RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 628, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱԿՈԲ ՄՈԿԱՑՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՀԵԼ-ՋԱՀԵԼ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, 2 մրցաշարերի մասնակից

Շախմատի պատմությունը առատ է գեղեցիկ ստեղծագործություններով մինչեւ հիմա շախմատիստներին հիացնող անվանի վարպետների, հինավուրց խաղը հարստացրած եւ նոր մակարդակի հասցրած չեմպիոնների, թագի չարժանացած, սակայն խոր հետք թողած եւ համընդհանուր ճանաչում վայելած ուժեղագույն գրոսմայստերների անուններով: Եղել են նաեւ մարդիկՙ ուսուցիչները, որ չեն ձգտել անձնական փառքի եւ տիտղոսների նվաճման, այլ դրա համար նախապատրաստել են իրենց աշակերտներինՙ շախմատի սեր եւ իմացություն ներարկելով, բացահայտել շնորհալիներին եւ տաղանդավորներին, հետեւողական աշխատանքով առաջ մղել նրանց:

Այդպիսին նվիրյալներից էր Հակոբ Մոկացյանըՙ հանրապետության շախմատի առաջին մասնագիտական դպրոցի հիմնադիրներից եւ երկարամյա ղեկավար, վաստակավոր մարզիչ եւ հանրապետության վաստակավոր գործիչ, ուսուցիչ:

Ձեւավորվող ավանդույթի համաձայն, արդեն 3-րդ տարին, Հակոբ Մոկացյանի ծննդյան օրվա կապակցությամբ շախմատի տանը կազմակերպվում է յուրահատուկ մրցաշար վետերան շախմատիստների եւ շախմատային դպրոցների սաների միջեւ: Մրցում են 60-ն անց տղամարդիկ եւ 10-16 տարեկան պատանյակներ, որոնք, սակայն, հասուն եւ կշռադատված խաղով չեն զիջում փորձառու մրցակիցներին:

Առաջին մրցավեճը հաղթել էին վետերանները, 2-րդըՙ անցած տարի, կրտսերները, այնպես որ սա վճռական հանդիպում էր: Շաբաթ օրըՙ հոկտեմբերի 26-ին, դարձյալ միմյանց դիմաց նստեցին 10-ական ահել ու ջահել շախմատիստներ, որոնց միջին տարիքային տարբերությունը առնվազն կես դար էր:

Պատանյակները երեւի այնքան վստահ էին իրենց հաղթանակին, որ հարկ չէին համարել ժամանակին ներկայանալ: Վերջապես, մարզիչների եռանդուն ջանքերով, նրանց թիմը հավաքվեց լրիվ կազմով, եւ Հակոբ Մոկացյանի սան, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի բացման խոսքից հետո մրցապայքարը սկսվեց:

Զուգահեռ ընթանում էր Հակոբ Մոկացյանի հիշատակին նվիրված եւս մեկ միջոցառում: Գրոսմայստեր, նույնպես Հակոբ Մոկացյանի սան Ռաֆայել Վահանյանը 14 խաղատախտակի վրա միաժամանակյա խաղի սեանս էր անցկացնում: Նա հաղթեց 13 պարտիայում, միայն մեկինՙ Սերգեյ Կասպարյանին հաջողվեց ոչ-ոքի խաղալ գրոսմայստերի հետ:

Ի տարբերություն սեանսիՙ ահել-ջահել մրցավեճը հավասար էր, անզիջում, փոփոխական նվազագույն առավելություններով:

Ուրախալի էր, որ սաների թիմը գրեթե հիմնովին փոխվել էր. ընդամենը 2-ն էին անցած կազմից, ուրեմնՙ ուժեղացել էին, անցել առաջ: Լավ էր նույնպես, որ վետերաններից ընդամենը 2-ն էին փոխարինվելՙ եւ ոչ առողջական պատճառներով:

Մասնակիցներից յուրաքանչյուրը խաղաց հակառակորդ թիմի բոլոր անդամների հետՙ ամեն պարտիայի համար 10 րոպե ունենալով: Կայծակնային շախմատին սովորաբար ավելի լարված ու սուր պայքարն է բնորոշ, հաճախակի սխալներով ու հուզումնառատ պահերով: Եվ հարկ է արժանին մատուցել հանրապետական կարգի մրցավար Վահան Դիմաքսյանին, որը նման իրավիճակում անթերի վարեց մրցաշարը:

Չորս ժամից ավելի ձգվող մրցաշարը փոքր առավելությամբՙ 51-49 ընդհանուր հաշվով, հաղթեցին վետերանները:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, Վետերան շախմատիստների խորհրդի փոխնախագահ Ռաֆայել Չատինյանը ամփոփեց մրցաշարը: Բեմ հրավիրվեց նաեւ Հակոբ Մոկացյանի որդինՙ Արսեն Մոկացյանը, որը, դարձյալ ավանդույթի համաձայն, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Ապա հանձնվեցին մրցանակները: Վետերաններից լավագույնը Անուշավան Առաքելյանն էրՙ 6,5 միավորով: Երկու թիմերի մեջ անհատապես առաջին տեղը գրավեց եւ փոխանցիկ գավաթը ստացավ շախմատային ակադեմիայի սան Աշոտ Փարվանյանը, որն աչքի ընկավ խելացի եւ համարձակ խաղով:

Ի դեպ, նախորդ մրցաշարում, որը հաղթել էին սաները, լավագույն արդյունք ցույց տվողը վետերան էրՙ միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը, որն այս տարի բավարարվեց 3-րդ տեղով: Այսպեսՙ Կաիսան ամեն անգամ կարծես փոխհատուցում է պարտված թիմին:

Սպասենք հաջորդ հանդիպմանըՙ շախմատային առանձնահատուկ մթնոլորտում դարձյալ մեծարելու ուսուցչին: Ի վերջո պայծառ մարդկանց հիշատակը գոնե ինչ-որ չափով մաքրում է մեզ:

Սաները, բնականաբար, կձգտեն ռեւանշի, իսկ վետերանները... պարզապես սիրում են շախմատ խաղալ:

Նկար 1. Առաջին պլանում գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է միաժամանակյա խաղի սեանս տալիս: Բեմում մրցում են ահելներն ու ջահելները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ