RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ

Միջազգային գիտաժողով Երեւանում

Պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության արդիական հարցերը պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների Երեւանում կայացած 4-րդ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում էին: Ֆորումի թեմանՙ «Տեխնոլոգիական նորարարություններ պլաստիկ վիրաբուժության մեջ», կանխորոշեց մի շարք երկրների ներկայացուցիչների բանավեճի ընթացքը, իսկ Հայաստան էին եկել մասնագետներ 24 պետություններից, այդ թվումՙ Թուրքիայից:

- Գիտաժողովի մասնակիցները ներկայացրին հետաքրքրական մշակումներ ու նորագույն այն տեխնոլոգիաները, որոնք լայնորեն ներդրվում են պլաստիկ վիրաբուժության մեջ, համադրելով այն բժշկության այլ ուղղությունների հետ,- ասաց ֆորումի կազմակերպիչներից Երեւանի «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բշժկության կլինիկայի գլխավոր բժիշկ Իրինա Մանասարյանը : - Դա տարբեր պրոֆիլի բժիշկների համատեղ աշխատանք է, որը այցելուին թույլ է տալիս լինել ավելի առողջ, ունենալ ավելի լավ տեսք, զգալ ավելի երիտասարդ:

- Առողջության վիճակն ազդում է արտաքինի վրա, եւ, օրինակ, մաշկը մարդու առողջության, օրգանիզմի վիճակի արտացոլումն է,- հիշեցրեց բժիշկը: - Այդ պատճառով ոչ ճիշտ է այն պնդումը, թե պլաստիկ վիրաբույժների աշխատանքն ուղղված է միայն այցելուի քմահաճույքների կատարմանը եւ արտաքինի ինչ-որ արատներ ուղղելուն: Չէ՞ որ, օրինակ, մի շարք ուռուցքաբանական վիրահատություններից հետո աշխատում են պլաստիկ վիրաբույժներըՙ վերականգնելով մաշկի, մարմնի առանձին հատվածների վնասվածքները,- փաստեց Ի. Մանասարյանը:

Հայաստանում ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել արտաքինին, հայտնեց գլխավոր բժիշկը: Նրա խոսքերովՙ դա կապված է այն բանի հետ, որ մարդիկ ձգտում են բարձրացնել կյանքի որակը, որի դրսեւորումներից են էսթետիկությունը, գրավչությունը, ավելի շատ են նրանք, ովքեր միջին դասին են պատկանում եւ հնարավորություն ունեն դիմելու նման վիրահատությունների:

Պակաս կարեւոր չէ, որ պլաստիկ վիրահատությունից հետո առաջանում են բժշկական խիստ երաշխավորություններ, որոնք միանշանակ նպաստում են առողջ ապրելակերպին, եւ որեւէ այցելու դրանք չի անտեսի,- պնդում է Ի. Մանասարյանը:

Գլխավոր բժշկին ուրախացնում է, որ պլաստիկ վիրաբուժության այցելուների թվում Հայաստանում շատացել են տղամարդիկ: Մեր ազգային մտածելակերպը հաշվի առնելովՙ առաջներում դա բնորոշ չէր, իսկ հիմա նաեւ տղամարդիկ են սկսել իրենց հետեւել, ձգտում են գեղեցիկ երեւալ, ասաց նա:

- Երեւանյան կլինիկա են դիմում նաեւ արտերկրից: Այսպես, մի կին Խորվաթիայից եկել էր կուրծքը պատվաստելուՙ իմպլանտացիա անելու,- հայտնեց Ի. Մանասարյանը: - Օտարերկրացիները ստանում են բարձր մասնագիտացված օգնություն, գները մեզ մոտ, եվրոպականի համեմատ, բնականաբար, ավելի ցածր են, եւ նրանք նախընտրում են ստանալ ավելի բարձր որակ ու ավելի մատչելի գին «մեկ փաթեթով»:

Այսօր շատացել են էսթետիկ վիրաբուժության կլինիկաները, շարունակեց հաստատության ղեկավարը: Նրա խոսքերով, ցավոք, շատ հաճախ հանդես է բերվում ոչ արհեստավարժ մոտեցում գործին, մասնագետներ կան, որոնք աշխատում են ոչ պատշաճ պայմաններում, դրանով իսկ վարկաբեկելով էսթետիկ վիրաբուժության գաղափարը: Ի՞նչ պայմաններում են աշխատում, դժվար է հետեւել, շարունակեց տիկին Մանասարյանը: «Մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս դիմել միայն բարձրորակ, արհեստավարժ մասնագետների: Եթե չեք ուզում ստանալ բարդացումներ, անբավարար արդյունք, դիմեք միայն մասնագետների, որոնք հավաստագրված են, որոնք աշխատում են որակյալ դեղամիջոցներով»,- պնդում է Ի. Մանասարյանը:

Մեր կլինիկան արդեն 3 տարեկան է, շարունակեց գլխավոր բժիշկը: Անընդհատ զարգանում ենք, եթե առաջ մենք ունեինք միայն կոսմետոլոգիայի եւ կոսմետիկ վիրաբուժության բաժանմունք, այժմ նաեւ առաջարկում ենք ռեաբիլիտացիայի ու դիետոլոգիայի ծառայություններ: Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն սպեկտր, վիրահատությունները կատարում ենք միայն տեղական անզգայացմամբ, այսինքնՙ մեկ օրվա վիրահատություններ (այցելուն վիրահատվում է ու տուն գնում): Առաջ մենք իրականացնում էինք միայն մազերի, այժմ նաեւՙ հոնքերի պատվաստում, ընդգծեց բժիշկը:

- Կլինիկան ակտիվ աշխատանք է տանում օտարերկրյա գործընկերների հետ, սկսել ենք համագործակցել մոսկովյան «Նիկե-Մեդ» ընկերության հետ, աշխատում ենք Ռուսաստանի պլաստիկ վիրաբույժների հետ: Մեր մասնագետները մեկնում են արտերկիր ստաժավորման, գիտաժողովների ու խորհրդաժողովներիՙ դա անհրաժեշտ է, որպեսզի ժամանակին համաքայլ լինենք, իմանանք համաշխարհային նորույթների, նորահայտ տեխնոլոգիաների մասին, եւ օգտագործենք դրանք մեր աշխատանքում,- համոզված է Ի. Մանասարյանը:

Աշխարհում շատ են հայազգի էսթետիկ վիրաբույժները, ընդգծեց գլխավոր բժիշկը: Նրանցից շատերը ծնվել են Հայաստանում, այժմ աշխատում են Ռուսաստանում, այլ երկրներում, գլխավորում են կլինիկաներ, ինստիտուտներ:

Ինչպես նշեց պլաստիկ վիրաբույժների հայկական ընկերակցության նախագահ Արմեն Հովհաննիսյանը , էսթետիկ վիրաբուժությունը, պլաստիկ վերականգնողականի հետ մեկտեղ, Հայաստանում համեմատաբար նոր է, սակայն մրցունակ է: Եթե դիտարկենք տարածաշրջանի կտրվածքով, այսօր Հայաստանը պլաստիկ բժշկության զարգացման առումով առաջատարներից մեկն է, մեր վիրաբույժներն ավելի բարձր կարգի են, քան նախկինում, եւ այսօր մեզանում կատարվում է այդ ոլորտի վիրահատությունների ողջ ընտրանին, փաստեց բժիշկը:

Մենք հրավիրել ենք այս գիտաժողովը, որպեսզի հասկանանք, ինչ նոր բան կա այսօրվա փուլում, հետեւաբար, այդ փորձն ընդօրինակենք, մտքեր փոխանակենք գործընկերների հետ, ասաց Ա. Հովհաննիսյանը:

- Կարեւոր է նաեւ կենսակերպը. մարդիկ ավելի ու ավելի են դիմում մեզ իրենց արտաքինի համար, ելնելով մասնագիտությունից, զբաղմունքից, նրանք ցանկանում են ավելի լավ, երիտասարդ տեսք ունենալ,- նշեց ընկերակցության նախագահը: - Ավելի ու ավելի են դիմում դիետոլոգի. պայքարում են ավելորդ քաշի դեմ, ավելի են դիմում դեմքը բարետես դարձնելու, կնճիռների վերացման հարցով: Ծերացումը գործընթաց է, որը ոչ ոք երբեւէ չի կանգնեցրել, ուստի եւ մարդիկ դիմում են պլաստիկ վիրաբույժի,- հիշեցրեց Ա. Հովհաննիսյանը: -Դրանք իրենց բիզնեսում առաջատար գործարարներ են, լավ բժիշկներ են, այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք ձգտում են ունենալ համապատասխան արտաքին, ավելի լավ տեսք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ