RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1213, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՈՊԿԻՆՍԻՑ ԽԼԵԼՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆ

Այսօր ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը կմենամարտի IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, 48-ամյա անվանի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոպկինսի հետ: Այդ մենամարտը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում: 30-ամյա Կարո Մուրադին հնարավորություն է ընձեռվել ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոնին եւ տիրելու չեմպիոնական գոտուն, ինչն այնքան էլ դյուրին խնդիր չէ: Թեեւ բռնցքամարտիկի համար պատկառելի տարիքին, Հոպկինսն այսօր էլ իրենից մեծ ուժ է ներկայացնում եւ լավ մարզավիճակում է:

Մենամարտի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Բեռնարդ Հոպկինսը հետեւյալն է ասել. «Ես ռինգ եմ դուրս գալիս ապացուցելու բոլորին, որ ոչ միայն տարբերվում եմ մյուսներից, այլեւ չեմ հոգնել իմ աշխատանքը կատարելուց: Ես այլմոլորակային եմ, ուստի չեմ ծերանում: Ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ գրեթե 10 տարի նոկաուտով չեմ հաղթել: Գուցե դա տարիքովս է պայմանավորված:

Երբ դու երիտասարդ ես, փորձում ես արդարանալ, թե ինչու 40-ից բարձր տարիք ունեցող բռնցքամարտիկը չպետք է քեզ հաղթի: Իսկ երբ ինձ հետ հայտնվում ես ռինգում, հասկանում ես, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես պատկերացնում էիր: Կարո Մուրադը սարսռում է ինձանից եւ արդեն 4 ռաունդ պարտվել է»:

Ի պատասխան Հոպկինսի այդ խոսքերի, Կարո Մուրադը նշել է, որ շաբաթ օրը բոլորն ականատես կլինեն, թե ինչպես է Գերմանիայում բնակվող սովորական երիտասարդը Հոպկինսի հայրենիքում նրանից խլում չեմպիոնական գոտին:

Կարո Մուրադը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է 2006-ին կիսածանրքաշային կարգում: Նրա առաջին մրցակիցները ցածր վարկանիշ ունեցող բռնցքամարտիկներ էին: 2007-ին նա հաղթեց Ջերեմի Մեկիին եւ նոկաուտի ենթարկեց Էմիլյանո Ցեյտանոյին: Հաջորդ տարի փետրվարին նոկաուտի ենթարկելով ռուսաստանցի Սերգեյ Խարչենկոյին, Մուրադը նվաճեց EBU-EE-ի վարկածով չեմպիոնի թափուր տիտղոսը: 2008-ի ապրիլին նա իտալացի փորձառու բռնցքամարտիկ Քրիստիան Սանավիի հետ մենամարտում նվաճեց EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

2008-ի սեպտեմբերի 20-ին հայ բռնցքամարտիկը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսըՙ հաղթելով իսպանացի Գաբրիել Կամպիլյոյին: 2009-ին Մուրադը Սանավիի հետ ռեւանշ-մենամարտում նոկաուտի ենթարկեց մրցակցին: Իսկ սեպտեմբերին նվաճեց WBO-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսըՙ պարտության մատնելով Սերգեյ Դեմչենկոյին: Այդ տիտղոսը 2 անգամ հաջողությամբ պաշտպանելուց հետո Կարո Մուրադը 2009-ի սեպտեմբերին մենամարտեց անպարտելի Նաթան Կլեւերլիի հետ: Հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կդառնար WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ: Սակայն մրցակիցը 10-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Մուրադին: Դա վերջինիս 1-ին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, որն առայժմ միակն է: 25 մենամարտերում Մուրադը հաղթել է, մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

Ամերիկացի Բեռնարդ Հոպկինսը պրոֆեսիոնալ ռինգում մեծ հաջողությունների է հասել: Նա ժամանակին միջին եւ կիսածանրքաշային կարգերում նվաճել է IBF-ի,WBC-ի, WBA-ի, WBO-ի, IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Նա 1-ին բռնցքամարտիկն է, ում հաջողվել է աշխարհի չեմպիոն հռչակվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 հիմնական վարկածներումՙ WBA, WBO, WBC, IBF:

Բեռնարդ Հոպկինսը բռնցքամարտի պատմության մեջ աշխարհի ամենատարեց գործող չեմպիոնն է: Առաջին անգամ նա այդ տիտղոսը նվաճել է 46 տարեկանում, 2-րդ անգամՙ 48 տարեկան 52 օրականում: Հոպկինսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 63 մենամարտերից շահել է 53-ը, 2-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 6 պարտություն:

ԱՄՆ-ում կայանալիք մենամարտում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Բեռնարդ Հոպկինսին: Նրա հաղթանակի գործակիցը 1,1 է, մինչդեռ Կարո Մուրադի հաջողության համար խաղադրույքներ են ընդունվում 6,5 գործակցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ