RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1411, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՅ ՔԵԶ «ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մինչ Բաքվում իշխող վարչախումբը եւ նրա խոհանոցից սնվող` զանազան «անկախ» փորձագետներ, վերլուծաբաններ եւ առանձին երկրների երկրորդական-երրորդական նշանակության քաղաքական գործիչներ տարփողում են, որ Ադրբեջանը «Հարավային Կովկասի տնտեսական լոկոմոտիվն է», «Իլհամ Ալիեւը կարող է հպարտությամբ հիշեցնել 10 տարիների ձեռքբերումները» եւ այլն, «Թուրան» գործակալությունը տարածել է 2014թ. Ադրբեջանի պետական բյուջեի մասին տնտեսագետ Ռովշան Աղաեւի դիտարկումները:

Վերլուծականի հեղինակը կանխատեսել է, որ 2014-ին Ադրբեջանի կառավարությունը շուրջ 35 տոկոսով կբարձրացնի էներգակիրների եւ կոմունալ ծառայությունների սակագները: Հաշվարկի համար տնտեսագետը հիմք է ընդունել բյուջեում գալիք տարի պետական հաստատությունների էներգակիրների եւ կոմունալ ծախսերի համար հատկացվելիք գումարների կտրուկ ավելացումը:

Այսպես, բյուջետային կազմակերպությունների ջեռուցման, ջրամատակարարման- ջրահեռացման եւ հեռահաղորդակցության ծախսերը 2014-ին կկազմեն 641 մլն. մանաթ այն դեպքում, երբ ընթացիկ տարում նույն նպատակով պետական հատկացումներն ընդամենը 346,8 մլն. են: Փորձագետը գտնում է, որ ծախսերի նման աճը «ոչ մի կերպ չի կարող կապված լինել ծառայությունների ծավալների կտրուկ մեծացման հետ»:

Աղաեւի կարծիքով, «կառավարությունը մտադիր է նավթային եկամուտների նվազումը փոխհատուցել սղաճի հաշվին, բավական է ասել, որ ավելացված արժեքի հարկից մուտքերը նախատեսված են 300 մլն. մանաթի չափով»: Բյուջետային հաստատությունների կողմից վառելիքա-քսայուղային նյութերի ձեռքբերման ծախսերը 2014-ին կավելանան 39,5, էլեկտրաէներգիայի համար` 25,5, բնական գազինը` 18,9 , ջրինը` 26,7 տոկոսով: Հեռահաղորդակցության ծախսերը կաճեն 13-32 տոկոսով:

Այդ թվերի վերլուծությունը տնտեսագետ Աղաեւին բերել է համոզման, որ «կառավարությունը կանխատեսում է բազային բարձր սղաճ»: Ըստ այդմ, 2014թ.-ին Ադրբեջանի պետական համախառն եկամուտները նախատեսված են 18 մլրդ 384 մլն, ծախսերը` 20 մլրդ մանաթ: Տոկոսային արտահայտությամբ` բյուջեի եկամուտները 4 տոկոսով պակաս են, քան` ընթացիկ տարում, իսկ ծախսերը` 5,3 տոկոսով ավելի:

Նման պատկերը տնտեսագետ Աղաեւին թույլ է տվել եզրահանգել, որ Ադրբեջանի «կառավարությունը 2014թ.-ին կբարձրացնի էներգակիրների եւ կոմունալ ծառայությունների սակագները»: Տնտեսագիտական խոր գիտելիքներ պետք չեն, որպեսզի փորձագետի գնահատականը համարվի արդարացի: Իրոք, եթե Ադրբեջանի կառավարությունը բյուջետային կազմակերպությունների համար էներգակիրների սպառման եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների համար 2014թ.-ի բյուջեւում գրեթե կրկնակի չափով ավելի գումար է նախատեսել, քան ընթացիկ տարվա նույն բնագավառի ծախսերն են, իսկ պետական կառավարման համակարգում փոփոխություններ չեն կատարվելու, այն է` նոր գերատեսչություններ, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններ, կրթամշակութային հաստատություններ չեն ստեղծվելու (հակառակ դեպքում հին-«նոր» կառավարություն նշանակելիս Իլհամ Ալիեւը կհրամանագրեր), ապա մնում է եզրահանգել, որ, իրոք, 2014-ին Բաքվում իշխող վարչախումբը բավական թանկ «նվեր» կմատուցի շարքային ադրբեջանցուն:

Տնտեսագետ Աղաեւի հաշվարկով` միջին վիճակագրական ընտանիքն Ադրբեջանում 2014-ին շուրջ 55 տոկոսվ ավելի կվճարի գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման-ջրահեռացման եւ հեռահաղորդակցության համար: Իլհամ Ալիեւի նախընտրական ծրագրում, մինչդեռ, նախատեսված է մոտակա 5 տարիներին բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի առավելագույնը 20-30 տոկոսի աճ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ միջին- վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվի, այլեւ, ընդհակառակը, գրեթե կիսով չափ կվատթարանա:

Հավելենք, որ Ադրբեջանում բյուջետային համակարգի առավելագույն աշխատավարձը 2014-ին նախատեսվում է հասցնել 200 մանաթի, իսկ միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 100 մանաթ: Եվ եթե կյանքը 2014-ին պաշտոնական տվյալներով կթանկանա 50 տոկոսով, իսկ աշխատավարձերն ու թոշակները կաճեն ոչ ավելի, քան 25 տոկոսով, ուրեմն որեւէ հիմնավորում չկա պնդելու, թե «վերջին 10 տարիներին Ադրբեջանում տնտեսական հրաշք է եղել» կամ այդ երկիրը «Հարավային Կովկասի զարգացման լոկոմոտիվն է»:

Գուցե իրոք նավթի եւ գազի արտահանումից միլիարդավոր դոլարների եկամուտ ստացվում է, բայց դրանից Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիներ ոչ մի օգուտ չեն ունենում: Փոխարենը հղփանում է պետական բյուրոկրատիան եւ օլիգարխիան, որոնք, ձեռք-ձեռքի տված, արտերկրում աստղաբաշխական գումարներ են ծախսում` վարձահրավիրելու զանզան տրամաչափի «գործիչների» եւ էլ ավելի ուռճացնելու Հարավային Կովկասի «տնտեսական հրաշքի» առասպելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ