RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1084, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

Ե՞ՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ԻՍԱԿՈՎ-ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսակովի պողոտան եւ Լենինգրադյան փողոցն իրար միացնող նոր ճանապարհի կառուցումը դրական նախաձեռնություն էր, եւ շահագործելուց հետո կթեթեւանա մի քանի առանցքային փողոցների երթեւեկությունը: Այն առանց գումարներ հատկացնելու` կառուցապատողին ճանապարհի կառուցման դիմաց տարածքներ տրամադրելով կառուցելը նույնպես Երեւանի քաղաքապետարանն ու կառավարությունը վատ չէին մտածել: Սակայն այս նույն ճանապարհի կառուցումը վերածվեց մի ամբողջ տանջալից սերիալի Երեւանի երեք խոշոր վարչական շրջանների բնակիչների համար, որոնք հարկադրված են ամեն օր երթեւեկել այդ հատվածով անցնող հասարակական տրանսպորտով:

Նախՙ մեկ տարուց ավելի տեւեց մարզահամերգային համալիրի մոտ կառուցվող ստորգետնյա անցման գոնե վերգետնյա հատվածի կառուցումը: Ընդ որում, կառուցապատող «Սահակյանշին» ընկերությունն այդ ընթացքում, անցյալ տարվա ամռանն առնվազն 2-3 ամիս ընդհանրապես ոչ մի շինարարական աշխատանքներ չէր կատարում, իսկ քաղաքապետարանն էլ ոչ մի բացատրություն չէր պահանջում դրա համար: Մինչդեռ, խցանումներն այդ հատվածում այդ ողջ ընթացքում մշտական էին, օրվա գրեթե բոլոր ժամերին:

Ի վերջո, վերոնշյալ անցման վերգետնյա հատվածը շահագործման հանձնվեց միայն այս տարվա կեսերին: Այդ ժամանակ «Սահակյանշինի» տնօրենը հայտարարում էր, թե մինչեւ սեպտեմբեր ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի: Սա այն դեպքում, երբ ճանապարհն ամբողջությամբ պետք է ավարտված լիներ 2013-ի փետրվարին, ինչի մասին մեր թերթին տրամադրած պաշտոնական պատասխանում հաղորդել էր «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ»-ը անցյալ տարվա դեկտեմբերին: Տարոն Մարգարյանին էլ պարբերաբար զեկուցվում էր, որ աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով: Թե ինչպե՞ս է դա հնարավոր, որ ընթանան սահմանված գրաֆիկով, բայց արդեն 2013-ի նոյեմբերն է եւ ճանապարհը դեռեւս կառուցվում է, քաղաքապետը դարձյալ երբեւեէ չի հարցրել կառուցապատողին: Այլապես, այդ նույն «Սահակյանշինը» իր հայտարարած ճանապարհի կառուցման ավարտի հերթական ժամկետը, որը լրանում է այսօր` նոյեմբերի 1-ին, գոնե պետք է պահպաներ: Ինչպես տեսնում ենք, դա չկա, եւ ճանապարհի կառուցումը լավագույն դեպքում կավարտվի մինչեւ տարեվերջ` այդպիսով 2013-ի փետրվարի փոխարեն` ընդհուպ մոտենալով 2014-ի փետրվարին: Փաստորեն, «սահանված գրաֆիկով աշխատելով», շինարարությունն ավարտվում է 1 տարի ուշացումով:

Սակայն հիմա էլ շինարարները չեն կենտրոնանում մարզահամերգային համալիրի մոտակայքի ստորգետնյա անցումն ու նրան հարակից շրջադարձները առաջնահերթ շահագործելու, այդ հատվածում երթեւեկությունը թեթեւացնելու, ապա նոր ճանապարհի մնացած հատվածները կառուցելու վրա: Եվ այս դեպքում էլ ոչ քաղաքապետը, ոչ մեկ ուրիշ պաշտոնյա չեն կարողանում կամ չեն գլխի ընկնում պահանջել դա կառուցապատողից: Մեզ մնում է միայն մխիթարվել, որ այդուհանդերձ, ճանապարհի կառուցումը շուտով կավարտվի, եւ այդ հատվածի գրեթե երկամյա խցանումներից եւ գերբեռնվածությունից վերջապես կազատվենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ