RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 859, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ-ԿՈՉՙ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԳՈՐԳԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

Հ. Ծ.

«Ազգը» արդեն գրել է, որ ցեղասպանությունից վերապրած հայ որբերի ձեռքերով հյուսված եւ 1925 թվին որպես երախտագիտության արտահայտություն Մ. Նահանգների նախագահ Կալվին Կուլիջին նվիրված պատմական գորգը Սպիտակ տան նախնական համաձայնությունից հետո պետք է դեկտեմբերի 16-ից մշտական ցուցադրության դրվեր Սմիթսոնյան ինստիտուտում, բայց հանկարծակի Սպիտակ տունը մերժել էր տրամադրել գորգը ինստիտուտին:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակից (ANCA) ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կոնգրեսականներ Ադամ Շիֆը (դեմոկրատՙ Կալիֆոռնիայից) ու Դեյվիդ Վալադաոն (հանրապետականՙ Կալիֆոռնիայից) իրենց գործընկերների աջակցությունն են պահանջել ստորագրելու մի նամակ, որով կոչ է արվում Սպիտակ տանըՙ վերանայելու հայ որբերի հյուսած պատմական գորգը Սմիթսոնյան ինստիտուտում չցուցադրելու որոշումը: Հիշեցնենք, որ երկու կոնգրեսականները Հայերի ցեղասպանության ճանաչման «H. Res. 227» բանաձեւի գլխավոր հովանավորներն են: Նրանք Սպիտակ տանն ուղղված իրենց նամակ-կոչում նշել են. «Հայ որբերի հյուսած գորգը Ամերիկայի պատմության մաս է կազմում եւ պատկանում է ամերիկյան ժողովրդին: Տասնամյակներ շարունակ ամերիկահայերը ճանապարհներ են որոնել գորգը հանրային ցուցադրության դնելու համար եւ Սպիտակ տան ու պետքարտուղարության թույլտվությունն են խնդրել տարբեր առիթներով: Դժբախտաբար նրանց պահանջը ցարդ չի իրականացվել»:

«Public Radio International» հանրային ռադիոյին տված իր հարցազրույցի ընթացքում «Վաշինգտոն փոստ» թերթի արվեստի մեկնաբան, լրագրող Ֆիլիպ Քեննիկոտը նշել է, որ եթե Սպիտակ տունը ոչ մի բացատրություն չի տվել մերժման վերաբերյալ, ամենայն հավանականությամբ պատճառը Թուրքիայի եւ նրա ժխտողականության հանդեպ Ամերիկայի կառավարության ունեցած հարգալից վերաբերմունքն է: Ըստ Հայ դատի գրասենյակից ստացված հաղորդագրության, ամբողջական հարցազրույցը կարելի է դիտել http://www.anca.org/orphanrug/the world կայքում:

Ըստ նույն հաղորդագրությանՙ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կալիֆոռնիաբնակ հայերի անունից շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին եւ Վալադաոյինՙ ստորագրահավաք կազմակերպելու իրենց նախաձեռնության եւ այն բանի համար, որ նրանք կոչ են արել իրենց գործընկերներինՙ աջակցելու Սպիտակ տունը Անկարայի ցեղասպանությունը ժխտելու զզվելի քարոզարշավի «կապիտուլյացումից» փրկելու ջանքերին:

Արամ Համբարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ կոնգրեսականներ Փալոնին եւ Շերմանին, որոնք նույնպես առանձին հաղորդագրությամբ դիմել են նախագահ Օբամայինՙ վերանայելու Սպիտակ տան դիրքորոշումը հայկական պատմական գորգի ցուցադրությունը խափանելու առնչությամբ:

«Դժվար է բառերով արտահայտել այն խոր հիասթափությունը, որ զգում ենք ականատեսը լինելով այն իրողության, որ Մ. Նահանգների նախագահ Կուլիջին հանձնված պատմական եւ մշակութային մի գանձ փակ դռների հետեւում է մնում որոշ պատմական փաստեր հանրային քննարկման առարկա չդարձնելու Թուրքիայի ցանկության պատճառով», գրել է Ֆրենկ Փալոնը: Նա կոչ է արել «պատմական ճշմարտության եւ անաչառության կողմնակիցը լինել» եւ թույլ տալ Սմիթսոնյան ինստիտուտում ցուցադրել հայ որբերի հյուսած գորգը: «Այլապես առանց պատճառաբանության ցուցադրության արգելումը այն տպավորությունն է թողնում, որ հայերի ցեղասպանության հետ կապված իրադարձությունների քննարկումները անցանկալի են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ