RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1276, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆՙ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ... ԺՎԱՆԻԱՅԻ ԳՈՐԾԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանում իշխանափոխությունն ամբողջացված, լիարժեք փաստ է, որի դրսեւորումներն ու հետեւանքները դեռեւս սպասվում են: Մինչ այդ արդեն երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իրադարձությունները յուրահատուկ մեկնաբանության են արժանանում: Մասնավորապես, խոսակցությունները, թե նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ Միխեիլ Սաակաշվիլուն ոչ միայն հարցաքննեն, այլեւ ձերբակալեն, կանգնեցնեն դատարանի առաջ, դարձել են հիմք դատելու, թե որ քայլն ինչու է անում երկրի դեռեւս նախագահի լիազորություններն իրականացնող առաջնորդը:

Երեկ վրացական մամուլն էլ, հարեւան երկրների մամուլն էլ գերագույն հաճույքով ու պատրաստակամությամբ ծամծմում էին, թե Վրաստանի նախագահն իր հավատարիմ ընկերոջ` Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ «թռել» է երկրից:

Այդ մասին առաջիններից մեկը հայտնեց վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությունը, տեղեկացնելով, թե հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան Սաակաշվիլին եւ Ուգուլավան հեռացել են Վրաստանից: ընդ որում, որպես հավանական նպատակակետ էր նշվում Հոլանդիանՙ այն տրամաբանությամբ, թե այնտեղ քաղաքացիություն ստանալու հնարավորություն կա Սաակաշվիլու կնոջ հոլանդուհի լինելու հիմքով:

Որ Սաակաշվիլին կարող է փախչել երկրից, այնքան էլ հավանական ենթադրությունների շարքից չէր, սակայն այդպիսի դատողության համար հիմք է ծառայել կասկածելի հանգամանքներում մահացած Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով հնարավոր նոր հանգամանքների ի հայտ գալու մասին հայտարարությունը, որ արել է Ժվանիայի եղբայրը: Խոսակցություններ կան, թե անհայտ հանգամանքներում ենթադրաբար գազային թունավորումից մահացած Ժվանիայի գործում խառն է Սաակաշվիլու քեռին, որի խորհրդային «ԿԳԲ»-ական հարուստ անցյալը դավադրություններում մասնակցության հիմքերն ամրապնդող գործոն է:

Սաակաշվիլու «փախուստի» առնչությամբ մեկ այլ փաստարկ էլ նրա հրաժեշտի ուղերձն էր վրաց ժողովրդին հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, որում Վրաստանի նախագահը «բացեց սիրտն ու թույլ տվեց նայել իր հոգու մեջ», միեւնույն ժամանակ նշելով, թե իր գործունեությունը սկսել է այնպիսի Վրաստանում, որտեղ «ժողովուրդը պատրաստ էր սպանել հարեւանին միայն այն բանի համար, որ վերջինս էթնիկ այլ ծագում ուներ»... Սաակաշվիլին կոչ է արել հիշել իր նախագահության 10 տարիներն ու անցած ուղին եւ օբյեկտիվորեն գնահատել արվածը:

Ամեն դեպքում, դժվար թե Սաակաշվիլին ուղերձ ասեր ու ճամպրուկները հավաքած մեկներ Վրաստանից, հատկապես որ երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահը Բրյուսել է մեկնել, իսկ Թբիլիսիի քաղաքապետը` Ստրասբուրգ: Ավելին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, ի դեմս փոխարտգործնախարարի, տեղեկացրին, որ Բրյուսել այցի մասին ԱԳՆ-ն տեղեկացված է եղել, թեեւ այդ մասին արտաքին գործերի գերատեսչությունը տեղեկացել է Բելգիայում Վրաստանի դեսպանատնից:

Իհարկե, ԱԳՆ տեղեկացված լինելը դեռեւս չի նշանակում, թե Վրաստանի նախագահը չի հեռացել երկրից, բայց քանի որ այցը նախատեսված է եղել երկօրյա, սպասելու շատ քիչ ժամանակ է մնում` հասկանալու, թե որքան է Վրաստանը սիրում Նահանգներում իրավաբանի կարիերան կիսատ թողած Սաակաշվիլին:

Հետաքրքրական զուգադիպությամբ, սակայն, Սաակաշվիլու հնարավոր հեռացման մասին գրել է նաեւ միջազգային մամուլը: Մասնավորապես, Le Figaro պարբերականը հնարավոր է համարում, որ Սաակաշվիլին որպես միգրանտ կհայտնվի արտերկրում, բայց Հոլանդիայի փոխարեն նրան ֆրանսիական պարբերականն ուղարկում է Միացյալ Նահանգներ, որտեղ նրա կողմնակիցներն ու բարեկամները բավականին շատ են: Ըստ պարբերականի, հենց ամերիկյան դիվանագետներն ու չինովնիկներն են Սաակաշվիլուն խորհուրդ տալիս բնակություն հաստատել ԱՄՆ-ում` հեռու ներկայիս իշխանությունների հնարավոր հետապնդումներից:

Սաակաշվիլու հնարավոր ձերբակալությունն էլ արեւմտյան ու ամերիկյան որոշ լրատվամիջոցներ դիտարկում են ոչ թե որպես քաղաքական հետապնդում կամ արդարադատության իրականացում, այլ որպես Սաակաշվիլու հանդեպ Ռուսաստանից հնչող հայտարարությունների իրականացում` նկատի ունենալով հյուսիսային հարեւանի կողմից Սաակաշվիլու հետ որեւէ հարաբերություն չունենալու եւ նրան սպառնալու մոտեցումները:

Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, որից հետո նորընտիր նախագահի եւ նորանշանակ վարչապետի փաստացի առաջին օտարերկրյա այցելությունը կարող է դառնալ հենց Արեւելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցությունը, որ տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ