RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 952, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՍԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Վահագնիում բացվեց գուսանի կիսանդրին

Հոկտեմբերի 26-ին դարձյալ տոնական տրամադրություն էր տիրում Վահագնիի Անտոն Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում: «Լոռու ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսությունՙ նվիրված անվանի գուսան Սարգիս Զաքարյանի 90-ամյակին: Հանդիսավարն էր «Հորովել» երգի-պարի համույթի տնօրեն եւ մեներգիչ Արմեն Ներսիսյանը:

Օրվա խորհուրդը ներկայացրեց «Լոռու ձոր» ՀՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Նա հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ սկսվել են Ա. Քոչինյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները, իսկ այդ օրն սկսվում են գուսան Զաքարյանի հոբելյանին նվիրված հանդիսությունները, որոնք կավարտվեն նրա ծննդյան օրըՙ դեկտեմբերի 27-ին: Ս. Երիցյանը նշեց, որ Երեւանում բացվել է Ա. Քոչինյանի կիսանդրին, նրան նվիրված նամականիշ է թողարկվել, իսկ նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվել է Ա. Քոչինյանի հոբելյանը:

«Սարգիս Զաքարյանը մեր ժամանակի գուսանական արվեստի լավագույն ներկայացուցիչներից էր: Նա Լոռվա գուսան էր, բայց նրա ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն վայելեցին ոչ միայն մեր պետությունում, այլեւ նրանից դուրս: Հիշենք նրա երգերըՙ նվիրված Ե. Չարենցին, Հ. Թումանյանին, Սայաթ-Նովային: Նա մարդ-անհատ էր, ով սեր ու պատկառանք էր սերմանում մարդկանց եւ հայրենիքի նկատմամբ: Գուսանն ունի երկու երգՙ նվիրված Ա. Քոչինյանին: Մեզ հաջողվեց գտնել գուսանի երգերի տեքստերը, որոնցից մեկի երաժշտությունը վերականգնեց եւ գործիքավորեց «Հորովելի» գործիքային մասի ղեկավար Էլմիրա Կռոյանը: Մենք այս ընթացքում պատրաստել ենք գիրքՙ նվիրված գուսանի կյանքին եւ գործունեությանը, որի տեսական մասի հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանն է: Գրքում, որը կազմել եմ ես, տպագրվել են նաեւ գուսանի ժամանակակիցներիՙ մտավորականների, ընկերների շուրջ 40 հուշագրություններ: Այդ գրքում տեղ են գտել եւ վերականգնվել են 30 երգեր, որոնց մեծ մասը վերականգնվել են վերջին տարիներին: Մինչ այդ, գիրքը տպագրվելուց առաջ շրջանառության մեջ էր գուսանի շուրջ 10 երգ: Միայն երգերի նոտագրման եւ վերականգնման հսկայական աշխատանք է կատարվել: Այդ գրքի շնորհանդեսը տեղի կունենա եւ՛ Վանաձորում, եւ՛ Երեւանում: Լույս է տեսել նաեւ գուսանի երգարանը, որը կնպաստի նրա երգերի մասսայականացմանը»,- ասաց Ս. Երիցյանը:

Նա դպրոցի տնօրեն Աղունիկ Ներսիսյանին նվիրեց ինչպես գուսան Զաքարյանի մասին գիրքը, այնպես էլ Վլադիմիր Պետրոսյանի «Անտոն Քոչինյանի ժամանակը» գիրքը եւ Ա. Քոչինյանի մասին հուշերի ժողովածուն: Ս. Երիցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ՀՀ Կառավարությանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանինՙ Լոռու մեծերից երկուսիՙ Ա. Քոչինյանի եւ գուսան Զաքարյանի հոբելյանները նշելուն աջակցելու համար:

Գուսան Զաքարյանի արվեստի վերաբերյալ խոսք ասացին եւ նրա մարդկային հատկանիշները բնութագրող հուշեր պատմեցին Վանաձորի պատվավոր քաղաքացի, ՀԿԿ Կիրովականի երկարամյա առաջին քարտուղար Հայկ Օհանյանը, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Լոռու մարզի աշխատանքի եւ պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արտեմ Մանուչարյանը, անվանի բանաստեղծ, մանկագիր, ծնունդով վահագնեցի Լիպարիտ Սարգսյանը, գուսանի ժամանակակից Սեյրան Ղազարյանը, համայնքապետ Պ. Քոչինյանը եւ ուրիշներ:

Ս. Երիցյանը ներկայացրեց Ա. Քոչինյանի եւ գուսան Զաքարյանի կիսանդրիների հեղինակ Սարգիս Ղարիբյանին (Սեւո), ով իր խոսքում երախտագիտություն հայտնեց հոբելյանական միջոցառումների կազմակերպիչներին եւ ասաց, որ պատրաստակամ է կերտել Լոռու բոլոր մեծերի քանդակները եւ հավերժացնել նրանց հիշատակը: Ապա դպրոցի բակում բացվեց գուսանի կիսանդրին: Բացման պատիվն ընձեռվեց Պ. Քոչինյանին եւ Ս. Երիցյանին:

Հանդիսության համերգային մասում գուսան Զաքարյանի երգերի կատարումներով հանդես եկան «Հորովելի» մեներգիչներ Ստեփան Դալլաքյանը եւ Սուսաննա Ջաղինյանը: Ժողովրդական մեղեդիների կատարմամբ հանդես եկավ փոքրիկ դուդուկահար Վահան Սոֆյանը:

Օրեր առաջՙ հոկտեմբերի 22-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի ճեմասրահում բացվել էր Ա. Քոչինյանի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարների եւ արխիվային նյութերի ցուցահանդես: Բացման ժամանակ ՀՀ պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը խոստացել էր ներկայացված ցուցանմուշները նվիրել Վահագնիի միջնակարգ դպրոցին: Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը հանդիսությունից հետո դրանք հանձնեց դպրոցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ