RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1188, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ... ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանը փաստացի կանգնած է մի ողջ ժամանակաշրջանի հրաժեշտ տալու շեմին, ընդ որում` հրաժեշտ են տալու երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, որ տասը տարի առաջ հայտնվեց քաղաքական դաշտում` հեռացնելու խորհրդային դատողությամբ անկախ Վրաստանի ղեկին կանգնած Էդուարդ Շեւարդնաձեին:

Վաղը, հոկտեմբերի 27-ին, Վրաստանում նախագահի ընտրություններ կլինեն, որոնց մասնակցելու ցանկությամբ առաջադրվել էր 23 թեկնածու: Հայաստանի նման, Վրաստանում էլ կան արդեն խրոնիկ թեկնածուի վերածված կուսակցապետներ, որոնք, սակայն, որեւէ լուրջ մրցակցություն չեն ներկայացնում:

Նրանց կողքին այս ընտրություններում կան նաեւ այնպիսիք, որոնց մեջ էլ փաստացի կլինի պայքարը ձայների համար: Ամեն դեպքում, պատվերով ու առանց պատվերի հարցումների արդյունքներով` ներկայիս իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անունից թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին համարվում է առաջատար, ընդ որում` ձայների 50 տոկոսից ավելին ստանալու հեռանկարով:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այս թեկնածուին նշանակալիորեն զիջում է Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, որը հավանաբար ստանա ձայների մոտ 10 տոկոսը: 6-7 տոկոս հավաքելու հեռանկար կարող է ունենալ Միխեիլ Սաակաշվիլու նախկին թիմակից, այդուհետեւ Սաակաշվիլուն ընդդիմադիր, հիմա էլ ոչ այնքան ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն:

Ամեն դեպքում, կարելի է արդեն իսկ ասել, որ Սաակաշվիլուն ուղարկում են թոշակի, առնվազն այն դիտարկմամբ, որ նախագահի ընտրություններից հետո սահմանադրական փոփոխություններով Վրաստանում նախագահը դառնում է ճիշտ այնպիսի ֆիգուր, ինչպիսին Թուրքիայում է, իսկ վարչապետը, որն արդեն իսկ մեծ լիազորություններ ունի, կստանա ավելին:

Եվ որեւէ մեկի նախագահ դառնալու պարագայում այս ընտրությունների բացառիկությունը կլինի այն, որ կկարեւորվի ոչ թե անձը, այլ այն քաղաքական ուժը, որը այդ անձին կբերի նախագահի դիրքին, քանի որ վճռորոշ դերակատարություն ունենալու է նախագահին նախագահ դարձրած քաղաքական ուժի կողմից նշանակվելիք վարչապետը:

Եվ քանի որ այդ դերում, արդեն իսկ արված բազմաթիվ հայտարարությունների համաձայն, չի ցանկանում լինել ներկայիս վարչապետը` խոստանալով հեռանալ քաղաքականությունից Սաակաշվիլու հեռանալուց հետո, ստացվում է, որ վարչապետի ապագա դերակատարի ով լինելու հարցը դեռ մնացել է առկախ: Այսինքն` որեւէ կողմից վարչապետի հավանական թեկնածուի մասին հայտարարություն չի արվում, չնայած շատերին է դա հետաքրքրում:

Նախագահի այս ընտրությունները հնարավորություն են երկրում իրական փոփոխություններ իրականացնելու առնչությամբ, եթե, իհարկե, Սաակաշվիլու հեռանալով երկրում իրերի դրությունը դեպի բարելավում ու զարգացում պետք է գնա: Իսկ այդպիսի մտադրության ու հեռանկարի մասին հայտարարել է վարչապետ Իվանիշվիլին: Սաակաշվիլին, որ ոչ միանշանակ, հաճախ ուղղակի անհասկանալի, երբեմն անկառավարելի մարդու եւ ղեկավարի տպավորություն է թողել, հաստատապես հանգստի կարիք ունի, քանի որ վերջին շրջանի նրա բոլոր քայլերը համարժեք չեն ոչ միայն իր զբաղեցրած պաշտոնին, այլեւ իրականությանը:

Հայաստանի հարցում էլ, փաստացի, մենք Սաակաշվիլուն հրաժեշտ տալու ուրախություն կարող ենք ապրել, քանի որ ի դեմս նրա միշտ գործ ենք ունեցել անհավասարակշիռ, Հայաստանի ու հայերի հանդեպ հարգանքի մի կտոր իսկ չդրսեւորած, սեփական հայկական արմատներից բարդույթավորված մի մարդու հետ, որը տարածաշրջանին միշտ նայել է Արեւմուտքի հովերով թռչող օդապարիկից, որի համար ներքեւում վայրէջքի փափկությունը պետք է ապահովեր Միացյալ Նահանգները: Բայց քանի որ Հայաստանի ու հայերի հանդեպ անհարգալից, ոչ կոռեկտ ու երբեմն էլ անտաշ վերաբերմունքը միայն Սաակաշվիլուն չէր հատուկ, այլ վրացի շատ այլ մանր ու մեծ պաշտոնյաների, ուրեմն նրա հեռացմամբ մեկից կազատվենք, սակայն հարեւաններից հարգանք պահանջելու կամ դրան հասնելու խնդիրը կմնա:

Մյուս կողմից, Սաակաշվիլու անգամ ամենացցուն ու եռանդուն հակառակորդները չեն կարող չընդունել, որ նրա նախագահությամբ ու «վարդերի հեղափոխությամբ» Վրաստանում, ի շարս բազմաթիվ դրական ու բացասական երեւույթների, մեկ, եւ կարծում եմ, էական փոփոխություն մտավ հարեւան երկրում:

Վրաստանն այսօր դարձել է մի պետություն, որտեղ շարքային մարդիկ կարծում եւ հավատում են, որ հնարավոր է փոխել երկրի ղեկավարներին, հնարավոր է առանց կաշառքի (ոչ մեծ-Վ.Պ.) գործ անել, հնարավոր է ու հավանական, որ շարքային մարդկանց հանդեպ պետական ծառայողներն ու, ասենք, ոստիկանները լինեն սիրալիր, համբերատար ու պատրաստակամ օգնելու, այլ ոչ գիշատչի տրամաբանությամբ ինչ-որ բան պոկելու քայլեր ձեռնարկեն:

Այս ամենի համար Վրաստանում պետք է շնորհակալ լինեն Սաակաշվիլուն, որը գուցե այդպիսի մտադրությւոն էլ չուներ, ու տարբեր տեղեկությունների համաձայն` իր բաժին խոշոր «նվերները» ստացել է կամ կուտակել, բայց պետք է ընդունել, որ հանրության մակարդակով Վրաստանում իրերի դրությունն այլ է, քան 10, անգամ 5-6 տարի առաջ: Բայց այս պարագայում, ինչպես հայտնի ստեղծագործության մեջ, մավրն իր գործն արել է, մավրը կարող է հեռանալ... եթե, իհարկե, ներկայիս իշխանավորները նախագահի լիազորությունների ավարտից անմիջապես հետո չանցնեն Սաակաշվիլու հարցաքննությանը, այդուհետեւ դատավարությանը, ինչը ներկա դրությամբ շատ հնարավոր սցենար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ