազգի» հարցին էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ ժամանակ է պահանջվում կողմնորոշվելու համար, թե որ մոդելն է առավել շահավետ: «Չեմ կարող ասել, որ այլ մոդելներն ակնհայտ վատն են: Սակայն մեզ համար բաց երկնքին անցնելու համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ ազգային ավիափոխադրողը սնանկացել է: Բացի դրանիցՙ փորձը ցույց է տալիս, որ ճգնաժամային իրավիճակներում ազգային ավիափոխադրողներն առաջինն են դադարեցնում գործունեությունը», ասաց Վահրամ Ավանեսյանը: Նրա հավաստմամբՙ կան ավիաընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում հենց կոնֆլիկտային իրավիճակներում: Նաեւ Հայաստանի կառավարությունն է ջանքեր գործադրում, որպեսզի լինեն ազգային փոխադրողներ, տեխնիկապես, ֆինանսապես մրցունակ ընկերություններ, որոնք շավահետ աշխատեն եւ անվտանգության խնդիրները կարողանան լուծել: Ըստ նախարարի, այդուհանդերձ, այս փաստաթղթով չենք կարող ասել, որ անվտանգության խնդիրներն ամբողջությամբ լուծվել են եւ «պետք է շարունակենք մտածել դրանց մասին»:

«Կլինե՞ն հակամրցակցային համաձայնություններ ավիացիայի ոլորտում» հարցին պատասխանելով էլ Վահրամ Ավանեսյանն ասաց, որ որքան շուկան լինի բաց եւ կանխատեսելի, այնքան դժվար է հակամրցակցային համաձայնություններ կայացնելը: Անհրաժեշտ է դրանց դեմ պայքարել` սահմանափակելով խոշորացումները եւ ազատականացնելով ոլորտը:

Ավիացիայի ոլորտի ազատականացման նոր քաղաքականության վերաբերյալ հարցերին քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը , որը 10 տարի առաջ դեմ էր այս քաղաքականությանը, չցանկացավ պատասխանել: Նա միայն ասաց, որ ինքը համաձայն է կառավարության ընդունած փաստաթղթին, եւ եթե հարցեր լինեին, ապա քննարկումների ժամանակ ինքը կտար դրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ