RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Տեղադրվել է` 2013-11-13 21:46:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 835, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԴԱՍԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ամիսներ շարունակ Փիթեր Քութուջյանի անունը հնչում էր ազգային շրջանակներում, եւ ամերիկահայերը իրական հույսեր էին փայփայում, որ դեկտեմբերի 15-ին մեկ այլ հայ կբարձրանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աստիճաններով: Բայց այդ հույսերը հօդս ցնդեցին, երբ հոկտեմբերի 15-ին հայտարարվեցին Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքները: Յոթ դեմոկրատ թեկնածուներ պայքարում էին փոխարինելու Էդուարդ Մարքիին Մասաչուսեթսի 5-րդ կոնգրեսական տարածաշրջանում: Քեթրին Կլարքը Մելրոուզից ձայների 32 տոկոսով հաղթանակ տարավ տարածաշրջանի 24 քաղաքներում: Երկրորդ տեղումՙ ձայների 22 տոկոսով հայտնվեց Միդլսեքս Քաունթիի շերիֆ, մեր հայրենակից Փիթեր Քութուջյանը: Հայկական մեծ համայնքներ ունեցող Ուլթհեմ եւ Ուոթերթաուն քաղաքների ընտրողները իրենց քվեներով պաշտպանեցին նրան: Բայց պայքարը թեժ էր, եւ տիկին Կլարքը ձեռնհաս թեկնածու էր: Հայ քվեարկողների համար անշուշտ ձեռնհասությունից ավելի հայկական հարցերի նկատմամբ Քութուջյանի զգայնակությունն էր կարեւորը: Սակայն Կլարքի Վաշինգտոն գնալով դարձյալ լավ են ներկայացված լինելու բոլոր ընտրողների շահերը: Կլարքի համար հեռանկարները խոստումնալից են, քանի որ տարածաշրջանում դեմոկրատները գերակշռում են հանրապետականներին:

Ընտրությունների արդյունքը ավելի շատ պետք է մտահոգի տեղաբնակ հայերին, քան անձամբ իրենՙ պրն Քութուջյանին, ով շարունակելու է իր պաշտոնը որպես շերիֆ կամ հավակնելու է գլխավոր դատախազի պաշտոնին:

Հաշվի առնելով, որ ընդհանրապես քվեարկողների աշխուժությունը մեծ չէր, ամերիկահայերը հրաշալի հնարավորություն ունեին ավելի մեծ թվով մասնակցելու ընտրություններին: Քութուջյանը հպարտ է, որ միայն մեկ շաբաթավերջի օրերին հայ կամավոր երիտասարդներ 16 հազար տուն էին այցելել քարոզարշավի շրջանակներում: Բայց քվեարկելուն մասնակցել էին 3-4 հազար հայեր միայն:

Քութուջյանը վաստակել էր 15.290 ձայն: Բայց եթե նույնիսկ բոլոր քվեարկելու իրավունք ունեցող հայերը տեղամասեր ներկայանային, ապա ընդամենը մեկ երրորդն էին կազմելու ընդհանուր թվի:

Իսկ ինչ վերաբերում է ընտրապայքարի համար գումարներ հայթայթելուն, ապա պետք է նշել, որ Քութուջյանը առաջ էր ընկել իր մրցակցիցՙ ծախսելով 915 հազար դոլար Կլարքի 855 հազար դոլարի դիմաց, եւ դա լավ ավարտ էր խոստանում նրան: Բայց գումարների հայթայթումը դեռ բավական չէ: Եթե Մ. Նահանգներում գտնվող մեկ միլիոն հայերը չեն կարողանում անհրաժեշտության դեպքում զորակոչի ենթարկել իրենց քաղաքական ներուժը, ապա այդ թվաքանակը պիտանի չի կարող համարվել:

Ոչ ոք չի կարող ասել, թե ճշգրիտ քանի հայ է ապրում Մասաչուսեթսում, բայց կարելի է վստահորեն պնդել, որ 4000-ից ավելի պետք է լինեին ընտրացուցակներում ընդգրկվածները, եւ այդ դեպքում նրանք կարող էին վճռական դեր կատարել որեւէ թեկնածուի օգտին:

Մ. Նահանգներում հայերի մյուս խնդիրը այն է, որ նրանք չունեն քաղաքական երկարաժամկետ նպատակներ: Ոչ մի ծրագիր չկա հոգ տանելու ապագա թեկնածուների առաջխաղացման մասին: Թեկնածուները իրենք են իրենց պարտադրում համայնքին: Քութուջյանը որակական բարձր հատկանիշներով օժտված թեկնածու էր համանքային տարբեր (կրթական, եկեղեցական, հասարակական) կազմակերպություններում ծավալած իր հարուստ գործունեությունների կենսագրությամբ: Բայց նրան հարկավոր էր աջակցել առավել կազմակերպված ձեւով: Մենք պետք է անդրադառնանք նաեւ հայկական քաղաքական կուսակցությունների դերակատարմանը: Նրանք անցյալում կարեւոր դեր էին խաղացել մեր ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպման ոլորտում: Այժմ նրանց դերը հայկականությանՙ հայկական ժառանգության պահպանման ի նպաստ մղված պայքարով է նշանավորված, որը ինքնին խրախուսելի արարք է, բայց ոչ բավարար:

Շատերն են այսօր հայկական քաղաքական կուսակցությունների դերը սփյուռքում հարցականի տակ դնում գտնելով, որ նրանց տեղը Հայաստանում է, քանի որ կուսակցությունների գաղափարախոսությունը ընդհանրապես քննության է ենթարկվում այն երկրում, որտեղ, ենթադրվում է, որ նրանք պետք է ծառայեն:

Հայաստանի պարագայում անոմալիա է տիրում, որովհետեւ ավանդական կուսակցությունները մեկուսացված են քաղաքական դաշտից մի քանի պատճառներով: Պատճառներից մեկը այն է, որ նրանց համարում են «տրանսպլանտներ» կամ «օտարածին տնկիներ»: Մյուս պատճառը երբեմնի «ավտորիտար համակարգի» տակ գտնվելու հետեւանքով ստեղծված կարծրատիպն է: Իրականում Հայաստան երկրում քաղաքական կուսակցությունները ստեղծվում են ոչ թե ինչ-որ գաղափարախոսության, այլ այս կամ այն օլիգարխի, իշխանավորի շահերի շուրջը:

Վերադառնալով հյուրընկալ երկրներին, որտեղ հայկական համայնքները բավական աշխույժ են, նշենք, որ քաղաքական կուսակցությունները կարող են արդարացնել իրենց գոյությունը տեղի ժողովրդավարական գործընթացներին առավել ակտիվ մասնակցությամբ: Հին ձեւաչափերով դրանք տեղ չեն կարող ունենալ գլոբալ տեսլականով մեծացող նոր սերունդների ժամանակաշրջանում: Նոր սերնդի անդամները կամ թափառում են ամայի վայրերում, կամ էլ դառնում են վտանգավոր տարրեր համայնքի կոլեկտիվ նպատակների համարՙ իրենց նորարարական ձեռնարկումներով:

Քութուջյանի նախընտրական արշավը քաղաքական համակարգին ինտեգրվելու փորձերն ուսումնասիրելու դասական օրինակ է: Մի կարեւոր հանգամանք, այդուհանդերձ, արժանի է հիշատակության եւ գովասանքի: Հայկական համայնքը բաժանված չէր տարբեր քաղաքական հոսանքների: Թեկնածուն վայելում էր ամբողջ համայնքի պաշտպանությունը, եւ հատկապես նրանց, ովքեր կամավոր հանձն էին առել տնից տուն շրջել: Չնայած Քութուջյանը հաղթանակի չհասավ, սակայն նա արժանավայել կերպով եւ խիզախորեն պահեց իրեն, եւ երախտապարտ է իրեն վստահված պաշտպանության համար:

Մեզՙ հայերիս համար նախընտրական այս քարոզարշավը մի քննություն էր, ուսումնասիրության արժանի մի գործՙ դասեր քաղելու համար եւ համայնքը նախապատրաստելու առաջիկա մարտահրավերներին: Այդ դասերը կօգնեն մեզՙ պարտությունը վերածելու հետագա հաղթանակների ժողովրդավարական գործընթացների մեր որոնումներում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ