RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 871, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՄՆ-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԼՐՏԵՍՈՒՄԸ

Պ. Ք.

Ամերիկյան ԱԱԳ-ի կողմից դաշնակից երկրների լրտեսման վերաբերյալ հաղորդումների հրապարակումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում մտցնել հետախուզական տվյալների հավաքման լրացուցիչ սահմանափակումներ:

Նախագահ Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնիի խոսքերով, հետախուզման քաղաքականության վերանայման ընթացքում Սպիտակ տունը հաշվի կառնի հասարակայնության տագնապները մասնավոր կյանքի անձեռնմխելիության պահպանման հարցում:

Քարնիի հայտարարությունն արվեց միջազգային լրատվամիջոցների այն բացահայտումներից հետո, որոնց համաձայն ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են աշխարհի 35 ղեկավարների հեռախոսազրույցները եւ հեռախոսազանգերի մասին տվյալներ են հավաքվել մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բրազիլիայում:

Գաղտնալսումների առաջացրած «վստահության ճգնաժամը» հարթելու նպատակով Վաշինգտոն է մեկնել ԵՄ պատվիրակություն, հաղորդում է «Եվրոնյուզ» հեռուստաալիքը:

Պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ Ջեյ Քարնին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հետախուզական տվյալները չի օգտագործել հանուն սեփական տնտեսական շահերի, եւ որ նախագահ Օբաման առաջվա պես հավատարիմ է հետախուզական տեղեկություններն անվտանգության ապահովմանը ծառայեցնելու սկզբունքին:

Քարնին ավելացրել է, որ ներկայումս վերանայվում է հետախուզական ծառայությունների աշխատանքը, որպեսզի ապահովվի ինչպես ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցներին անվտանգությունը, այնպես էլ քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:

Նախագահ Օբաման եւ իր մամլո քարտուղարը, սակայն, չեն մեկնաբանել դաշնակից երկրների ղեկավարների հեռախոսների գաղտնալսման հետ կապված կոնկրետ մեղադրանքները:

Ավելի վաղՙ երկուշաբթի օրը, Եվրոխորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնախմբի ներկայացուցիչները եվրոպացիների լրտեսման հետ կապված մեղադրանքները քննարկել էին Կոնգրեսի անդամների հետ: ԵՄ պատվիրակության անդամ, բրիտանացի լեյբորիստ եվրոպատգամավոր Կլոդ Մորաեսը հանդիպումից հետո BBC-ի թղթակցին ասել էր, որ մեղադրանքներին ի պատասխանՙ իրենք լսել են միայն «շաբլոն արտահայտություններ»:

Մասնավորապես Իսպանիան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջում ԱԱԳ-ի իրականացրած գաղտնալսումների կապակցությամբ: Էդվարդ Սնոուդենից ստացած գաղտնի փաստաթղթերի հիման վրա El Mundo թերթը գրել էր, որ միայն մեկ ամսում ԱԱԳ-ն գաղնալսել է Իսպանիայի քաղաքացիների եւ կառավարության անդամների 60 մլն հեռախոսազրույց:

Իր հերթին իտալական Corriere della sera թերթը 2012 թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2013 թ. հունվարի 8-ը Իտալիայում գաղտնալսվել է 46 մլն հեռախոսազանգ: Թերթի տվյալներով, ԱԱԳ-ի ստացած տեղեկությունները վերաբերում են զանգահարողներին հեռախոսահամարներին, զրույցների տեւողությանը, դրան մասնակցած բաժանորդի անձին:

Ամբողջ աշխարհում (ներառյալ ԱՄՆ-ում) ԱԱԳ-ի գաղտնալսած հեռախոսազրույցների թիվը հասնում է 124,8 միլիարդի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ