RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Տեսություն եւ իրականություն

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 798, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ ՆԵՐՔՈ

ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի փիլիսոփայության ամբիոնի վարիչ

Ներկայիս հետխորհրդային հասարակությունների մեկնաբանմանն ու բնութագրմանը նվիրված վարկածներից մեկը «հետխորհրդային նոր ավատատիրության» կոնցեպցիան է, որը սերում է 20-րդ դարի նշանավոր սոցիոլոգ-քաղաքագետ Մաքս Վեբերի պատրիմոնիալիզմի տեսությունից: Patrimonium լատիներեն տերմինը ծագել է Օգոստինոս կայսեր կառավարման օրոք եւ սկզբնապես նշանակում էր ընդամենը կայսեր մասնավոր գանձարան, որը նա ազատ ու ինքնակամ տնօրինում էր` հաշվի չնստելով ծերակույտի հետ: Ըստ Վեբերի` պատրիմոնիալիզմը ավանդական տիրապետության ձեւերից է, որի գլխավոր հատկանիշը բացառապես տիրակալից անձնապես կախված կառավարման հատուկ ապարատն է, որտեղ ամեն ինչ կառուցվում է հավատարմության եւ նվիրվածության վրա հիմնված պատրոն-կլիենտ (իր գործերի վարումն ուրիշին հանձնած- Մ.Հ.) հարաբերությունների, կամ, որ նույնն է, կլիենտելիզմի սկզբունքի վրա: Հենվելով Վեբերի տեսական ժառանգության վրա` իսրայելցի քաղաքագետ Շ. Այզենշտադտը մուծել է «նեոպատրիմոնիալիզմ» տերմինը եւ համապատասխան կոնցեպցիան: Նրա կարծիքով, հետխորհրդային կլիենտելիզմը ընդհանրության եզրեր ունի չինական ընտանեկանության (գուանսի) եւ լատինամերիկյան ֆամիլիզմի հետ: Դրանցում սոցիալական վստահության պահանջմունքն ապահովվում է միայն «յուրայինների» համար` ոչ ֆորմալ անձնական կապերի, ընտանեկան-ազգակցական հարաբերությունների շրջանակներում:

Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ Գ.Դերլուգյանը նեոպատրիմոնիալիզմը բնութագրում է որպես նեովոտչինային, կամ, որ նույնն է, նորահայրենակալվածքային կառավարման ձեւ: Դա կառավարումն է, որը հենվում է «ընտանիքի»` կլանային-կորպորատիվ կառուցվածքների շահերը սպասարկող մեխանիզմների վրա: Այդ համակարգն ավատատիրության կերպափոխված տեսակն է, երբ միայն երկրի նախագահն է իրապես ձեւավորում կառավարչական ընտրանին` իր կլանի կամ նրան մոտ կանգնած մարդկանց նշանակելով եկամտաբեր պաշտոնների` փոխարենը ակնկալելով նրանցից քաղաքական աջակցություն եւ բաժնեմաս` տեղերում հավաքված հարկերից ու եկամուտներից: Նրանք, ովքեր ստանում են եկամտաբեր պաշտոններ, աստիճանաբար դրանք վերածում են կիսաավատատիրական «բաժնեկալվածքների»: Այստեղից էլ համակարգային կոռուպցիան` հետխորհրդային երկրների «աքիլլեսյան գարշապարն» է:

Ռուս-ամերիկյան սոցիոլոգ Վ. Շլյապենտոխի կոնցեպցիան եւս հիմնվում է հետխորհրդային սոցիալական համակարգի, հասարակական գիտակցության եւ վաղեվրոպական ավատատիրականի հետ զուգահեռների վրա: Ինչպես եւ միջնադարյան Եվրոպայում` մերօրյա Ռուսաստանում (նաեւ` Հայաստանում) կյանքի հանրային եւ մասնավոր ոլորտների միջեւ սահմանները հստակ չեն կամ ընդհանրապես գոյություն չունեն. իշխանություննն ու սեփականությունն այնքան միահյուսված են, որ հաճախ անհնար է դրանք մեկը մյուսից զատել: Միջնադարյան բարոնների նման հետխորհրդային բյուրոկրատները` իրենց պաշտոնական լծակները, իշխանության բոլոր մակարդակներում, օգտագործում են սեփականության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Նույն ժամանակ հարուստները փողը փոխանակում են իշխանության հետ, որպեսզի վերահսկեն քաղաքական որոշումները: Համապատասխանաբար անձնական կապերը հաճախ ավելի մեծ դեր են խաղում, քան այն կապերը, որոնք հիմնված են մարդկանց պաշտոնական դիրքերի վրա: Դա նշանակում է, որ երկրում առավել հզոր մարդիկ ոչ այնքան պետական գործիչներն են, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, որքան նախագահի (կամ թագավորի, եթե անդրադառնանք անցյալին) մերձավոր շրջապատի մեջ մտնող մարդիկ: Կառավարման այդ ձեւն անվանվում է «հովանավորչական նախագահության» մոդել, որի էությունը քաղաքական իշխանության եւ բիզնեսի սերտաճվածության մեջ է:

Գործնականում ոչ միայն անհնարին է խզումն արդիականացված ավատատիրական ավանդույթներից, այլեւ կարող է հանգեցնել նույնիսկ տնտեսական եւ քաղաքական համակարգի ձեւաբեկմանը, այսինքն` ավելի գռեհիկ, արտաքուստ նոմենկլատուրային «ավատատիրական» կառուցվածքների կազմավորմանը: Ավատատիրական բարքերի ցայտուն դրսեւորումներին հայ հասարակությունն ականատես եղավ վերջերս. մականունավոր մարզպետի տան մոտ բռնկված փոխհրաձգությունը եւ «ձեռաց» կատարված սպանությունը, Գյումրվա դաժան դեպքերը, առավել դաժան իրադարձությունները Հարսնաքարում եւ այլն:

Ավատատիրական հոռի երեւույթների «վերածննդի» պատճառը ՌԳԱ իսկական անդամ, ակադեմիկոս Վլ. Ներսիսյանցը, նախ եւ առաջ, տեսնում էր այնպիսի սեփականության ձեւավորման մեջ, որը դեռեւս ազատ չէ իշխանությունից, եւ այնպիսի իշխանության մեջ, որը դեռեւս ազատ չէ սեփականությունից: Այդ երեւույթը առավել բնութագրական է ավատատիրական էտապի համար: Երկրորդ, իշխանության եւ սեփականության, քաղաքականության եւ տնտեսության համակեցությունը վկայում է այն մասին, որ հետխորհրդային հասարակության քաղաքական համակարգը դեռեւս չի հասունացել քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության հստակ տարբերակման համար: Երրորդ, Ներսիսյանցը գտնում է, որ դրա փաստացի դրսեւորումներն են` միասնական իրավական տարածքի, ընդհանուր իրավակարգի եւ միասնական օրինականության բացակայությունը, օրենքի դերի արժեզրկումը, ընդհանուր-իրավական սկզբունքների եւ նորմերի անգործությունը, տարբեր իրավական ակտերի միջեւ անհամաձայնություններն ու հակասությունները, իրավական կարգավորման խայտաբղետությունն ու քաոսայնությունը: Եվ, վերջապես, տարբեր իրավազորությունների եւ իրավակացությունների կորպորատիվ, դասախավային բնույթը. ամենօրյա կյանքում գերիշխում է կորպորատիվիզմի ոգին, իշխանությունների կողմից նորմատիվորեն սահմանված իրավունք-արտոնություններ, իրավական բացառություններ` հօգուտ առանձին անձանց, խմբերի, մասնագիտությունների, վարչական տարածքների եւ այլնի: Այս պայմաններում գլուխ է բարձրացնում «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» աղվեսային հոխորտանքը, որի վախճանն այնպես պատկերավոր է նկարագրել Հովհ. Թումանյանը իր «Չարի վերջը» գործում:

Ամփոփելով` կարող ենք առանձնացնել հետխորհրդային հայկական նորավատատիրության հետեւյալ տարրերը.

մասնավոր շահերի բացարձակ գերակայությունը հանրային շահերի նկատմամբ ոչ միայն կյանքի առօրեական մակարդակում, այլեւ առանձնապես պետական ծառայողների նախապատվությունների եւ վարքի մեջ,

իշխանության եւ սեփականության սերտ միահյուսվածություն. բազմաթիվ դեպքերում ողջ մարզեր վերածվում են լայնածավալ ավատական կալվածքների` անձնական տնօրինման պայմաններում,

անձնական կապերի մշտապես աճող գերակայություններ, որոնք քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում հիմնվում են ոչ ֆորմալ անձնական կապերի վրա: Այդ կապերի տիպական արտահայտությունը «տանիքն» է (ասաՙ ո՞վ է տանիքդ, ասեմ` դու ով ես),

քաղաքական կուսակցությունները եւ ընկերակցություններն ավելի ու ավելի դառնում են մասնավոր շահերի եւ առանձին քաղաքական գործիչների առաջխաղացման գործիք, այլ ոչ` շահերի արտահայտման եւ ներկայացուցչության ձեւ,

իշխանության վերին էշելոններում «պետության մեջ պետություն» ձեւավորումը որպես անձնական բարեկեցության եւ անվտանգության ապահովման միջոց,

երկրի «գավառականացումը», այսինքն` կյանքի բոլոր ոլորտներում համախմբման եւ համերաշխության միտումների որակական նվազումը:

Այսպիսով, ոչ պաշտոնական անձնական կապերի, պատրոն-կլիենտ հարաբերությունների ցանցերի լայն տարածվածությունը նոր հայրենա-կալվածքային կառավարման մոդելի արգասիքն է: Հարցումները նույնպես ցույց են տալիս, որ հայաստանաբնակ հայերի մեծամասնությունը հակված է սոցիալական, քաղաքական կյանքում ինչ-որ հաջողության հասնելու լավագույն միջոցը համարել անձնական «վերին» կապերը: 1990-ական թվականների վերջերին Ռուսաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների 84 տոկոսը կողմնորոշված է դեպի «վերին կապերը»: Նույնաբնույթ արդյունքներ գրանցվել են նաեւ 2004թ.: Այն հարցին, թե «ի՞նչն է օգնում գտնել լավ վարձատրվող աշխատանք», հարցվածների 66,7 տոկոսը վկայակոչել է անձնական կապերը եւ ծանոթությունը: Սակայն օգտաշահ կապերն ու ծանոթությունները ակտիվորեն օգտագործվում են միայն «որոշակի սոցիալական շրջանակներում» (ընդգրկում է բնակչության 10-14 տոկոսը): Խոսքն, իհարկե, պետական մարմիններում, բիզնեսում ազդեցիկ մարդկանց հետ անձնական կապերի ցանցի մասին է: Ակներեւ է, որ դրանք ավելի շուտ կոռուպցիոն` ցանցավորված կապեր են: Հենց դրանցով են հյուսված փոխադարձ պարտավորությունների ցանցերը, դրանցով են կատարված տարատեսակ ռեսուրսների փոխանակումները, որոնք ստանում են համընդհանուր փողային արտահայտություն: Անկասկած, Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը որոշակի փուլում ձեռք է բերել հանընդհանուր շուկայական բնույթ` «ամեն ինչ ներկայացված է վաճառքի»: Փողային համարժեքով են հաշվարկվում գործնականում բոլոր ռեսուրսները, որոնց փոխանակմամբ են ուղեկցվում պետական գործառնությունները: Ըստ էության, այդ ցանցերի, եւ, առհասարակ, նեոպատրիմոնիալիզմի խնդիրը, եթե կուզեիք իմանալ, ազգի որակի բարձրացման խնդիրն է: Նրա լուծումը գտնվում է կյանքի հանրային եւ մասնավոր ոլորտների փոխօտարման հաղթահարման կետում: Այլապես հայրենի «ժողովրդավարության» զավեշտախաղը կշարունակի մեզ անընդհատ հիշեցնել Աղավնու «Շիրակ» վեպի տողերը.

Անկախ Հայաստան,

Նիկոլի բոստան,

Խմբապետ Կոստան...

Թող Աստված փրկի եւ ազատի մեզ այսօրինակ անձուկ ու ճնշիչ «ժողովրդավարությունից», որն ավելի ստույգ, եթե փորձենք գտնել ճիշտ բառը, ժողովրդավառությունն է եւ ոչ ամենեւին ժողովրդավարությունը... Ի տես այս տխուր իրողության` հարց է ծագում. մի՞թե ՀՀ-ում անհնար է ճշմարիտ ժողովրդավարության ստեղծումը, թե՞ դա մեզ համար չէ: Թեեւ կլիենտար կերպով կազմակերպված սոցիալական ցանցերը լրացնում են «պետության պակասությունն» ու «վստահության դեֆիցիտը» ամենօրյա կյանքում, իրականում նրանք հիմնաքանդում են Հայաստանի հանրային ինստիտուտները: Ըստ երեւույթին ժողովրդավարություն կոչվածը որոշ երկրների համար չէ՞, զավեշտալի մի հարցադրում, որ նման է Խոսե Օրտեգա ի Գասետի «Թարգմանության թշվառությունն ու պերճանքը» գործում առկա տեսակետին. «... ներկաներից մեկը նշեց, որ որոշ գերմանացի փիլիսոփաների անհնար է թարգմանել: Զարգացնելով իր տեսակետը` նա կոչ արեց ստեղծել մի ուսմունք, որն էլ կորոշի, թե որ փիլիսոփային կարելի է թարգմանել, որին` ոչ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ