RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Տեղադրվել է` 2013-11-13 21:46:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ ՉԻ ԱՎԵԼԱՆԱ, ԻՍԿ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱ՞ԿԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի հանձնաժողովներում երեկ սկսվեցին 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Ճիշտն ասած` սովորական ընթերցողին բյուջեի մասին պատմությունը սովորաբար հետաքրքրում է այնքանով, որքանով ինչ-որ բարելավում կարող է բերել նրա կյանքում, նրա ընտանեկան բյուջեի վրա բյուջեի ցուցանիշները ինչ-որ ձեւով ազդեցություն կունենան: Թե չէ ամեն տարի ներկայացվում են հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը, դեֆիցիտի, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ բարդուբարդ թվեր, իսկ Հայաստանի սովորական քաղաքացին այդ թվերի հետ չգիտե ինչ անի: Այս իմաստով բնական է այն հարցը, որ ծագում է եւ պատգամավորների, եւ հասարակ մարդկանց մեջ` արդյո՞ք աղքատության նվազում կլինի 2014-ն, մանավանդ աշխատավարձերի միասնական սանդղակի ներմուծմամբ մի զգալի գումարով բյուջեի բեռը ծանրանում է: Այս հարցերի ուղիղ ու վստահ պատասխաններ պատգամավորները փորձում էին ստանալ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից, դրան զուգահեռ որոնում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի բյուջետային ուղերձում եւ նույն Դ. Սարգսյանի ելույթում, որոնք երեկ հնչեցին տնտեսական ուղղվածության հանձնաժողովների միասնական նիստում: Դ. Սարգսյան-պատգամավորներ երկխոսությունից կարելի էր եզրակացնել, որ անցյալ եւ այս տարի քանի որ աղքատությունը նվազել է` նույնը կարելի է ակնկալել նաեւ նոր` 2014 թվականին, ստվերը երկու տարի կրճատվել է, սակայն նոր տարում` հազիվ թե ստվերի կրճատման տեսանելի տոկոս նկատվի, քանի որ վարչարարությունը չի խստանալու:

Նշենք, որ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտների ցուցանիշը նախատեսված է 1 տրիլիոն 134 մլրդ դրամ, ծախսերըՙ 1 տրիլիոն 244 մլրդ, եւ շուրջ 110 մլրդ բյուջեի դեֆիցիտն է: Վարչապետը չբացառեց, որ 2014 թվականին, եթե մեր բոլոր միջազգային ծրագրերով ունենանք կատարումների ավելի լավ ցուցանիշներ, կարող ենք ունենալ ծրագրայինից ավելի մեծ պետական բյուջեի դեֆիցիտ, քանի որ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը 2014 թվականին նույնպես, ըստ նրա, կարող է խթանել տնտեսական աճը:

Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց բյուջեի նախագծի առանձնահատկությունը` առաջին անգամ ծրագրային բյուջեի նախագիծ է ներկայացվել: Այս առումով վարչապետը պատգամավորներին խնդրեց խիստ չդատել կառավարությանը, քանի որ մի երեք տարի է հարկավոր լինելու, մինչեւ ամբողջությամբ ներդրվի ծրագրային բյուջետավորման համակարգը, որը, վարչապետի կարծիքով, ավելի վերահսկելի կդարձնի բյուջեի արդյունքային ապահովումը:

Ընթացիկ տարվա տնտեսական աճը, վարչապետի խոսքով, անցած տարվա համեմատ, դանդաղում է: Աճի տեմպերի նվազման գործոնները նախ գործընկեր երկրներում սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձությունների` մեր տնտեսական ցուցանիշների վրա ազդեցությամբ են պայմանավորված` Հայաստանում բաց տնտեսական մոդել է ներդրված: Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա բոլոր տնտեսական ցուցանիշները նվազեցրել են` սպասվածից ավելի վատ միջավայրի ձեւավորմամբ տնտեսական աճի պարագայում (ռազմավարական գործընկերների հետ ապրանքաշրջանառությունն ու ու դրանով պայմանավորված ֆոնն այս տարի եղել է բացասական):

Ներքին գործընթացներում եւս բիզնես միջավայրի բարելավման առումով կան չլուծված խնդիրներ, այնպես որ այս առումով եւս նահանջ կա, մասնավոր ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին հինգ տարիներին կայուն նվազում է արձանագրել, չնայած` բիզնես միջավայրի բարեհարմարության առումով աշխարհիի 180 երկրի առաջին 40-ի մեջ ենք այնուամենայնիվ: Տ. Սարգսյանը ոլորտային անհամաչափություններով նաեւ պայմանավորեց վիճակը` հղում անելով վարչարարության, առեւտրի պայմանների, հարկային բեռի, ինչպես նաեւ պայմանագրերի կատարման գործընթացներին: Ասաց, որ մտահոգում է շինարարության ոլորտում ստեղծված վիճակըՙ բիզնես միջավայրի ցուցանիշի տեսակետից դեռեւս ունենք բյուրոկրատիայի բարձր աստիճան շինթույլտվությունների բնագավառում, վերջին հինգ տարիների ընթացքում շինարարության ոլորտում ունենք կայուն նվազում, եւ այդ միտումները շարունակվում են նաեւ 2013 թվականին: Բացասական գործոն է եղել 2013-ին գազի եւ էլեկտրաէներգիայի գների շեշտակի բարձրացումը Հայաստանում, որն էլ անդրադարձել է տնտեսական աճի ցուցանիշի վրա, ԿԲ-ն էլ ստիպված եղավ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8,5 տոկոս), սա եւս զսպում է տնտեսական աճը: Կապված որակի երաշխիքների հետ` դանդաղ է ընթացել հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը, ինչը նույնպես բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: Չնայած արդյունաբերության աճի տեմպերը բավական բարձր են, հանքահումքային արդյունաբերությունում ունենք 10-տոկոսանոց աճ, մշակող արդյունաբերությունը շարունակում է ցույց տալ բարձր աճի տեմպերՙ շուրջ 8 տոկոս, գյուղատնտեսությունում նույնպես այս տարի ակնկալվում են տնտեսական աճի բարձր ցուցանիշներ: Ներմուծման աճը գերազանցող արտահանման աճի տեմպերը, 2013 թվականին մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշռի աճի տեմպի պահպանումը, եւ այս երկու գործոններով պայմանավորված` վճարային հաշվեկշռի բարելավման միտումը, 2013-ի տնտեսական տարվա մի շարք այլ առանձնահատկություններ պայմանավորել են 2014-ի բյուջեի շեշտադրումները. այսպես` առաջին անգամ չեն նախատեսվել վարչարարության բեռի ավելացում, այն է`առաջին անգամ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մնում է նույնը: Սա, փաստորեն, քաղաքական որոշում է` պայմանավորված նրանով, որ 2013-ին այդ առումով բավականին մեծ ծավալի միջոցառումներ են իրականացվել, վարչարարությունը խստացել է ու դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել.«Այսուհետեւ շեշտադրումն անելու ենք ոչ թե վարչարարության գործիքների խստացման, այլ ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մեթոդների ներդրման վրա, որպեսզի ստուգումների քանակը նվազեցնենք եւ առաջին հերթին բացահայտենք ռիսկային ոլորտներն ու ստուգումներ իրականացնենք ռիսկային ոլորտներում: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այս քաղաքական որոշումները պետք է հարկային ճնշումները 2014 թվականին 2013 թվականի համեմատ նվազեցնեն», ասաց վարչապետը:

Վարչապետը չշրջանցեց աշխատավարձերի ոլորտում իրականացվող փոփոխությունները` միասնական աշխատավարձային սանդղակի սահմանումը եւ ծրագրով սահմանված նվազագույն աշխատավարձի` 35 հազարից մինչեւ 70 հազար դրամ հասցնելու մասին նախատեսումը: Սոցիալական քաղաքականության շեշտադրումներն են փոխվում` հետեւանքների դեմ պայքարից անցում անելով աղքատություն ծնող պատճառների վերացմանը (աշխատատեղերի ստեղծում եւ պատշաճ կրթություն): Բացի դրանիցՙ սոցիալական օժանդակության ֆորմալ մոտեցման փոխարեն այժմ ըստ կարիքների գնահատման օժանդակություն է լինելու` արդյունավետ համակարգի ներդրմամբ: Այս համակարգը թոշակների ոլորտը կարգի բերելուց հետո անցել է գործազրկության նպաստներին, որտեղ, վարչապետի իսկ գնահատմամբ, հատկացված միջոցների 94 տոկոսը չէր հասնում շահառուին` աշխատանք որոնող մարդուն, քանի որ համակարգն արդյունավետ չէր, այժմ առաջարկվում է ֆինանսական միջոցներն ուղղել աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ 18 հազար դրամանոց նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ, որոնք աշխատանքի որոնման որեւիցե պետական ծրագրերից չէին օգտվում: Ի դեպ` պատգամավորներից Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ սա հաղորդում է հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Հունվարի 1-ից թոշակները ՀՀ-ում բարձրանալու են, եւ այստեղ նույնպես կա փոփոխություն. նվազ թոշակներ ստացողների թոշակների աճի տեմպը լինելու է ավելի բարձր, քան գումարային առումով ավելի բարձր թոշակ ստացողներինը, իսկ 93 հազար դրամ եւ ավելի թոշակ ստացողների թոշակների բարձրացում չի լինելու: 2014 թվականի հունվարի 1-ից 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա միայն թոշակների բարձրացման շնորհիվ, համենայն դեպս` այդպես է կարծում վարչապետը:

Երեք բնագավառներում` կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ, 2014 թվականին ավելանում է ֆինանսավորումը:

2014 թվականին շարունակվելու է արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը, տնտեսության դիվերսիֆիկացիան խորանալու է, կկիրառվեն նոր գործիքներ. արդյունաբերական հիմնադրամը կստանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ, պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա պետության պարտավորությունների կատարումը մասնավոր հատվածի նկատմամբ իրականացնելու համարՙ նրանց հետ ստորագրելով հուշագրեր եւ ստանձնելով փոխադարձ պարտավորություններ:: Ստեղծվելու է մի ապահովագրական ընկերություն` խթանել այն ձեռնարկություններին, առաջին հերթին, փոքր եւ միջին, որոնք կունենան արտահանման ծրագրեր: Կհիմնադրվի վենչուրային հիմնադրամ, որն մասնագիտանալու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների ֆինանսավորմամբ: Ավիափոխադրումներն են լիբերալացվելու, ինչը նույնպես վարչապետի կանխատեսմամբ նպաստելու է ՀՆԱ-ի աճին, տուրիզմի զարգացմանը, ուղեւորափոխադրումների ծավալի աճին, ինչպես նաեւ գների նվազմանը, ի վերջո` տնտեսական միջավայրի բարելավմանը:

Իր ելույթի վերջում վերստին անդրադառնալով սոցիալական քաղաքականությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սոցիալական ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ- ում 10,7 տոկոսից դառնալու է 12 տոկոս, իսկ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացումը սկսվելու է հունվարի 1-ից: Ուժային կառույցների աշխատավարձերը շուրջ 10 տոկոսով բարձրանալու են հունվարի 1-ից, իսկ քաղծառայողների աշխատավարձերը` հուլիսի 1-ից: Ավելացվելու ենք 3 եւ 4 երեխա ունեցողների միանվագ նպաստները. այսօր կազմում են 430 հազար դրամ, այս ցուցանիշը դառնալու է 1 մլն եւ 1մլն 500 հազար դրամ, դրանց կանխիկ վճարումը հունվարի 1-ից 430-ից դառնալու է 500 հազար դրամ: Ձեւավորվել է նաեւ մայրական կապիտալ, որը բազմազավակ ընտանիքները կարող են օգտագործել բնակարանների ձեռքբերման եւ մի շարք առաջնահերթ նպատակներով: Երիտասարդ ընտանքիներին բնակարանների հասանելիության խնդրում 2014թ. առհասարակ արմատական փոփոխություններ են առաջարկվելու:

Վարչապետը խոստովանեց, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը երկու ոլորտներում` առողջապահություն եւ կրթություն, վատթարացել է, այնպես որ երկու ոլորտներում էլ 2014-ին կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող ֆինանսական մեխանիզմների փոփոխություններ պետք է կատարվեն: Առաջինում ապահովագրական նոր, արդյունավետ մեխանիզմ է ներդրվելու, իսկ կրթության ոլորտում անապահով ընտանիքների երեխաներին անվճար կրթությամբ ապահովելու համար 52 տոկոսով ավելացվելու են տեխնիկական, մասնագիտական կրթությանն ուղղվող գումարները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ